‘
Սերժ Սարգսյանն այսօր Երեւանում մասնակցել է Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի նախարարական գագաթնաժողովի և Բոլոնիայի քաղաքականության չորրորդ ֆորումի բացման արարողությանը: Նա ելույթ է ունեցել կրթության կարեւորության մասին: «Հայաստանյան կրթական մշակույթը, որը սկիզբ է առել հնագույն ժամանակներից՝ որպես իր դարավոր պատմության անքակտելի մաս, մշտապես աշխարհին է ներկայացել իր նվաճումներով… Կրթությունն այն հիմնասյունն է, որի վրա կառուցվում են գիտելիքահենք հասարակությունները» , — իր ելույթում ասել է Սերժ Սարգսյանը՝ մարդ, որն իր հրապարակային գործունեության ողջ ընթացքում ապացուցել է հակառակը:
Մարդ, որի գլխավորած քաղաքական ուժի իշխանության տարիներին տգիտությունը, անկրթությունն ու ցածրաճաշակությունը ոչ միայն չեն խանգարում, այլեւ շատ դեպքերում օգնում են սողոսկել իշխանության ամենաբարձր օղակներ եւ զգալի հարստություն կուտակել:
Եվրոպական երկրների պաշտոնյաների առաջ Սերժ Սարգսյանը նաեւ ասել է. «Կրթությունն ինքնանպատակ չէ, այն կոչված է ծառայելու համամարդկային արժեքներին ու նպատակներին»:
Սա ասել է մի մարդ, որը իշխանության է եկել՝ օգտագործելով մարդկային բնության ամենաարատավոր հատկանիշներն ու ամենաստոր բնազդները՝ կաշառելով, վախեցնելով ու ահաբեկելով հասարակությանը: Ընտրությունների ժամանակ նրա եւ նրա ղեկավարած կուսակցության համար «աշխատել են» քրեական անցյալ ու ներկա ունեցող բաշիբոզուկները, «յոթ ծովի մերան» կնանիք, թաղի անբաններն ու կաշառված լրատվամիջոցները:
Բավական է միայն բացել ԱԺ պաշտոնական կայքում զետեղված՝ ՀՀԿ խմբակցության պատգամավորների ցանկը, եւ կարելի է համոզվել, թե իրականում որքան է այդ կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը կարեւորում կրթված մարդկանց: Այս ցուցակում տեղ են գտել Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո), Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր), Առաքել Մովսիսյանը (Շմայս), նախկին գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը եւ այլք, որոնց կրթվածության բարձր մակարդակը կարելի է վերհիշել՝ անցնելով բերված հղումներով:
Իսկ ի՞նչ ասես վունդերքինդ-քաղաքապետ Տարոն Մարգարյանի մասին, որը հասցրել է 21 տարեկանից ի վեր տարբեր պետական ու համայնքային պաշտոններ զբաղեցնել, միաժամանակ՝ հաջող ձեռնարկատիրական գործունեություն ծավալել ու մի քանի տասնյակ միլիոն դոլար կուտակել, եւ դրանով չբավարարվելով՝ տնտեսագիտական աշխատություններ ստեղծել: Ո՞վ չի հիշում նրա թեկնածուական թեզի պաշտպանության օրը, երբ գիտության նվիրյալ երիտասարդների բազմությունը Սաքուլիկի գլխավորությամբ հերոսական պայքարում ետ մղեց վայրագ լրագրողների հարձակումն իրենց սիրած գիտնականի դեմ:
Սերժ Սարգսյանի կամքով «հնագույն կրթական մշակույթ ունեցող» երկրի երկրորդ եւ երրորդ դեմքեր են դարձել Գալուստ Սահակյանն ու Հովիկ Աբրահամյանը (մականունը՝ Մուկ): Առաջինն արժանիորեն համարվում է հայ քաղաքական դատարկաբանության նահապետը, իսկ երկրորդն ազնվորեն հավատում է, որ «քաղաքական գործիչ լինելու համար շատ խելք պետք չի»: Աբրահամյանն իր ենթակաների ու հասարակ քաղաքացիների հետ խոսում է առավելապես «դու»-ով, իսկ երբ «ջղայնացնում են», հեշտությամբ անցնում է «արա»-ի: Հատուկ թուլություն ունի օտար լեզուների նկատմամբ:
Օտար լեզուներով ելույթների սիրահար է նաեւ ինքը՝ դիպլոմով բանասեր Սերժ Սարգսյանը: Իսկ գրական հայերենով նախընտրում է խոսել միայն այն ժամանակ, երբ ձեռքի տակ թուղթ կա: Մնացած դեպքերում նա կա՛մ խուսափում է հրապարակային շփումներից , կա՛մ հասարակությանն ուրախացնում է «էկել ես, որ ինչ անես», «տենց եք անում, որ խիյարը թարս ա բուսում», «իյա, իրո՞ք», «ինչքան ուզեմ, էնքան էլ խփեմ» արտահայտություններով:
Պանդուխտ Արարատյան
‘