‘«Սերժ Սարգսյանը պետք ա պատասխան տա».Արմավիրցի դպրոցականները բողոքում են թանկացումների դեմ (տեսանյութ) ‘

4154

Արմավիր քաղաքի թիվ 4 ավագ դպրոցի աշակերտներն այսօր յուրօրինակ բողոքի ցույց են անցկացրել ընդդեմ թանկացումների՝ դրանցում մեղադրելով իշխանություններին:

Աշակերտները երկար դասամիջոցի ժամին «Լեւոն — նախագահ» վանկարկումներով դուրս են եկել դպրոցի տարածքից: Նրանք ձեռքում պահել են թանկացած մի քանի մթերքների գներով ու «Չենք լռելու» գրություններով պաստառներ: iLur.am-ին հասցեագրված տեսագրությունում դպրոցականները դժգոհում են, որ իրենց սիրած ըմպելիքը՝ կոլան, թանկացել է գրեթե կրկնակի՝ 250 դրամից դառնալով 450 դրամ, իսկ շաքարավազը՝ 600:  «Էն խեղճ կնիկը (հավանաբար նկատի ունեն դպրոցի աշխատակիցներից մեկին) ամբողջ ամիս աշխատում ա, 30 հազար փող ա ստանում, ո՞նց պետք ա յոլա գնա, ձուն թանկացրել են, հացը թանկացրել են, ինչո՞վ ենք ապրելու», — ասում են նրանք:  

«Սերժ Սարգսյանն ա մեղավոր , ինքը պետք ա պատասխան տա էս ամեն ինչի համար», ասում է դպրոցականներից մեկը:

Աշակերտների ցույցին միջամտել են Արմավիրի ոստիկանության աշխատակիցները՝ սպառնալով, որ չդադարեցնելու ու դասասենյակները չգնալու դեպքում տղաներին բաժին կտանեն: Աշակերտները գնացել են դասարան, իրենց պատրաստած պաստառները, սակայն, փակցրել են մոտակա շենքերի պատերին:

Մանրամասները՝ տեսանյութում (հաշվի առնելով իշխանությունների կողմից վերջերս խրախուսվող բռնության դեպքերը, արմավիրցի դպրոցականների դեմքերը տեսանյութում թաքցված են): 

Նախորդ հոդվածը‘Ուորլիք. Մենք կարևորում ենք Գերմանիայի մասնակցությունը խորհրդատվություններին` ԼՂ գործընթացում առաջընթացի հասնելու նպատակով’
Հաջորդ հոդվածը‘Բանկերը ԿԲ-ի դոլարի հանդեպ անտարբեր են մնացել’