‘Սերժ Սարգսյանի անդառնալի կորուստները’

3002

Երբ լսում ենք ընտրություն, ընտրակեղծիք, վերարտադրություն և նմանատիպ այլ հասկացությունների մասին, պատկերացնում ենք իշխանությունների կողմից ժամանակ առ ժամանակ իրականացվող որոշակի գործողություններ, որոնք թույլ են տալիս վերջիններիս պահպանել սեփական դիրքերը, շարունակել պետության վարչական և ֆինանսական ողջ ռեսուրսի վերահսկման և սեփական հարստացմանը ծառայեցնելու պրոցեսը: Սակայն շատերն ունեն այն թյուրընկալումը, թե իբր իշխանության պահպանումը հեշտ է տրվում հանցագործներին և որոշակի դժվարությունների հաղթահարումից հետո ոչ մի բացասական հետևանք չի ունենում նրանց համար: Իսկ իրականում, հետևանքները հաճախ լինում են շատ ծանր և անդառնալի, որոնք թեկուզ և դանդաղ, բայց քայքայում են ռեժիմի բրգաձև համակարգը:

Երբեմն մենք մոռանում ենք, որ ընտրությունները, եթե անգամ դրանք անկացվում են ժողովրդավարության բարձր մակարդակ ունեցող երկրներում կապված են մեծագույն ֆինանսական ծախսերի և բավականին բարդ աշխատանքային պրոցեսների հետ, որոնք շատ հաճախ անխուսափելիորեն որոշակի բացասական ազդեցություն են ունենում թե՛ տնտեսության և թե՛ հասարակական տրամադրությունների վրա: Ընտրություններից հետո կյանքը բնականոն հուն վերադարձնելու նպատակով կրկին ծախսվում են բավականին մեծ քանակությամբ ռեսուրսներ: 

Իրավիճակը իշխանությունների, իսկ ավելի ճիշտ՝ իշխանությունը բռնազավթողների համար շատ ավելի բարդ է, երբ խոսքը վերաբերվում է, մեղմ ասած, ժողովրդավարությանբ առանձնապես աչքի չնկնող Հայաստանին: Այստեղ արդեն իշխանության ղեկին հայտնվածներն իրենց դիրքերը պահպանելու նպատակով օգտագործում են ոչ միայն պետական, այլ նաև սեփական ռեսուրսները: 
Եվ իսկապես, Հայաստանյան ընտրությունների ընթացքում հանցագործները ոչ միայն պետք է հոգան սեփական թեկանծուի կամ թեկնածուների, այլ նաև արհեստական մրցակցություն ցույց տալու և իրական հակառակորդի ձայները փոշիացնելու նպատակով «աճեցվող ընդդիմադիրներ»-ի ծախսերը: Ինչպես նաև մեծածավալ ֆինանսական և վարչական ռեսուրսների ներդրումներ են պահանջում մրցակիցների վերաբերյալ սուտ, վարկաբեկիչ տեղեկատվության տարածումը, ընտրակաշառքի բաժանումը, արհեստական ընդդիմադիրների և սեփական հավաքների բազմամարդության ապահովումը, ողջ իրավապահ համակարգը որպես ահաբեկման մեքենայի օգտագործումը, միջազգային ասպարեզում լուրջ խնդրներ ունենալու հաշվին քաղաքացիների իրավունքների ոտնահարումը, քաղաքական հետապնդումների իրականացումը, բռնությունների կիրառումը:

Սա մի լարված, մեծ ներդրումներ և կազմակերպված աշխատանք պահանջող գորընթաց է, որը պետք է միամիտ լինել կարծելու համար թե հեշտությամբ է տրվում իշխանությունը բռնազավթած խմբավորմանը: Սակայն այս խնդիրները վերջիններիս համար լուրջ մտահոգության տեղիք են տալիս այն ժամանակ, երբ ժամանակային առումով տևում են ավելի երկար, քան նախատեսված էր՝ պահանջելով ֆինանսական և վարջական ռեսուրսի անդադար օգտագործում հանրային հուզումները զսպելու նպատակով: 

Այսպիսի մի անդադար, փակուղային գործընթաց մեկնարկել է 2007 թ.-ից: Համապետկան կարևորության գործընթացները արագորեն հաջորդում էին մեկը մյուսին: Մեկ՝ իշխանությունների համար հյուծիչ գորընթացը չավարտված անմիջապես մեկնարկում էր հաջորդը՝ հնարավորություն չտալով Սերժ Սարգսյանին ազատ շունչ քաշել: 
Եվ այսպես՝ 2007 թ. վերջին Լևոն Տեր-Պետրոսյանը անսպասելիորեն վերադարձավ քաղաքականություն, ինչը սկիզբ դրեց իշխանական համակարգում մինչև այժմ էլ չդադարած լարվածությանը: 2008թ. նախագահական ընտրությունների քարոզարշավը է՛լ ավելի լարեց իրավիճակը, այստեղ երևացին համաժողովրդական ընդվզման առաջին նախանշաններն ու ռեժիմի անկանոն ու խուճապային գործելակերպը: Նույն 2008թ.-ին՝ քվեարկության օրը Լևոն Տեր-Պետրոսյանի հաղթանակը իսկական իրարանցում առաջացրեց սարգսյանաքոչարյանական թիմում՝ ստիպելով նրանց առանց հետևանքների մասին մտածելու գնալ բացահայտ բռնությունների ու կեղծիքների: Իսկ արդեն ետընտրական զարգացումները, Մարտի 1-ին իրականացված սպանդը հասցրեցին լարվածությունը գագաթնակետին և ռեժիմը ստիպված էր ներդնել ողջ համակարգի ջանքերը հանուն իշխանության պահպանման:

Այս իրադարձություններից հետո համաժողովրդական պայքարը ոչ մի օր չդադարեց՝ քուն ու դադար չտալով իշխանություններին, ստիպելով նրանց ավելի ու ավելի մեծ ռեսուրսներ ծախսել ժողովրդական ճնշմանը դիմակայելու համար: Հինգ տարիների ընթացքում այս խնդրի լուծման համար նրանք գնացին ամենաաներևակայելի քայլերին: Իրականացվեցին բռնություններ, ահաբեկումներ, բանտարկություններ, քաղաքացիների հիմնարար իրավունքների և ազատությունների խաղտումներ, ինֆորմացիոն բլոկադա, ինֆորմացիոն հոսքերի վերահսկողություն, ընդդիմության պառակտման փորձեր, նոր ընդդիմության ստեղծման փորձեր և այլն: Հարկ է շեշտել, որ Սերժ Սարգսյանի ռեսուրսների զգալի քայքայմանը մեծապես նպաստեցին 2011 թ.-ի իրադարձությունները. Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքային հզոր ալիք, ժողովրդի պահանջների կատարման պարտադրում, երկրում ձևավորված երկիշխանություն, երկխոսության պարտադրում, ջրբաժան: Արդյունքում՝ դրանց հետևանքները չլուծած նախագահի աթոռին հայտնվածի թիմը ստիպված եղավ մտնել մի նոր ճակատամարտի մեջ: Մեկնարկեցին 2012թ. Խորհրդարանական ընտրությունները: Այստեղ լարվածության և ռեսուրսների վատնման պատճառ դարձան Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծության հետևանքները, ինչպես նաև կրկին կիրառված ընտրակեղծիքները, ընտրակաշառքի բաժանումը, ապատեղեկատվության տարածումը, ընդդիմության պառակտման և երրորդ ուժի ձևավորման փորձերը: 

Իսկ 2013թ. նախագահական ընտրություններն ինչքն էլ որ աչքի չընկան իրենց լարվածությամբ, բայց միևնույնն է կայացան իշխանությունների գործադրված ջանքերի գնով: Արդյունքում ապահովվեցին ֆարս-ընտրությունները, դրանք հիմնովին կեղծվեցին, իրականացվեցին ժողովրդական ընդվզման զսպմանն ուղղված տարատեսակ գործողություններ, կրկին մեծացավ լարվածությունը: Եվ այս անգամ ևս ոչ մի նախանշան դեռևս չկա, որ այս լարվածությունը կգնա դեպի մարում: Հակառակը՝ ամենայն հավանականությամբ, այն կարող է հասնել իր բարձրակետին գալիք Երևանի ավագանու ընտրություններին: Այդ բավականին կարևոր, գրեթե համապետական նշանակություն ունեցող ընտրություններն արդեն սարերի ետևում չեն, իսկ ռեժիմը կրկին ժամանակ չունի շունչ քաշելու և ծախսված ռեսուրսները վերականգնելու: Իսկ անդադար մրցավազքն օր-օրի շնչահեղձ է անում համակարգին: Այսպիսի երկարատև լարվածությունը կամաց-կամաց քայքայում է Սերժ Սարգսյանի գլխավորած բուրգը, որը իր աթոռը պահելու համար այնքան ֆինանսական, վարչական, մարդկային, հոգեբանական ռեսուրս է ծախսում, որ շուտով կարող է իշխանությունը պահելու իմաստը ընդհանրապես կորել:

Հ.Գ. Սերժ Սարգսյանի համար մտահոգիչն այն է, որ իշխանության ղեկին հայտնված խմբավորումն այսօր ունի վեց տարի չհաղթահարված քաղաքական լարվածություն, հյուծված համակարգ և կրկին ընտրույթուններ: Այս պայմաններում Երևանի ավագանու ընտրություններն կարող են իսկապես վճռական լինել: Հայաստանի ապագայով մտահոգ քաղաքական և քաղաքացիական միավորների ուժերի գերլարման և կազմակերպված աշխատանքի իրականացման արդյունքում հնարավոր կլինի Սերժ Սարգսյանին զրկել Երևանից: Սա կարող է դառնալ երկարատև պատերազմի վերջնական, կործանիչ հարվածը ռեժիմի դիրքերին:

Արեգ Գևորգյան

Նախորդ հոդվածը‘Ասկերանում քաղաքապետ են ընտրում’
Հաջորդ հոդվածը‘Դժվարանցանելի է Սելիմի լեռնանցքը’