‘Սերժ Սարգսյանը «չի բուժվել» սեփական միջոցներով. Խոսնակը հաստատել է «անհեթեթ ասեկոսեները»’

3090

Այսօր հարավկորեական chosun.com կայքը գրել էր, որ Սերժ Սարգսյանը մեկ շաբաթ այցելել է «Չաում» բժշկական և սպա կենտրոն, որտեղ վերականգնողական բժշկական կուրս էր անցել։ Սերժ Սարգսյանն ու իրեն ուղեկցող խումբը ծառայությունների համար 185 հազար դոլար էր վճարել։

Այսօր Epress.am-ը դիմել էր Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանին՝ հետևյալ հարցերով․

— Արդյո՞ք հարավկորեական կայքի տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը:

— Եթե այո, ապա ի՞նչ առողջական խնդիրներ է ունեցել Սերժ Սարգսյանը:

— Արդյո՞ք բուժման ծախսը կազմել է 185 հազար դոլար, ինչպես նշվում է հրապարակման մեջ (եթե ոչ, ապա որքա՞ն է կազմել):

— Ո՞ւմ միջոցներն են ծախսվել բուժման համար, 

 և ստացել հետևյալ պատասխանները.

«Ես բազմիցս հերքել եմ ու կրկին հերքում եմ այն անհեթեթ ասեկոսեները, թե իբր Սերժ Սարգսյանը առողջական խնդիրներ ունի: Դա իրականությանը չի համապատասխանում: Ինչ վերաբերում է ս.թ. հունվարի առաջին կեսին Նախագահի (նկատի ունի Սարգսյանին-խմբ.) արձակուրդի վերաբերյալ հարցերին, ապա ինչպես արդեն նշել ենք, այն կրել է մասնավոր բնույթ, հետևաբար և մանրամասների մասին հրապարակային տեղեկատվություն չի տրվել:

Արձակուրդի ընթացքում, իմ տեղեկություններով, Սարգսյանը առողջապահական կենտրոն էլ է այցելել, սակայն ոչ թե բուժման, այլ կանխարգելիչ առողջարարական նպատակներով: Ձեր նշած գումարը ոչ թե միայն իր, այլ ամբողջ խմբի կողմից ստացած ծառայությունների վճարն է: Սերժ Սարգսյանին մատուցված ծառայությունների վճարն ամբողջի մի մասն է միայն, որը շատ անգամ պակաս է նշված գումարից, և այդ մասի վճարումը կատարվել է նրա անձնական հայտարարագրված միջոցների հաշվին», – ասված է Արման Սաղաթելյանի պատասխանում:

Հիշեցնենք, որ երեք օր առաջ «Ա1+»ի հարցին՝ «Ճի՞շտ են արձակուրդի ժամանակ նրա (Սերժ Սարգսյանի) օրգանիզմում ցողունային բջիջների պատվաստման մասին տեղեկությունները։ Եվ ճի՞շտ են այն լուրերը, որ այս օրերին Սերժ Սարգսյանը կրկին առողջական խնդիրներ ունի», Սաղաթելյանը ընդհանրապես հերքել էր նման լուրերը՝ որակելով դրանք «անհեթեթ ասեկոսեներ»:

Նշենք նաև, որ համաձայն 23.10.2013-ին ներկայացրած հայտարարագրի՝ նրա անձնական միջոցները կազմել են 116 300 000 դրամ կամ մոտ 285 000 դոլար: Եթե հաշվի առնենք նաև Կորեայում «կարճատև» արձակուրդի ընթացքում մնալու ծախսերը, ապա Սերժ Սարգսյանի անձնական միջոցները պետք է որ զգալիորեն պակասած լինեն: Կսպասենք հաջորդ հայտարարագրերին:

Նախորդ հոդվածը‘Էքսկլյուզիվ տեսանյութ. Կորեական հեռուստատեսությունը` Սերժ Սարգսյանի վիրահատության մասին’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի անվտանգությունն արգելել է առաջին օգնություն ցուցաբերել սոցապի աշխատակցուհուն’