‘Սերժ Սարգսյանին «ընտրած» գյուղացիների միջև խմելու ջուրը վեճի պատճառ է դարձել’

1550

Արագածոտնի մարզի Եղնիկ և Շղարշիկ գյուղերը խմելու ջրի հավասարաչափ բաշխվածության կապակցությամբ այդպես էլ համաձայնության չեն գալիս: Եղնիկցիների պնդմամբ՝ հերթական անգամ Շղարշիկի գյուղացիների կողմից փակվել է իրենց գյուղը մատակարարող ջրագիծը, ինչի հետևանքով էլ նոյեմբերի 6-ին բնակիչները փակել էին Երևան–Գյումրի ավտոմայրուղու մի հատվածը՝ պահանջելով, որ տարածք այցելեն կառավարության անդամներ՝ գյուղի ջրամատակարարման հարցը վերջնական լուծելու համար: Սակայն, կարծես, այս հարցը կառավարության ուշադրության կենտրոնում չէ: Միջամտել է Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ով, ըստ եղնիկցիների, ելնելով այն հանգամանքից, որ բարեկամներ ունի Շղարշիկ գյուղում,  միշտ էլ այս հարցում բացահայտ կողմնակալություն է դրսևորել: Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ Սաթենիկ Զորյանի հավաստմամբ՝ «Հիմա խնդիրը հսկողության տակ է, և գյուղացիները խոստում տվեցին, որ Շղարշիկի կողմից ջուրը չի փակվի»:
Երկու գյուղերում էլ 2013 թվականի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը մեծ տոկոս է «խփել», իսկ գյուղերը ներառող ընտրատարածքից ԱԺ մեծամասնական կարգով պատգամավոր է ընտրվել Թալինի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Մնացական Մնացականյանը, ով որևէ կերպ չի արձագանքել այս խնդրին: Վերջինիս փոխարեն երեկ հարցով զբաղվում էր Շիրակի մարզի մեկ այլ ընտրատարածքից ընտրված ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:
Եղնիկ գյուղի գյուղապետ Աշոտ Առաքելյանը այսօր iLur.am-ի հետ զրույցում շեշտեց, որ ջրազրկման պատճառով գյուղացիները ստիպված են լինում առվի ջուր խմել, ինչի պատճառով հիվանդություններ են տարածվում: Նա նաև հավելեց, որ կառավարության օժանդանդակությամբ, սակայն, հիմնականում իրենց ուժերով անցկացրել են 2,6 կմ ջրագիծ և ընդամենը հավասարաչափ բաշխում են պահանջում, իսկ շղարշիկցիների՝ «իբր թե իրենց էլ ջուրը չի հերիքում» պնդումը, ըստ Առաքելյանի, իրականությանը չի համապատասխանում:

Նախորդ հոդվածը‘ Պորտուգալիայի մարզիչ Ֆերնանդու Սանտուշը հրապարակել է Հայաստանի դեմ խաղին հրավիրվածների անունները’
Հաջորդ հոդվածը‘ ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 414.70 դրամ/դոլար’