‘Սերժ Սարգսյանը չի այցելի Րաֆֆի Հովհաննիսյանին (թարմացված)’

1004

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Ազատության հրապարակում հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանին չի այցելի։ Այս մասին հայտնում է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության կայքը։

Սերժ Սարգսյանը նաև հայտնել է, որ Հովհաննիսյանին դիմել է նամակով և շատ տարօրինակ պատասխան է ստացել։  Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ներկայում եւս կապ ունի։ Նա գրավոր նամակ է փոխանցել Ժառանգության առաջնորդին, համակարգային փոփոխություններ կատարելու նպատակով առաջարկելով ձեւավորել լայն հասարակական շերտերի մասնակցությամբ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով՝ Րաֆֆի Հովհաննիսյանի նախագահությամբ։ Գրավոր նամակին Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից պատասխանը եղել է նույն գրության վրա դրված խաչը։ Սարգսյանը չի հրապարկում ապագա վարչապետի, եւ նոր կառավարության կազմը, սակայն ամենայն հավանականությամբ, էական փոփոխություններ դրանում չեն լինի, քանի որ կառավարությունը կատարել է դրված խնդիրը՝ 7 տոկոսանոց տնտեսական աճի ապահովում եւ աշխատավարձերի բարձրացում, գնաճի տեմպերից ավելի շատ։   

 Aravot.am-ը հայտնում է, որ Սարգսյանը ներկայացրել է ընտրություններից հետո իր եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման մանրամասները՝ նախօրոք նշելով, որ թե՛ «Ժառանգության» առաջնորդը եւ թե՛ այն մարդիկ, որոնք ներկա չէին հանդիպմանը, այն ներկայացնում էին խեղաթյուրված»: Ըստ Սերժ Սարգսյանի, լրագրողների դուրս գալուց հետո նա հարցրել է՝արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ հաղթել է ընտրություններում եւ ստացել է բացասական պատասխան: Բայց, նախագահի թեկնածուն, Սերժ Սարգսյանի խոսքերով, ավելացրել է, որ իր՝ Րաֆֆի Հովհաննիսյանի թիմակիցները վստահ են, որ չի հաղթել նաեւ գործող նախագահը: «Ժառանգության» առաջնորդն իր վրդովմունքն է հայտնել, որ Սերժ Սարգսյանը շամպայնի բաժակը ձեռքին տոնում էր իր հաղթանակը՝ դեռեւս ընտրությունների պաշտոնական արդյունքները չամփոփած, ինչին գործող նախագահը պատասխանել է, որ առանց շամպայնի շնորհակալություն է հայտնել իր թիմին, երբ ԿԸՀ-ն հայտարարել էր բոլոր տեղամասերից ստացած ոչ պաշտոնական արդյունքները: Դրանից հետո երկու գործիչները քննարկել են ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերը: 

 

Նախորդ հոդվածը‘Խուլիո Իգլեսիասը համերգ ունեցավ Երեւանում (Ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Փարիզում մեկնարկել է Կոկո Շանելին նվիրված ցուցահանդեսը’