‘Սերժ Սարգսյանը պիտի երախտապարտ լինի Դաշնակցությանը եւ «Ժառանգությանը»’

1560

Արարատի «ընտրություններն» արդեն ավարտվել են: Սերժ Սարգսյանի ռեժիմը հերթական անգամ «հաղթել է» ժողովրդին՝ փոքրիկ քաղաքում կենտրոնացնելով համապետական մասշտաբի կեղծարար մեքենան: Պաշտոնական տվյալների համաձայն` Սերժ Սարգսյանի թեկնածուն ԲՀԿ թեկնածուից ընդամենը երեք հարյուր ձայնի առավելություն է ունեցել:

Թվում է՝ այս հարցում հավելյալ ասելիք չկա. ռեժիմն իրեն հերթական անգամ դրսևորել է որպես կեղծարար, հանցագործ, ժողովրդի հակառակորդ: Բաներ, որ հայտնի էին մինչև հիմա էլ: Սակայն այս ընտրությունները մի հետաքրքիր իրավիճակ բացահայտեցին, որին արժե անդրադառնալ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուին ոչ իշխանական՝ ընդդիմադիր քաղաքական ուժերից սատարեց միայն Հայ Ազգային Կոնգրեսը: Խորհրդարանում ներկայացված Դաշնակցությունը եւ «Ժառանգությունը» չգնացին այդ քայլին: Ավելին՝ ըստ հավաստի տեղեկությունների, նրանք աջակցել են ՀՀԿ-ին, մասնավորապես՝ ընտրական հանձնաժողովներում նրանց են տրամադրել իրենց տեղերը։ Որքա՞ն ձայն կունենային այս երկու կուսակցությունները միասին։ Կարծում ենք՝ 300-ից ավելի (իրենք հաստատ կպնդեն ավելի մեծ թիվ)։ Այսինքն՝ եթե նրանք էլ պաշտպանեին ընդդիմադիր թեկնածուին, ապա վերջինս կհաղթեր՝ անկախ գործադրված ընտրակեղծիքների ծավալից։ Բայց սա դեռ միայն թվաբանական գումարումով։ Մինչդեռ հայտնի բան է, որ նման համախմբումը պարզ թվաբանական արդյունք չի ունենում, այլ, մեծապես ազդելով հասարակական մթնոլորտի վրա՝ շատ ավելի մեծ արդյունք է տալիս։

Սերժ Սարգսյանի ռեժիմի յուրահատկությունն այն է, որ բնազդական մի վախով նա մինչեւ վերջ պայքարում է բոլոր բնակավայրերում իշխանությունն իր ձեռքում պահելու համար։ Բնազդական այդ վախը գալիս է, թերեւս, նրանից, որ այս ռեժիմն իրականում զուրկ է սոցիալական որեւէ հենարանից եւ գոյատեւում է միայն որոշակի մեխանիզմների շնորհիվ (կոռուպցիոն համակարգ, ուժային կառույցներ, քրեական աշխարհ, կեղծ ընդդիմություն, վերահսկվող «ազատ» լրատվամիջոցներ, ընտրակեղծարարության կատարելագործված մեքենա եւ այն)։ Նրան թվում է, թե որեւէ թեկուզ ոչ մեծ մի քաղաքում, որեւէ գյուղում ՀՀԿ թեկնածուի պարտվելը կարող է հասարակության աչքում կործանել ՀՀԿ-ի անպարտելիության «լեգենդը» եւ շղթայական ռեակցիայի սկիզբ դառնալ։ Բանական այլ բացատրություն դժվար է գտնել։ Այլապես ինչո՞ւ պիտի խորհրդարանում բացարձակ մեծամասնություն եւ ողջ գործադիր իշխանությունը՝ նախագահի պոստով հանդերձ, իր ձեռքում ունեցող, նաեւ դատական իշխանության վրա  լիակատար վերահսկողություն սահմանած քաղաքական ուժն այդպես մանրախնդիր պայքարի՝ բոլոր համայնքներում «իր մարդը» ունենալու համար։

Բանն այն է, որ Ս. Սարգսյանի ռեժիմն այս կերպ վարվելով՝ չի սխալվում, եւ դրա բացատրությունը վերոհիշյալ՝ իրական սոցիալական որեւէ բազայից, հասարակական որեւէ հենքից զուրկ լինելու գիտակցումն է, շղթայական ռեակցիայից, գլորվող ձնագնդի էֆեկտից վախը։

Այսպիսով, կարելի արձանագրել երեք իրողություն.

Ա) Անգամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում որեւէ համայնքում ընդդիմության հաղթանակը կարող է ՍԿԻԶԲ դառնալ իշխանափոխության։ Դրա հավանականությունը առավել մեծացել է վերջերս՝ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական կատաստրոֆիկ ձախողումների, դրսում եւ ներսում նրա հեղինակության խարխլման պայմաններում, երբ նրա հրաժարականի հարցն օրակարգային խնդիր են համարում բոլորը՝ անկախ այն բանից՝ դա բարձրաձայնում են, թե ոչ։

Բ) Իշխանության պահպանման ռեժիմի մեխանիզմները դեռեւս այնպիսին են, որ այն բավարարում է «հաղթանակ» ապահովելու համար, երբ իր դեմ միասնաբար չեն գործում գեթ հիմնական ընդդիմադիր քաղաքական ուժերը։ Այս հանգամանքը նկատի ունենալով է, որ ընտրություններում Հայ Ազգային Կոնգրեսը նախ հռչակել է իր՝ իշխանության դեմ պայքարող ուժերին չքննադատելու սկզբունքը, ամեն կերպ ձգտել է այդ ուժերի համախմբմանը, իսկ տեղական ինքնակառավարման ընտրություններում պաշտպանել է ոչ հանրապետական թեկնածուներին։

Գ) Արարատ քաղաքի ընտրությունները ընդդիմադիր եւ իշխանական թեկնածուի ձայների չնչին տարբերությամբ ցույց տվեցին, որ ընդդիմադիր ուժերը միասնաբար կարող են հաղթել անգամ այն դեպքում, երբ ողջ ծավարով գործում է իշխանական ընտրակեղծիքների մեքենան։ Ընդդիմադիր թեկնածուին պակասող 300-350 ձայնը հաստատ կապահովվեր, եթե Դաշնակցությունը եւ «Ժառանգությունը» կանգնեին ԲՀԿ-ի եւ Կոնգրեսի կողքին ։

Արարատում ընդդիմության հաղթանակը, վերը նշված նկատառումներով, ծանր հարված կլիներ ռեժիմին։ Այս պահին դա նաեւ կարող էր լինել հենց այն ՍԿԻԶԲԸ, որին հաջորդած գործընթացը ինչ-որ պահի իր մեջ կներառեր Ս. Սարգսյանի օրակարգային դարձած հրաժարականը եւ կավարտվեր Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնմամբ։ Այնպես որ, տվյալ դեպքում, եթե Ս. Սարգսյանը հեթական անգամ փրկվել է, ապա պիտի երախտապարտ լինի Դաշնակցությանը եւ «Ժառանգությանը»։ Նեղ կուսակցական շահերից վեր կանգնելու ամենաշատ կոչեր անող, բոլորից շատ պետականությունից ու ազգային շահերից խոսող այս երկու ուժերը տվյալ դեպքում տուրք տվեցին հենց նույն նեղկուսակցական շահերին՝ գործելով պետականության ու ազգային շահերի դեմ։

Արմեն Հովսեփյան 

Նախորդ հոդվածը‘ՕԵԿ-ական պատգամավորը հրաժարվել է մանդատից’
Հաջորդ հոդվածը‘Ազգային ժողովը մերժեց ԼՂՀ ճանաչման օրինագիծը’