‘Սերժ Սարգսյանի պաշտոնանկության օրը’

2177

Այս տարվա նոյեմբերի 11-ին «Արմենպրեսին» տված հայտնի հարցազրույցում Սերժ Սարգսյանն անդրադառնալով, այսպես կոչված, սահմանադրական բարեփոխումներին, ասել էր, թե մենք այս ժամանակահատվածը` մինչեւ փետրվար, կօգտագործենք արդյունավետ` քաղաքական ավելի մեծ կոնսոլիդացիայի հասնելու, որովհետեւ առանց կոնսոլիդացիայի, առանց քաղաքական ուժերի սատարման՝ դժվար է ստանալ լավ փաստաթուղթ, դժվար է ստանալ լավ Սահմանադրություն:

Այս հարցազրույցից անցել է գրեթե մեկ ամիս, մինչեւ փետրվար մնում է երկու ամիս, եւ առողջ տրամաբանությունը հուշում է, որ Հայաստանի ամենաազդեցիկ եւ ժողովրդի աջակցությունը վայելող քաղաքական ուժերը այս հարցում իրենց դիրքորոշումը հաստատ չեն փոխի: Այնպես որ, Սերժ Սարգսյանի հիշատակած մեծ կոնսոլիդացիան չի կարող լինել: Առանց ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ Ժառանգության՝ խոսել մեծ կոնսոլիդացիայի մասին, առնվազն, լուրջ չի լինի:

Վերջին հաշվով՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հասկանում է, որ երկրում առկա եւ ոչ մի խնդիր կապված չէ գործող սահմանադրության հետ: Վստահաբար կարող ենք ասել, որ այս համոզմանն են նույնիսկ նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով կողմ են արտահայտվում սահմանադրական փոփոխություններին:

Այսպիսով, տրամաբանությունը հուշում է, որ իշխանությունները պետք է ողջամտություն ցուցաբերեն եւ հրաժարվեն սահմանադրական փոփոխություններից: Իսկ եթե հանկարծ Սերժ Սարգսյանը, անտեսելով հասարակական տրամադրությունները, հաշվի չառնելով քաղաքական ամենաազդեցիկ ուժերի դիրքորոշումը՝ փետրվարին կամ մարտին ստորագրի սահմանադրական փոփոփխությունների հայեցակարգը եւ սկիզբ դնի սահմանադրության փոփոխության գործընթացին, ապա վստահաբար այն կվերաճի Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացի:

Ավելի քան ակնհայտ է, որ սահմանադրական փոփոխությունները հետապնդում են մեկ նպատակ՝ ապահովել Սերժ Սարգսյանի եւ նրա նեղ թիմի վերարտադրությունը: Բնականաբար, եթե Սերժ Սարգսյանը հաշվի չնստի ողջամտության հետ եւ գնա այդ քայլին, ապա Քառյակը մի կողմ կդնի մարտավարական եւ ռազմավարական բոլոր ծրագրերը, երկրորդային կդառնան այժմ քննարկվող շատ ու շատ հարցեր, եւ հիմնական նպատակը կդառնա Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը:

Որեւէ մեկը թող չկասկածի, որ Քառյակն ի վիճակի է երկրով մեկ այնպիսի համազգային բողոքի գործողություններ կազմակերպել, որի մասին իշխանությունները չեն էլ կարող կռահել:

Այնպես որ՝ ամեն ինչ պարզ է: Եթե հանկարծ չհաղթի ողջամտությունը, եւ իշխանությունները որոշեն գնալ սահմանադրությունը փոխելու եւ վերարտադրվելու ճանապարհով, ապա այնպիսի անշրջելի գործընթացներ կսկսվեն, որից հետո Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունն անխուսափելի կդառնա:  

Արթուր Բարսեղյան 

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի համակիրին թույլ չեն տվել մտնել Նախագահական նստավայր’
Հաջորդ հոդվածը‘Թե ինչու Կոնգրես խմբակցությունը կողմ կքվեարկի ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության պայմանագրին. Ելույթ (տեսանյութ)’