‘Սերժ Սարգսյանը շնորհավորել է Բարաք Օբամային’

672

Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամային՝ Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Ըստ president.am-ի, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո պարոն Նախագահ,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Ձեր տպավորիչ հաղթանակն ապացուցեց, որ այն ուղին, որը Դուք որդեգրել եք Միացյալ Նահանգներն առաջ տանելու համար, ինչպես նաև Ձեր վարած արտաքին և ներքին քաղաքականությունը, համահունչ են ամերիկյան ժողովրդի մեծամասնության սպասելիքներին:

Մենք շնորհակալ ենք այն աջակցության համար, որը Միացյալ Նահանգները շարունակաբար ցուցաբերում է Հայաստանին: Ինձ մեծապես գոհացնում է այն փաստը, որ Ձեր վերընտրվելը թույլ կտա շարունակելու ակտիվորեն զարգացնել և խորացնել հայ-ամերիկյան հարաբերությունները, որոնք մեր երկկողմ պատմության ողջ ընթացքում այս պահին գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա: Համոզված եմ, որ մեր բազմաբնույթ համագործակցությունը նոր հաջողություններ կարձանագրի առաջիկա չորս տարիների ընթացքում` ի շահ մեր ժողովուրդների:

Մեկ անգամ ևս ընդունեք խնդրեմ, պարոն Նախագահ, իմ ջերմ շնորհավորանքները և լավագույն մաղթանքները»

Նախորդ հոդվածը‘Գործադուլի պատճառով Փոթիի նավահանգստում հայկական բեռներ են կուտակվել ‘
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիայի կառավարությունը համաձայնել է օրինականացնել միասեռական ամուսնությունները ‘