‘Սերժ Սարգսյանի մասին գիրք-ձոներ գրած ՀՀԿ-ականին մարզպետն ուզում է գրողների միության անդամ դարձնել ‘

1509

Aravot.am-ի ստուգված տեղեկություններով Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն այս օրերին զբաղված է իր խորհրդական, իջևանցի բանաստեղծ Լյուբիկ Չիբուխչյանին Հայաստանի գրողների միության անդամ դարձնելու գործով: Մարզպետը հանդիպում է ՀԳՄ Տավուշի մասնաճյուղի անդամներին և նրանց խնդրում, որպեսզի վերջիններս Չիբուխչյանին գրողների միության անդամ դառնալու համար երաշխավորագիր տան: ՀԳՄ անդամ դառնալու համար հարկավոր է ստեղծագործական այդ միության 2 անդամների երաշխավորագիր: Չնայած մարզպետի բոլոր ջանքերին, նրան հաջողվել է միայն մեկ երաշխավորագիր «հայթայթել»:

Նշենք, որ Արմեն Ղուլարյանի ջանքերի շնորհիվ Լյուբիկ Չիբուխչյանին շնորհվել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի, բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի Հայաստանի մասնաճյուղի ակադեմիկոսի կոչումներ, մարզպետը Չիբուխչյանին նվիրել է ադամանդակուռ մատանի և այլն:

Չիբուխչյանի գրքերը լույս են տեսնում Տավուշի մարզպետարանի հովանավորությամբ, թեև մարզպետարանը լինելով կառավարության տարածքային ստորաբաժանում, գրքեր հովանավորելու համար նախատեսված ֆինանսներ չունի:

ՀՀԿ անդամ Լ. Չիբուխչյանը գիրք-ձոներ է գրել Վլադիմիր Պուտինի, Պետրոս Մեծի, Սերժ Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի, Ռալֆ Յիրիկյանի, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի և այլոց մասին:

2008թ. Տավուշի մարզպետարանի հովանավորությամբ «Նաիրի» հրատարակչությունում տպագրված, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանին նվիրված «Սև արև» 279 էջանոց գիրք-ներբողում այսպիսի տողեր կան.

« Հայրդ Անդրանիկ դրեց անունդ, որ կենտն է ջխտում,

Անբավ բարությամբ, բայց առաջինը քեզ սպանեցիր,

Մեկդ բազմանա միամտորեն թե քեզ ցանեցիր,

Գետնախնձորի նման, կլեպը անգամ մեջ տվող

Իրեն ծնողին ծնող, դեռ գալիք սերունդն էլ թվող,

Որ աստղամարդ ես, ստորագրանք կնճիռքս հասուն,

Ապտակս դրոշմ, բռունցքս կնիք խոսքիդ առնասուն,

Վարչապետ, վարչդ էլ անխմբել է կտրկան եղել,

Գառնաձև ցրված աստղերի հոտն է քեզ հովիվ պեղել,

Քո չլինելով, երբ խոսքդ չկա, քո արձագանքը,

Որ ոսկի զտեմ, նոր ուժով հնչի քո ձայնի հանքը,

Ինչպես ծնել էր, այնպես էլ պահեր թե քեզ հունիսը,

Էլ տավար մարտն ինչպե՞ս կարածեր քեզ ծաղկի փիսը»: 

Նախորդ հոդվածը‘Աղջկա հետույքին ձեռք գցած հեծանվորդի կողմնակիցները յուրօրինակ ակցիա են կազմակերպել. Ֆոտոշարք’
Հաջորդ հոդվածը‘Հայ ազգային կոնգրես խմբակցությունը չի մասնակցի ԱԺ հատուկ նիստին’