‘Սերժ Սարգսյանը տվել է իշխանափոխության բանալին’

1421

 

Իշխանական քարոզչամեքենան «արևմտամետ» Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միության մեջ մտնելու որոշումը փորձում է արդարացնել ճնշման գործոնով։ «Չար Պուտինը ճնշեց և բարի Սարգսյանը ստիպված տեղի տվեց»,– տարածում են Սերժից ոչ պակաս «արևմտամետ» լրատվամիջոցներն ու «անկախ» փորձագետները։

Այն որ Ռուսաստանից ճնշում եղել է, երկրորդ կարծիք լինել չի կարող։ Բայց դրա մեղավորը ոչ թե ռուսներն են, այլ ՀՀ «նախաձեռնողական» և անմեղսունակ իշխանությունները, որոնք հիմա դեմքներին խելոք արտահայտություն տալով հայտարարում են, թե բա չեք ասի Ղարաբաղի հարց կար։

Իսկ ի՞նչ է, երեք կամ չորս տարի առաջ Ղարաբաղի հարց չկա՞ր, որ հանուն անձնական շահի նետվել էիք ԵՄ–ի հետ ասոցացման հորձանուտը։ Իհա՛րկե, կար։ Այնպես որ, ճնշումների մասին թեզն առաջ քաշելով՝ Բաղրամյան 26–ից խոստովանում են, որ անհեռատես քաղաքականություն են վարել։ Ճնշման մասին պատմություններով Սարգսյանն ու իր շրջապատը, ակամայից, ցույց են տալիս, թե ինչ պետք է անի Հայաստանի հանրությունը՝ իշխանափոխության հասնելու և ստեղծված նվաստացուցիչ վիճակը շտկելու համար։ Նրանք տվել են իշխանափոխության բանալին։

Սերժ Սարգսյանը հասկանում է միայն ճնշման լեզուն։ Նա պարզապես սարսափում է Ազատության հրապարակից, եթե, իհարկե, այնտեղ ոչ թե թատրոն կամ քաղաքական շոու է կազմակերպվում, այլ իրական խնդիրների մասին հնչեցվում։ Նա վախենում է նաև մարդկանց բազմությունից, եթե իհարկե դա իր հետ հանդիպման զոռով բերվածները չեն, որոնց գլխին կարող է փուչիկը պայթել։

Հետևաբար՝ Հայաստանի ապագայով մտահոգ և արժանապատվություն ունեցող բոլոր քաղաքացիներն ու ինքնուրույնություն ունեցող քաղաքական ուժերը պետք է կոնսոլիդացվեն ու ճնշումների միջոցով լուծեն օրակարգային միակ խնդիրը, այլապես Սարգսյանի «նախաձեռնությունները» նորանոր պատուհասների պատճառ կդառնան։

Կորյուն Մանուկյան

www.7or.am   

Նախորդ հոդվածը‘Կասիլյասի վնասվածքը լուրջ չէ’
Հաջորդ հոդվածը‘Կանադայում, երկաթգծի անցակետում, բախվել են գնացքը և ավտոբուսը, կան զոհեր’