‘Սերժ Սարգսյանի դատապարտված վա բանկը ‘

6803

Ավարտվել է ՀՀԿ Խորհրդի նիստը, որտեղ Սերժ Սարգսյանը հանդես է եկել «ծրագրային» ելույթով: Ծրագրային ելույթն այդ իրականում նվիրված է եղել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:

Ընդ որում, փորձելով տեքստում իբր թե հանդարտություն ցուցաբերել, ու հանդես գալ ուժեղի դիրքերից, Սարգսյանն իր ամբողջ ելույթը կառուցել է ներքաղաքական հնարավոր զարգացումներից վախեցած սովորական ոչ լեգիտիմ «նախագահի» դիրքերից: Սա իր քաղաքական վախճանը կանխազգացող գործչի մի ելույթ է, որը ցույց է տալիս, որ անգամ ինքը`Սարգսյանը հասկանում է, որ իր` իշխանությունից հեռանալու գործընթացը մտել է վերջնական փուլ:

Սա դատապարտվածի, քաղաքական գործընթացներում այլեւս առողջ քայլի անընդունակ գործչի ելույթ է:

Սարգսյանն իր ելույթում այսպիսի «սպառնալիքներ» է հնչեցրել.

1. «Այսօր իմ հրամանագրով Գագիկ Ծառուկյանը կազատվի Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից: Երկրի անվտանգության բարձրագույն մարմինը կինոթատրոն չէ, որ ով երբ ցանկանա գա, երբ չցանկանա՝ չգա:

2. 2013-2014թթ. ՀՀ ԱԺ գումարած 145 նիստերից Գագիկ Ծառուկյանը մասնակցել է միայն 4-ին: Եթե նա այդ աստիճանի արհամարհում է իր ընտրողներին և Ազգային ժողովի դերը, մենք դրա իրավունքը չունենք. մենք պատասխանատու ենք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների համար: Մեր պատգամավորները վաղվանից կնախաձեռնեն նման անհեթեթ վիճակին վերջ տալու համար անհրաժեշտ քայլերը:

3. Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած, «բարեգործության» անվան տակ քողարկելու մասին: Ես հորդորում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ հանձնարարել համա պատասխան մարմիններին մինչև վերջ ու մանրամասն ստուգել այս լուրերի իսկությունը և բաց ներկայացնել բոլորին:

4. Շարունակում են նաև օդում կախված մնալ բազմաթիվ քրեական հանցագործություններ պրոֆեսիոնալ կերպով քողարկելու մեխանիզմ հիմնելու մասին չստուգված լուրերը: Վաղը ես հրավիրելու եմ Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ մեր իրավապահների հետ համապատասխան անդրադարձ կլինի, թե ինչպես վարվել նման լուրերի հետ:

Վերջում ասեմ, որ խոսքս ամբողջությամբ Գագիկ Ծառուկյան քաղաքական կամ կեղծ-քաղաքական երևույթի մասին էր: Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի և գործարար, ես նրա հետ կապված որևէ խնդիր չեմ տեսնում, եթե, իհարկե, հիմնավորապես հերքվեն օրենքի հետ խնդիրներ ունենալու մասին բոլոր լուրերը»:

Սրանով կարելի է արձանագրել, որ Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնը շփոթելով գողական «ռազբորկաների» կազմակերպչի հետ` ըստ էության, իրեն հոգեհարազատ ոճով փորձում է քաղաքական գործընթացներն ամբողջությամբ տանել գողական բարքերի միջավայր: Բայց վստահաբար կարելի է ասել, որ հաշվի առնելով եւ ժողովրդի վերաբերմունքը Սերժ Սարգսյանի ռեժիմին, եւ ստղծված ներքաղաքական իրավիճակն ու ուժերի բալանսը` Սարգսյանը դատապարտված է:

Նախորդ հոդվածը‘Մանրամասներ Տիգրան Սիմոնյանի մահվան հանգամանքների վերաբերյալ. Ձերբակալվել է սպա’
Հաջորդ հոդվածը‘Վաղը Գագիկ Ծառուկյանը կանդրադառնա ներքաղաքական իրավիճակին ‘