‘Սերժ Սարգսյանի միակ կանխարգելիչ քայլը’

2415

«Իշխանությունները պատրաստ են անխնա կերպով մահվան բերան ուղարկել իրենց հարյուրավոր եւ հազարավոր քաղաքացիների՝ միայն թե իրենց աթոռները լինեն պաշտպանված»:

Ինչ էլ անեք, չեք կարող կռահել, թե ով է այս տողերի հեղինակը, եթե ի սկզբանե իմացած չլինեք: Այո-այո, ոչ անհայտ «մեր» Սերժ Սարգսյանը` ՊՆ վարչական համալիրում հանդիպելով ՊՆ ղեկավարության հետ, այսպիսի հայտարարություն է արել: Իհարկե, Սերժ Սարգսյանը նախադասության սկզբում Ադրբեջանի մասին է խոսում, սակայն Ադրբեջանը մեզ ի՞նչ, կարևորը` մենք մեր դարդերի մասին մտածենք:

Ցանկացած զինադադար ունի լուծման երկու տարբերակ. կամ թշնամուն  կապիտուլյացիայի ես ենթարկում ու նրան ստիպում խաղաղության քո պայմաններն ընդունել, կամ նստում ես բանակցությունների սեղանի շուրջ և փոխզիջումների միջոցով փորձում հարցերը լուծել: Երկրորդ տարբերակի համար հարկավոր է, որ հակամարտության երկու երկրներում էլ իշխանությունները լինեն ժողովրդի կողմից ընտրված, որպեսզի  լեգիտիմության ռեսուրս ունենալով` կարողանան գնալ փոխզիջումային տարբերակով:

Փոխզիջումային տարբերակի գնացող իշխանություններն այն իշխանություններն են, որոնք հասկանում են սեփական ժողովրդի արժեքը և փորձում են այնպես անել, որպեսզի խաղաղության միջոցով հնարավոր լինի պահպանել իրենց երկրների քաղաքացիների կյանքը: Այդպիսի իշխանությունները պատրաստ են նույնիսկ հրաժարական տալ, միայն թե պահպանեն սեփական ժողովրդի անվտանգությունը:

Պատերազմի գնացող իշխանությունը նույնպես որոշակի լեգիտիմություն պետք է ունենա, որպեսզի իր ետևից կարողանա մարդիկ տանել, այլապես այդպիսի պատերազմը կդիտվի որպես պարզ սադրանք, և տվյալ պետությունը կարճ ժամանակահատվածում այն տանուլ կտա:

Կա երրորդ տարբերակը, որը իրականում տարբերակ էլ չէ, այլ ժամանակ շահելու միջոց, ինչը ուշ թե շուտ բերելու է վերոնշյալ երկու տարբերակներից որևէ մեկին: Սակայն մինչև դրան բերելը երկրներում ձևավորվում են այնպիսի իշխանություններ, որոնց ձեռնտու չէ ժամանակավոր զինադադարի հանգուցալուծման երկու տարբերակներից որևէ մեկը:

Դրա համար ընտրվում է միջանկյալ այս տարբերակը, որը տարվա մեջ մի քանի ամիս նախատեսում է ոչ լայնամասշտաբ զինված գործողություններ, իսկ մյուս ամիսները՝ իբր հակամարտող կողմերի միջև բանակցություններ, որի նպատակը ամենևին էլ հարցի կարգավորման լուծումներ գտնելը չէ, այլ դրա իմիտացիա ստեղծելը:

Հիմա ինքներդ դատեք Սերժ Սարգսյանի արտահայտած նախադասության իրավացիության մասին՝ անկախ այն բանից, թե որ երկրին է այն վերաբերում:

Արդյո՞ք խաղաղության ձգտող երկիրն իրեն թույլ կտար ոչ արդար ընտրություններ, արդյո՞ք խաղաղության ձգտող երկիրն իրեն թույլ կտար  իշխանության գալ սեփական քաղաքացիների գնդակահարության գնով, արդյո՞ք խաղաղության ձգտող երկիրը թույլ կտար երկրի՝ այս չափերի հասնող արտագաղթ, երբ ամեն մեկ մարդու պակասելով` պակասում է երկրի դիմադրողականությունը, արդյո՞ք խաղաղության ձգտող երկիրն իրեն թույլ կտար այսքան անարդարություն, որ նույնիսկ երկրում պատահած սարսափելի իրադարձությունների դեպքում մարդիկ թևաթափ եղած լինեն պայքարելուց, արդյո՞ք խաղաղության համար պայքարող երկիրն իրեն թույլ կտար շաբաթը մի քանի զոհ տալ սահմանին ու որևէ դիվանագիտական միջոց չձեռնարկեր այդ սպանությունները կանխելու համար, և, ի վերջո, արդյո՞ք խաղաղության ձգտող երկիրը` սեփական երկիրը կհասցներ այն վիճակին, ինչ վիճակում հիմա ապրում ենք մենք:

Վախս էլ այն է, որ այսպիսի քայլերով ոչ թե գնում ենք խաղաղության, ոչ էլ նույնիսկ պատերազմի, այլ սրա վերջնական տարբերակը կապիտուլյացիան է, բայց մինչ այդ օրը հասնելը նրանք պիտի հնարավորինս մսխեն ու քամեն  երկիրը, որ նույնիսկ ամենասրտացավ մարդիկ որևէ ռեսուրս չունենան այն պաշտպանելու: 

Հնարավոր է` շատ ապոկալիպտիկ ներկայացրի իրադարձությունները, սակայն այս տարին այն վերջին տարին է, որ եթե ժողովուրդը չօգտվեց իշխանությունը փոխելու՝ իրեն տրված հնարավորությունից, հաջորդ տարի որևէ ռեսուրս չենք ունենալու դա անելու համար:

Իսկ Սերժ Սարգսյանի կողմից թշնամուն կանխարգելիչ միակ հարվածը կարող է լինել մի բան. իշխանությունից իր հեռանալը:

Միսակ Մարտինյան

Նախորդ հոդվածը‘Որոշ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց. ԱԻՆ’
Հաջորդ հոդվածը‘«1915թ. այլեւս երբեք». Ակցիա ՄԻԵԴ-ի դիմաց’