‘Սերժ Սարգսյանի ապահով Հայաստանը առանց հայերի Հայաստանն է’

1802

Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի առանձնազրույցի գաղտնալսումը և հրապարակումը Հայաստանում քաղաքացիների անպաշտպան լինելու ևս մեկ ապացույցն էին: Այն մարմինները , որ պարտավոր էին անմիջապես զբաղվել պատասխանատուների բացահայտմամբ,  որևէ արձագանք չտվեցին տեղի ունեցածին, եթե միայն հաշվի չառնենք անգործության տգետ արդարացումները:

Գաղտնալսման հրապարակումից մեկ օր անց դատախազությունը հայտարարում է, որ քրեական գործ չի հարուցի, քանի դեռ Լևոն  Զուրաբյանը իրենց չի դիմել, իսկ ԱԱԾ-ն հանդես է գալիս մի հայտարարությամբ, որով հերքում է ձայնագրության հետ իր կապը: Այնինչ, եթե մենք ապրեինք օրենքի երկրում, ապա հայտնի ձայնագրության՝ YouTube-ում հայտնվելու հենց հաջորդ րոպեից ամբողջ իրավապահ համակարգը պետք է ոտքի հանվեր ու զբաղվեր հանցագործությունը իրականացնողների որոնմամբ: Սա է միակ ադեկվատ, համաչափ գործողությունը, որ պետք է իրականացվի պատգամավորների նկատմամբ ոտնձգության պարագայում: Ի՞նչ իրավունք ունեն իրավապահ մարմինները ՀՀ ԱԺ պատգամավորներին դիտարկել որպես ուղղակի անձանց, որոնց նկատմամբ  ոտնձգության վերաբերյալ քրեական գործ պետք է հարուցվի միայն նրանց հանցագործության մասին դիմումի հիման վրա: Մի՞ թե հասկանալի չէ, որ պատգամավորը մանդատը ստանալու պահից ի վեր ոչ թե անձ է, այլ, առաջին հերթին՝ պետական ինստիտուտ, որը ներկայացնում է հազարավոր քաղաքացիների շահերը: Նա պետության մի մասնիկն է, և նրա նկատմամբ ոտնձգությունները պետք է դիտարկվեն միմիայն ազգային անվտանգության շրջանակներում և պիտի պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ: Եթե անգամ պատգամավորը թքած ունի իր նկատմամբ տեղի ունեցած ապօրինության վրա, ապա պատկան մարմինները ոչ մի վայրկյան ձեռքները ծալած նստելու իրավունք չունեն: Սա մեր պետության անվտանգության հարցն է:

Երբ այսպիսի հանցագործություններից պաշտպանված չեն անգամ պատգամավորները, ապա անվտանգության ի՞նչ երաշխիքներ կարող են ունենալ հասարակ քաղաքացիները: Մեղավորները պետք է գտնվեն ու պատժվեն, առաջին հերթին, հենց այս մտահոգությունները փարատելու համար: Հակառակ դեպքում՝ էլ, եթե նա չի կարող սեփական քաղաքացիներին անվտանգության երաշխիքներ տրամադրել, ինչի՞ համար է պետությունը, որտեղ խախտվում են ոչ միայն քաղաքացիների, այլ նաև պետական ամենապաշտպանված պաշտոնյաների իրավունքները:

Հ.Գ. Սերժ Սարգսյանն ու նրան ծառայող համակարգը ամեն ինչ անում են, որ քաղաքացին Հայաստանում իրեն ապահով չզգա և ուղղակի հեռանա Հայաստանից՝ ապահով ապաստան գտնելու: Հայաստանն առանց հայերի՝ սա է Սերժ Սարգսյանի խոստացած ապահով Հայաստանը:

Արեգ Գևորգյան

Նախորդ հոդվածը‘Արսեն Վենգեր. Շատերի պատասխանը տվեցինք’
Հաջորդ հոդվածը‘Լեբեդեւը պաշտպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը. Մենամարտի տեսագրությունը’