‘Սերժ Սարգսյանի հանդիպումը պարտխոզակտիվի հետ’

1028

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը «մամուլի բարեկամն» է՝ նախագահական նստավայրում տեղի ունեցած միջոցառումը կարելի ոչ թե ասուլիս, այլ պարտխոզակտիվի փակ նիստ համարել։

Նիստի ժամանակ ՀՀԿ ղեկավարը մի փոքր մուննաթ եկավ գաղջ մթնոլորտի մասով, ինչպես նաև որոշ գնահատականներ ու մեկնաբանություններ ներկայացրեց ներքին ու արտաքին քաղաքական թեմաներով։ Անդրադառնանք դրանցից մի քանիսին։

1.Րաֆֆի Հովհաննիսյանի մասին

«Եթե հանկարծ ինչ-որ մի հրաշքով այդպիսի հնարավորություն լինի, և մենք Ձեզ հետ անցկացնենք նախագահական ընտրություններ, և ինչ-որ մի հրաշքով Դուք տանեք ձայների 55 տոկոսը, մնացած 45 տոկոսը ես կարո՞ղ եմ տանել: Ասաց՝ այո: Ասացի՝ այդ դեպքում, ես կարո՞ղ եմ ընդհանրապես մի 20 հազար մարդ հավաքել Ազատության կամ Հանրապետության հրապարակում: Ասաց՝ այո: Ասացի՝ դա 4 անգամ ավելին է, քան այսօր դու ես հավաքել: Այդ դեպքում, ես էլ կհավաքեմ այդ 20 հազար մարդկանց և կասեմ՝ եթե Րաֆֆի Հովհաննիսյանն իր 37 տոկոս քվեներով նոր ընտրություններ պահանջեց և անցկացրեց, ապա ես էլ եմ պահանջում նոր ընտրություններ»,–Րաֆֆիի հետ իրենց զրույցի մանրամասներն էր պարտխոզակտիվին ներկայացնում Սերժ Սարգսյանը։

Ըստ Սերժի՝ Րաֆֆին ընդունել է իր այս փաստարկների հզորությունն ու անցել արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմային։ Նկատենք, սակայն, որ «Ժառանգության» ղեկավարն իզուր է վախեցել Հանրապետության հրապարակում Սերժի կազմակերպելիք հանրահավաքից։ 2008–ին ՀՀԿ ղեկավարը մի այդպիսի փորձ արեց, և այդ փորձը փորձանք բերեց նրա գլխին. մարդիկ Հանրապետության հրապարակից գնացին Ազատության հրապարակ։ Հետևաբար՝ Րաֆֆին պետք է ասած լիներ հետևյալը. «Սե՛րժ, խնդիր չկա, եթե 45% տոկոս  տանես կամ «խփես» ու այդ պարտությունից հետո կարողանաս շուրջդ 20 հազար մարդ հավաքել, ապա ես հրաժարական կտամ ու կճանաչեմ քո հաղթանակը»։ Միևնույն է, իր հավաքած 20 հազարը Րաֆֆու կողմը կանցներ։ Բացի այդ՝ Սերժը իշխանությունը կորցնելուց հետո ոչ թե 20 հազար, այլ նույնիսկ 20 մարդ չէր կարողանա հավաքել, եթե, իհարկե, չենք հաշվում հարազատներին (բացառությամբ փեսա Միշիկի, քանզի նա Սերժի «հանրահավաքների» օրերին արդեն Վատիկանում կլիներ)։ Այնպես որ, Րաֆֆին «տակ» է տվել «բազառը»։

Ինչ վերաբերում է ՀՀԿ–ի հետ միասնաբար արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելուն, ապա Րաֆֆիի այդ առաջարկի մեջ կարելի է նաև դրականը տեսնել։ Միգուցե «Ժառանգության» ղեկավարն ուզում է ՕԵԿ–ին «ֆուկ» անել և ի՞նքը դառնալ ՀՀԿ–ի «Արուսը»։ Եթե հարցին նայում ենք ՕԵԿ–ին իշխանական կերակրատաշից հեռացնելու և այդպիսով Արթուր Բաղդասարյանին 2008թ. համար պատժելու տեսանկյունից, ապա իրավատերը ժողովրդահաճո առաջարկ է արել։ Այլ հարց է, որ Սերժը չի ընդունել Րաֆֆու հակաօրինացական «զամաշկեքը»։

2.Հայաստանի խորհրդայնացման մասին

«Որևէ մեկն այսօր ճշգրտությամբ չի կարող ասել՝ եթե Հայաստանը չխորհրդայնանար, ի՞նչ կլիներ մեր ճակատագիրը»,–Կևերկովից տարանջատվելուց հետո հայտարարեց Սերժ Սարգսյանը։

Ով ով, բայց դաշնակցական լրատվամիջոցի դաշնակցական ներկայացուցիչն այդ ձևակերպումը լսելուց հետո կա՛մ պետք է «թռներ» Սերժի դեմքին, կա՛մ լքեր նիստը։ Մինչդեռ միջոցառումն ընթացավ առանց հոգեբանական էքսցեսների։

3.Կառավարության մասին

«2012թ. արդյունքներով մեր տնտեսական աճը կազմել է 7,2 տոկոս։ …Հիմա ես ո՞ր բարոյական իրավունքով կանչեմ այդ կառավարությանը և ասեմ՝ գնացեք հրաժարական տվեք»,–կառավարության կազմի փոփոխությանը վերաբերող հարցին ի պատասխան՝ նշեց պարտխոզակտիվի նախագահը։

Սերժ Սարգսյանը, փաստորեն, կառավարության փոփոխության հարցը քաղաքականից ու տնտեսականից տեղափոխում է բարոյական հարթություն։ Շա՛տ լավ։ Այդ դեպքում հետաքրքիր է՝ ո՞ր բարոյական իրավունքովկառավարությունը հրաժարականի չուղարկվեց այն ժամանակ, երբ խոստացվել էր 9% իրական տնտեսական աճ, սական ՀՀ դրամով հաշված՝ ունեցանք 14,4% անկում, իսկ դոլարով՝ ավելի քան 30%։

Եթե աճ ապահովածին չի կարելի փոխել, ապա նույն տրամաբանությամբ աշխարհում ամենամեծ անկումներից մեկն ապահովողին պետք էր վռնդել, ինչը չարվեց։ Չնայած մյուս կողմից էլ Սերժը ճիշտ է։ Ի՞նչ տարբերություն, թե ով կկատարի Բաղրամյան 26–ի հրահանգներն ու կապահովի «ատկատները»՝ Տիգրան Սարգսյա՞նը, թե՞ Սարգիս Տիգրանյանը։

Գլխից է պետք բռնել, խոշորների՛ն։

4.ԼՂՀ խնդրի և աշխատանքային կարգապահության մասին

«Իշխանության մեջ գտնվողը չի կարող ասել, որ մենք պետք է ճանաչենք ԼՂՀ անկախությունը: Ես 10 րոպե հետո նրան աշխատանքից կազատեմ»,– դեմքի մարտական արտահայտությամբ հայտարարեց «բարի» մարդը։

Իսկ քանի՞ րոպեից պետք էր աշխատանքից հեռացնել այն պաշտոնյային, ով հայտարարում էր, թե ես կմեկնեմ Թուրքիա ֆուտբոլ դիտելու, եթե ունենանք բաց սահմաններ կամ լինենք բացման նախաշեմին, սակայն մենք ո՛չ բաց սահման ունենք, ո՛չ դրա նախաշեմին ենք։

5.Մաքսային միությանն անդամակցելու մասին

«Մի հավատացեք բոլոր այն մարդկանց, հանդես գան նրանք լրատվամիջոցներում, թե հանրահավաքներում, խոհանոցներում, թե թատրոններում, միևնույն է, մի հավատացեք նրանց, ովքեր ասում են, որ ռուսները մեզ պարտադրում են դառնալ Մաքսային միության անդամ: Չկա այդպիսի բան: Որքա՞ն կարելի է կրկնել»,–մի փոքր վրդովված ձայնով հավաքվածներին էր դիմում «կոմպլեմենտար» Սարգսյանը։

Սարգսյանի վրդովմունքը մի փոքր անհասկանալի է։ Այդ թեմայով նա պետք է ոչ թե պարտխոզակտիվի վրա ձայնը բարձրացներ, այլ իր փեսա Միքայել Մինասյանի ու սեփական հաճախորդների, քանզի փեսայական լրատվամիջոցներն ու դավիթշահնազարյաններն են առավոտից երեկո խոսում այն մասին, թե իբր արևմտամետ Սերժին Պուտինը պարտադրում է մտնել Մաքսային միություն, սակայն նա հերոսաբար դիմադրում է և պաշտպանում ՀՀ ինքնուրույնությունը։

Իհարկե, բոլորն էլ հասկանում են, որ «անկախներն» ու հաճախորդներն այդ թեզը դրել են շրջանառության մեջ՝ գեղամյանությանը «գաղափարական» տեսք տալու և Սերժին ծախվելը «լեգիտիմացնելու» նպատակով, բայց եթե դա վրդովվեցնում է Սերժին, ապա նա այդ հարցը պետք է լուծի Վատիկանի դեսպանի հետ խոհանոցային առանձնազրույցների ժամանակ։ 

6. Քաղաքապետի ընտրության մասին

«Մենք միաձայն որոշել ենք Տարոն Մարգարյանին առաջադրել քաղաքապետ, ի տարբերություն մնացած այլ քաղաքական ուժերի, ովքեր միգուցե ցուցակի առաջատարին արդեն որոշել են, բայց դեռևս չեն որոշել, թե ո՞վ պետք է լինի Երևանի քաղաքապետը: Այսինքն, երևանցին պետք է քվեարկի այդ ցուցակի համար՝ չիմանալով, թե առաջին հերթին ո՞վ է լինելու իր կենցաղային հոգսերը հոգացողը»,–Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ–ի մասնակցության ցուցակային մոտեցումներն էր ներկայացնում  կեղծ երդումներ տալ չսիրող և ժողովրդին չխաբող մարդը։

Սերժն ուզում է ասել, որ ով մեր ցուցակը գլխավորում է, նա էլ կդառնա քաղաքապետ։ Հիշեցնեմ, որ նախորդ անգամ ՀՀԿ ավագանու ցուցակը գլխավորում էր Գագիկ Բեգլարյանը, սակայն Բաղրամյան 26–ից «մուտիլովկա» սարքեցին սեփական թիմակցի գլխին, ու Երևանի քաղաքապետի պաշտոնը դարձավ նշանակովի, իսկ քաղաքապետը՝ նախագահական նստավայրի «պռառաբը»։ Հարցը տվյալ դեպքում այն չէ՝ լա՞վ, թե՞ վատ քաղաքապետ էր Բեգլարյանը։ Հարցն այն է, որ ցուցակի առաջին համարի թեզն առաջ քաշելով ու դա որպես առավելություն ներկայացնելով՝ Սերժը երկակի ստանդարտների մեջ է հայտնվում։ Սա մեկ։

Հաջորդը։ 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանը գլխավորում էր ՀՀԿ ցուցակը։ Շատերն ուրախությամբ փողը վերցրեցին ու քվեարկեցին ՀՀԿ–ի օգտին՝ միամտաբար կարծելով, որ կարելի է այդպիսով Սարգսյանին առանց ցնցումների հեռացնել Բաղրամյան 26–ից՝ նրան պատգամավոր դարձնելով։ Սակայն Սերժն ու ՀՀԿ ցուցակի վերին հորիզոնականը զբաղեցնողներից շատերը խաբեցին ընտրողին ու չդարձան պատգամավոր։ Իսկ դա նշանակում է, որ մարդիկ քվեարկել էին՝ չիմանալով, որ Սերժի ու մյուսների փոխարեն ԱԺ են բերում Նաիրա Արտաշեսովնային ու նրա գաղափարակից ընկեր Առաքել Մովսիսյանին (Շմայսին), Հերմինե Նաղդալյանին ու նրա կուսակից ընկեր Աշոտ Աղաբաբյանին (Բուռնաշին)։

7. Իշխանության և բիզնեսի սերտաճման, ինչպես նաև օլիգարխիայի մասին

«Նախ պետք է ասեմ` ինձ համար տարօրինակ է, երբ ինձ այդպիսի հարց եք տալիս»,– «Պարո՛ն Նախագահ, պաշտոնյաները երկու տարվա ընթացքում խոսում են բիզնեսը և քաղաքականությունը բաժանելու մասին, և նաև Դուք եք խոսել այդ մասին, նաև խոսում էիք խորհրդարանական ընտրություններից առաջ, որ օլիգարխների, հարուստ պաշտոնյաների մուտքը խորհրդարան արգելվելու է, չի թույլատրվելու: Բայց նրանք, այնուամենայնիվ, մտան խորհրդարան» հարցին ի պատասխան՝ նշեց Սարգսյանը:

Իրոք որ, շատ տարօրինակ հարց էր տալիս նիստի մասնակիցը։ Հայաստանի թիվ մեկ օլիգարխի կողքը նստել և նրանից պահանջել հակաօլիգարխիկ պայքար, առնվազն միամտություն է, եթե այլ ձևակերպում չօգտագործենք։

Տարօրինակ է նաև այն, որ «չար» օլիգարխների դեմ պայքարի առաջամարտիկները Սերժից չէին հետաքրքրվում, թե այդ ինչպե՞ս պատահեց, որ ձեր փեսան վերջին հինգ տարում ֆանտաստիկ արագությամբ հարստացավ ու դարձավ Հայաստանի թիվ երկու օլիգարխը։

Փոխարենը մենք այսպիսի հարց ենք լսում. «Ի՞նչն էր խանգարում Ձեզ Ձեր կուսակցության մասով հորդորել Հանրապետական օլիգարխներին՝ չմտնել խորհրդարան, և ի՞նչ է խանգարում հիմա, որ Դուք դա անեք, հորդորեք, խնդրեք, որ նրանք դուրս գան խորհրդարանից, և հնարավորություն տալ, որ խորհրդարանում աշխատեն ավելի կրթված, ավելի զարգացած մարդիկ, որովհետև նրանց կրթական ցածր մակարդակը և նրանց ներկայությունը խորհրդարանում զայրացնում է մարդկանց»։

Նկատենք, որ հնչեցված հարցն ամբողջությամբ տեղավորվում է Սերժի քարոզչամեքենայի կողմից տարածվող«Բարի թագավորը և չար բոյարները» հեքիաթի շրջանակներում։ Ճիշտ է, այդ հարցից հետո չասվեց, թե եկեք Սերժ Սարգսյանին ազգովին փրկենք չար մարզպետներից, վատ պատգամավորներից ու ընտրակեղծարար գյուղապետներից, սակայն հարցի տողատակում դա հասկացվում էր։ Համ էլ՝ բացը կլրացնի Րաֆֆին։

8. Եվ կրկին Րաֆֆիի մասին

«Ես չեմ պատրաստվում Ազատության հրապարակ գնալ»,–Րաֆֆի Հովհաննիսյանի ու իր թիմակիցների ակնկալիքների վրա խաչ քաշեց Սերժը։

Սա նշանակում է, որ երիտօլիգարխիայի թևը ներիշխանական պայքարում տանուլ տվեց։ Իսկ Արմեն Մարտիրոսյանն այնքա՜ն սպասում էր այդ հաղթանակին ու Ազատության հրապարակում հավաքվածներին խնդրում աջակցել Միքայել Մինասյանին։  Ափսոս։ Սերժը «քաշեց»։ Ավելի ճիշտ՝ Սերժը մեղավոր չէ։ Իշխանության կոռումպացված թևն  է մեղավոր (դե, Լիսկան ու մյուսները, էլի՛), որ խեղճ Սերժը չեկավ Ազատության հրապարակ ու չասաց՝ բարև Րաֆֆի, բարև հեղափոխություն, բարև իշխանափոխություն, բարև ախմախություն։

Լավ, «սաղ» հեչ։ Բա Րաֆֆին հիմա ի՞նչ է անելու։ «Միայն իմ դիակի վրա» ձևակերպումն, ախր, շա՜տ«կրեատիվ» էր։ Չափից շատ։ Ինչպես Սերժի տատը կասեր՝ բա մենք այդ հարցո՞վ էինք հավաքվել։

Կարեն Հակոբջանյան, 7or.am

 

Նախորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյան. Հայաստանը եւ Ադրբեջանը չեն կարող մրցակիցներ լինել’
Հաջորդ հոդվածը‘Երեւանի ավագանու ընտրություններին կմասնակցի 6 կուսակցություն եւ 1 դաշինք’