‘Սերժ Սարգսյանը ստում է, կամ նրա եղբայր Սաշիկն ավելի ազնիվ էր ‘

2204

Երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսում՝ պատասխանելով «Ազատություն» ռ/կ-ի հարցին, թե պատրաստվո՞ւմ է, արդյոք, Ս. Սարգսյանը գնալ Ազատության հրապարակ՝ 500.000-ից ավելի ձայն հավաքած եւ հացադուլ անող Ր. Հովհաննիսյանի մոտ` որոշակի առաջարկություններով, Սարգսյանն ասել է.
«Դուք ասում եք, որ 500 հազարից ավելին կանգնած են նրա (Ր. Հովհաննիսյանի) թիկունքին և հրապարակներում են: Ես, ուրեմն, տեսողության հետ կապված խնդիրներ ունեմ և ոչ միայն ես, այլ երևի մեր բնակչության մեծ մասը, որովհետև այնտեղ ես չեմ տեսել ոչ 500 հազար, ոչ 50 հազար: Եվ երբ ասում են, որ ժողովուրդը հրապարակներում է, ինձ համար շատ տարօրինակ է: Միջին հաշվով, այս հանրահավաքներին, որ տեղի են ունենում Ազատության հրապարակում, մասնակցում է 3000 մարդ»:
Այսինքն թե՝ հրապարակում եթե ոչ 500.000, այլ գոնե 50.000 մարդ լիներ, ապա Ս. Սարգսյանը կհամարեր, որ «ժողովուրդը հրապարակում է», ուստիեւ որոշակի առաջարկներով կգնար «Հրապարակի տիրոջ» մոտ՝ բանակցությունների։  Հիմա դա չի անում, քանի որ այնտեղ ընդամենը 3000 հոգի է հավաքվում։
Ս. Սարգսյանը ճիշտ է ասում, որ հրապարակում մոտավորապես այդքան, կամ մի քիչ ավելի մարդ է հավաքվում։
Բայց Սերժ Սարգսյանը ստում է մի այլ՝ շատ ավելի կարեւոր հարցում։
2008 թ. փետրվարյան հետընտրական տասնօրյա հանրահավաքներին մասնակիցների թերեւս նվազագույն թիվն էր 50.000-ը։ Իսկ փետրվարի 26-ին այդ թիվը եթե չհասավ, ապա ընդհուպ մոտեցավ 500.000-ին։ Համենայնդեպս, այդքան տպավորիչ մարդաշատություն Ազատության հրապարակի «հնաբնակները» հիշում են մեկ էլ 1988-ի փետրվարի նույն 26-ին՝ ղարաբաղյան շարժման ամենամեծ հանրահավաքին։ Այսինքն՝ հրապարակում հավաքվել էր շատ ավելի, քան ընդդիմադիր թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի համար արձանագրված (կեղծիքներից հետո) 350.000 ձայները։ Ընդ որում՝ հրապարակում «կենդանի ձայների» կես միլիոնանոց այդ քանակը ի մի հավաքվեց Ս. Սարգսյանի համար ամենաամոթալի, սպանիչ եղանակով.  Հանրապետության հրապարակից Ս. Սարգսյանին «ձայն տված» ընտրողների նույն օրվա հանրահավաքը, ճեղքելով ոստիկանական պատնեշը՝ հորդեց, միացավ Ազատության հրապարակում հավաքվածներին՝ բնության մեջ հնարավոր ամենաակնառու տեսքով ցուցադրելով, թե իրականում ում օգտին է քվեարկել ինքը, եւ ինչպես են կեղծվել ու գողացվել իր ձայները։ Գուցե այն ժամանակ է Սերժ Սարգսյանը «տեսողության հետ պրոբլեմ ունեցել»։
Ահա, այն ժամանակ Ազատության հրապարակում 10 օր շարունակ ունենալով 50.000-ց մինչեւ 500.000 բողոքող ժողովուրդ, ի՞նչ արեց Ս. Սարգսյանը։
Արեց Մարտի 1։
Ու հիմա ստում է նա, թե որեւէ առաջարկով Ր. Հովհաննիսյանի մոտ Ազատության հրապարակ չի գնա, քանի որ, ըստ այնտեղ հավաքվածների քանակի, չի երեւում, թե «ժողովուրդը հրապարակում է»։ Սուտ չխոսելու դեպքում նա պետք է իր ասածին հավելեր՝ «իսկ երբ, իրոք, ժողովուրդը հրապարակում լինի, մենք գիտենք, թե ինչ կանենք՝ մի անգամ էլ Մարտի 1 կանենք»։

Նրա հարազատ եղբայր Սաշիկն ավելի ազնիվ էր, երբ 2007 թվականի աշնանը հայտարարում էր՝ «ո՞նց թե ուզում են իշխանությունը խլել, պետք լինի՝ մի անգամ էլ խորհրդարանը կպառկեցնենք»։

Ա.Գալստյան 

Նախորդ հոդվածը‘Յոհան Կրոյֆ. «Բարսելոնային» իմաստ չունի Նեյմարի վրա փող ծախսել’
Հաջորդ հոդվածը‘Աբդուլլահ Օջալանը գտնում է, որ թուրք-քրդական բանակցություններին պետք է մասնակցեն նաեւ հայերը’