‘Սերժ Սարգսյանին խստիվ արգելվում է խոսել թվերով 2’

1342

Օրերս «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը այսպիսի մի արտահայտություն արեց. «Ճիշտ է՝ աշխատավարձը ցածր է։ Այսօր այլևս Հայաստանում որևէ մի մարդ չի ուզում 150 հազար դրամից մի լումա պակաս աշխատավարձով աշխատել»։ Պետք չէր, հաստատ, պետք չէր կոնկրետ թիվ ասել, առավել ևս Հայաստանում առկա ցածր աշխատավարձերի վերաբերյալ։ Սերժ Սարգսյանը կամ չի տիրապետում լիակատար տեղեկատվությանը, թե ինչ է կատարվում Հայաստանում, ինչը շատ վատ է, կամ էլ տիրապետում է, բայց փորձում է կոծկել այն, ինչը շատ ավելի վատ է։ Հայաստանում որևէ մեկը չի ուզում այլևս 150 հազար դրամից պակաս աշխատավարձ ստանալ, նշանակում է, ըստ Սերժ Սարգսյանի, Հայաստանում նվազագույն աշխատավարձը 150 հազար դրամ է, և մարդիկ շատ դժգոհ են դրանից։ Հատուկ Սերժ Սարգսյանի համար բերենք որոշակի վիճակագրական տվյալներ, որ հետո չասեն, թե «չեք ասել»։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ այսօր Հայաստանում միջին անվանական աշխատավարձը 120 հազար դրամ է։ Շեշտենք՝ անվանականը։ Այսինքն՝ «կեղտոտը»։ 120 հազար դրամ անվանական աշխատավարձ ստացողը իրականում, հարկերը պահելուց հետո, կստանա 107 հազար դրամ։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանի մատնանշած 150 հազար դրամն իրականում 107 հազար դրամ է։ Բայց սա ընդամենը մի աննշան սխալմունք է, եթե հաշվի ենք առնում աշխատավարձերի ամբողջ պատկերը։ ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Սերժ Սարգսյանը երևի տեղյակ չէ ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի՝ Ազգային ժողովում հրապարակած մի քանի ուշագրավ ցուցանիշներից։ Ըստ այդմ՝ Հայաստանում աշխատավարձ է ստանում ընդհանուր առմամբ 470 հազար մարդ։ Խոսքը և պետական, և ոչ պետական աշխատողների մասին է։ Նրանցից 93 հազարը, կամ բոլոր աշխատավարձ ստացողների մոտ 20 տոկոսը, ստանում է մինչև 35 հազար դրամ անվանական աշխատավարձ։ 310 հազար մարդ, կամ բոլոր աշխատավարձ ստացողների 65 տոկոսը, ստանում է մինչև 75 հազար դրամ անվանական աշխատավարձ, կամ Սերժ Սարգսյանի ասած թվի ուղիղ կեսը։ Բա էդ ո՞նց ստացվեց, որ Հայաստանում աշխատավարձ ստացողների 65 տոկոսն աշխատում է 75 հազար դրամից էլ ցածր աշխատավարձով, բայց միևնույն ժամանակ «որևէ մի մարդ չի ուզում 150 հազար դրամից մի լումա պակաս աշխատավարձով աշխատել»։ Ի դեպ, միայն աշխատավարձի դեպքում չէ, որ իրականությունը Սերժ Սարգսյանի պատկերացրած թվի կեսն է։ Նույն հարցազրույցում Սերժ Սարգսյանը մի այլ թվի մասին էլ խոսեց. «… նույնիսկ, եթե Հայաստանից տարեկան 20 հազար մարդ է գնում, դա իրոք, մեզ համար մեծ-մեծ կորուստ է»,– ասել է նա։ Այսինքն, Սերժ Սարգսյանը կարծում է, թե տարեկան Հայաստանից 20 հազարից քիչ մարդ է հեռանում։ Իրականում թիվը կրկնակի մեծ է։ Վերջին առնվազն երեք տարիներին, ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանից տարեկան անվերադարձ հեռանում է 45-55 հազար մարդ։

Այս, մեղմ ասած, անճշտությունների պատճառը, անշուշտ, Հայաստանում առկա իրավիճակը հնարավորինս վարդագույն ներկայացնելու՝ Սերժ Սարգսյանի ցանկությունն է։ Բայց կարո՞ղ է հանկարծ այնպես պատահի, որ Սերժ Սարգսյանն իրոք հավատա, որ Հայաստանում 150 հազար դրամից ցածր աշխատավարձ ստացող այլևս չկա, բոլորը հարստացել են ու չեն ուզում ցածր աշխատավարձով աշխատել։ Կամ կարո՞ղ է Սերժ Սարգսյանը իրոք հավատա, որ Հայաստանից տարեկան ընդամենը 20 հազար մարդ է հեռանում։

Իսկ կարո՞ղ է հանկարծ այնպես պատահի, որ Սերժ Սարգսյանը իրոք հավատա, որ նախագահական վերջին ընտրություններում 862 հազար մարդ քվեարկել է իր օգտին։ Չէ՞ որ այս դեպքում ևս իրականությունը հայտարարված թվի ուղիղ կեսն է՝ լավագույն դեպքում։ Տեսնո՞ւմ եք՝ ինչ է ստացվում, երբ Սերժ Սարգսյանը թվեր է մեջբերում։ Ախր, ասել էինք, չէ՞՝ պետք չէ թվերով խոսել։

Հայկ Գևորգյան

«Հայկական ժամանակ»

P.S. Կարող եք ընթերցել նաև «Սերժ Սարգսյանին խստիվ արգելվում է խոսել թվերով» հոդվածը:

Նախորդ հոդվածը‘«Երկաթյա տրամաբանության» մրցանակաբաշխություն (լրացված)’
Հաջորդ հոդվածը‘Սելիմի լեռնանցքում եւ Գորիսի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց ‘