‘Սերժ Սարգսյանը «քցում» է ղարաբաղյան իր թիմին ‘

4369

ՀՅԴ-ն, հավատարիմ մնալով իր հարյուրքանիամյա ավանդույթին, կրկին ժողով էր անում փակված վիճակում: Այս անգամ փակվել էին Դիլիջանում:

Ժողովի ավարտին պարզվեց, որ բյուրոյի ճնշող մեծամասնությունը Հրանտ Մարգարյանի գաղափարակիցներն են: Բնականաբար, այս դեպքում կրկին ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ պետք է ընտրվեր Սերժ Սարգսյանի հետ սերտ հարաբերությունների կողմնակից Հրանտ Մարգարյանը, իսկ քաղաքական ներկայացուցիչ՝ Արմեն Ռուստամյանը:

Եւ այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ համառ լուրեր են շրջանառվում, որ դաշնակցականների մեկ շաբաթ տեւած ժողովի հովանավորը Սերժ Սարգսյանի ֆինանսական բուրգի ամենահայտնի հենասյուներից մեկն է եղել:

Մինչեւ վերջ անկեղծ լինելու համար շեշտենք, որ բյուրոյում տեղ են գտել նաեւ պարկեշտ եւ լուրջ գործիչներ, սակայն նրանք առաջիկայում որեւէ կերպ չեն կարող ազդել կայացվող որոշումների վրա: Նրանք այնտեղ են հայտնվել դժգոհող շարքերին մի փոքր մեղմելու համար:

Փաստորեն՝ սպասված պայքարը ՀՅԴ երկու թեւերի միջեւ տեղի չունեցավ: Հրանտ Մարգարյանը Սերժ Սարգսյանի աջակցությամբ եւ մեթոդներով հաղթանակի հասավ: Ավելի պարզ ասած՝ համառ լուրեր են շրջանառվում, որ Հրանտ Մարգարյանը, Սերժ Սարգսյանի անմիջական աջակցությամբ, պարզապես գնել է անհրաժեշտ թվով ձայներ եւ անհրաժեշտ թվով մարդկանց:

Մեկին սուպերմարկետների ցանց են խոստացել, մյուսին՝ այլ պսպղուն առարկաներ: Մի խոսքով, ինչպես ասում են՝ ամեն ինչ շատ ավելի պարզ է, քան կարող էինք ենթադրել:

Այսուհանդերձ, Հրանտ Մարգարյանը, բացի վերոհիշյալ հնարքից, նաեւ գործի է դրել մեկ այլ հնարք: Նա դաշնակցականներին հավաստիացրել է, որ Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածությունների արդյունքում ԼՂՀ հաջորդ նախագահ պետք է դառնա Արթուր Աղաբեկյանը:

Եթե այս տեղեկությունը ճիշտ է, ապա ստացվում է, որ Սերժ Սարգսյանը հիմա էլ գցում է արցախցի իր ընկերներին՝ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, ինչպես նաեւ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանին: Ի դեպ, հավատարիմ մնալով ինքն իրեն՝ նա նրանցից յուրաքանչյուրին գայթակղիչ խոստումներ էր տվել: Հիմա ստացվում է, որ նա նրանց պարզապես «քցում» է իր իսկ ոճով:   

Մի հետաքրքիր դիտարկում եւս՝ ՀՅԴ ղեկավար կազմում Արցախի որեւէ ներկայացուցիչ չի ընտրվել: Փոխարենը երկու ներկայացուցիչ ունի Լիբանանը:

Ահա նման դեմքով էլ ՀՅԴ-ն պատրաստվում է Սերժ Սարգսյանին աջակցել սահմանադրության փոփոխության գործում: Այն, որ Դաշնակցության ղեկավարները, սեփական շահերից ելնելով՝ Դաշնակցությանը ստիպեցին սխալ խաղադրույք կատարել և իրենց բախտը կապել Սերժ Սարգսյանի հետ, ակնհայտ կդառնա ամենամոտ ապագայում: Միայն նշենք, որ շարքային և ոչ շարքային դաշնակցականները դժգոհ են և չեն խորշում իրենց դժգոհությունն արտահայտել ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Իսկ նրանք քիչ թիվ չեն կազմում:   

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. «Բակային» պայքարն ընդամենը սրտահովանք է’
Հաջորդ հոդվածը‘Շերլոկի դերակատարը զղջում է, որ վիրավորել է սևամորթներին’