‘Սերժ Սարգսյանի «փակ» ասուլիսը. Ամբողջական տարբերակ’

2929

Այսօր Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել հայաստանյան մի խումբ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Սերժ Սարգսյանի  մամլո խոսնակ Արմեն Արզումանյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, որ այս անգամ հանդիպման մասնակիցների մեջ գերակշռում են հեռուստաընկերությունների ներկայացուցիչները:

Հաշվի առնելով հարցազրույցի նման «փակ» ձևաչափը, այն լրատվամիջոցները, որոնք ներկա չեն գտնվել հարցազրույցին, ստիպված են այստեղից այնտեղից «ծաղկաքաղ» անել Սերժ Սարգսյանի ասածները:  Նույնը անում էր նաև iLur.am-ը և այժմ մենք կփորձենք մեկ ամբողջական նյութով ներկայացնել Սերժ Սարգսյանի պատասխանները: 

___

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Ազատության հրապարակում հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանին չի այցելի։ Այս մասին հայտնում է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության կայքը։

Սերժ Սարգսյանը նաև հայտնել է, որ Հովհաննիսյանին դիմել է նամակով և շատ տարօրինակ պատասխան է ստացել։  Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ներկայում եւս կապ ունի։ Նա գրավոր նամակ է փոխանցել Ժառանգության առաջնորդին, համակարգային փոփոխություններ կատարելու նպատակով առաջարկելով ձեւավորել լայն հասարակական շերտերի մասնակցությամբ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով՝ Րաֆֆի Հովհաննիսյանի նախագահությամբ։ Գրավոր նամակին Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից պատասխանը եղել է նույն գրության վրա դրված խաչը։ Սարգսյանը չի հրապարկում ապագա վարչապետի, եւ նոր կառավարության կազմը, սակայն ամենայն հավանականությամբ, էական փոփոխություններ դրանում չեն լինի, քանի որ կառավարությունը կատարել է դրված խնդիրը՝ 7 տոկոսանոց տնտեսական աճի ապահովում եւ աշխատավարձերի բարձրացում, գնաճի տեմպերից ավելի շատ։   

 Aravot.am-ը հայտնում է, որ Սարգսյանը ներկայացրել է ընտրություններից հետո իր եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման մանրամասները՝ նախօրոք նշելով, որ թե՛ «Ժառանգության» առաջնորդը եւ թե՛ այն մարդիկ, որոնք ներկա չէին հանդիպմանը, այն ներկայացնում էին խեղաթյուրված»: Ըստ Սերժ Սարգսյանի, լրագրողների դուրս գալուց հետո նա հարցրել է՝արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ հաղթել է ընտրություններում եւ ստացել է բացասական պատասխան: Բայց, նախագահի թեկնածուն, Սերժ Սարգսյանի խոսքերով, ավելացրել է, որ իր՝ Րաֆֆի Հովհաննիսյանի թիմակիցները վստահ են, որ չի հաղթել նաեւ գործող նախագահը: «Ժառանգության» առաջնորդն իր վրդովմունքն է հայտնել, որ Սերժ Սարգսյանը շամպայնի բաժակը ձեռքին տոնում էր իր հաղթանակը՝ դեռեւս ընտրությունների պաշտոնական արդյունքները չամփոփած, ինչին գործող նախագահը պատասխանել է, որ առանց շամպայնի շնորհակալություն է հայտնել իր թիմին, երբ ԿԸՀ-ն հայտարարել էր բոլոր տեղամասերից ստացած ոչ պաշտոնական արդյունքները: Դրանից հետո երկու գործիչները քննարկել են ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերը: 

____

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը ներկայացրել է նախագահական ընտրություններից հետո իր եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման մանրամասները, հայտնում է Aravot.am-ը: Սարգսյանի ներկայացմամբ, Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկել է անցկացնել նախագահական նոր ընտրություններ, ինչին Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ դրա համար որեւէ հիմք չկա: Նաեւ ասել է, որ եթե նման ընտրություններ ինչ-որ հրաշքով տեղի ունենան, արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանը վստա՞հ է, որ կզբաղեցնի 4-րդից բարձր տեղ, քանի որ նոր ընտրությունները նշանակում է՝ նոր թեկնածուների առաջադրում:

 Դրանից հետո, ըստ Սերժ Սարգսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանը կարծիք է հայտնել, որ այդ ընտրություններին պետք է մասնակցեն միայն ինքը եւ Սարգսյանը: Դրա համար վերջինս նույնպես հիմք չի գտել, բայց դարձյալ ենթադրություն է արել: «Ենթադրենք, այդպիսի ընտրություններ տեղի են ունենում եւ հաղթում է Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ ինքը՝ Սերժ Սարգսյանը պաշտոնապես ստանում է քվեների 45 տոկոսը: Այդ դեպքում ինքը (Սարգսյանը-խմբ) կարո՞ղ է 20 հազարանոց հանրահավաք կազմակերպել Հանրապետության հրապարակում եւ հայտարարել, որ ընտրությունները կեղծված են: Այդ դեպքում նոր ընտրություննե՞ր պետք է կազմակերպվեն: Եվ որքա՞ն պետք է շարունակվի այդ շղթան», — ասել է Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով, Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկել է նոր խորհդարանական ընտրություններ, ինչին Սարգսյանը պատասխանել է, որ Սահմանադրությունը դրա համար նախատեսում է հատուկ պայմաններ, որոնք այս իրավիճակում բացակայում են: Սերժ Սարգսյանը նշել է, որ չի կարող դիմել ապօրինությունների, նաեւ չի էլ կարող ստիպել բոլոր պատգամավորներին՝ վայր դնել իրենց մանդատները, ինչին, ըստ գործող նախագահի, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է, որ «ոչ մի պատգամավոր չի կարողանա դեմ գնալ գործող նախագահի կամքին»: Այդ երեք մերժումները ստանալուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ պետք է այնուամենայնիվ ինչ-որ համապետական միջոցառում, որը կհարթեցնի խնդիրը: Այդպիսի միջոցառումը, Սերժ Սարգսյանի կարծիքով, կարող է լինել նոր Սահմանադրության հանրաքվեն, որի նախագիծը կկազմի Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած հանձնաժողովը: Սարգսյանն ասել է, որ վերջին առաջարկի վերաբերյալ ինքը գրավոր առաջարկ է ներկայացրել Րաֆֆի Հովհաննիսյանին, եւ որպես պատասխան ստացել է իր ուղարկած թուղթը՝ վրան խաչ քաշած: 

ԻՆչպես արդեն տեղեկացրել ենք, Սարգսյանը հայտարարել է նաեւ, որ չի այցելի Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին:

____

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը ներկայացրել է նախագահական ընտրություններից հետո իր եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման մանրամասները: Նախագահական նոր ընտրությունների, երկրորդ փուլի եւ խորհրդարանը լուծարելու առաջարկների մերժումը ստանալուցհետո, Րաֆֆի Հովհաննիսյանը, ըստ Սարգսյանի, հարցրեց իրեն՝ ի՞նչ պետք է անի այս իրավիճակում «Ժառանգության» առաջնորդը: Ըստ Aravot.am-ի, Սերժ Սարգսյանն առաջարկել է երեք ճանապարհ:

Առաջինը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը գնում է Ազատության հրապարակ, շարունակում է պնդել, որ ստացել է քվեների 80 տոկոսը, իրեն հռչակում է նախագահ եւ փորձում է ստեղծել իշխանության այլընտրանքային կառույցներ: Այդ դեպքում իրավապահ կառույցները կատարելու են իրենց վերապահված պարտականությունները: Երկրորդ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, շարունակելով պնդել, որ ընտրություններն արդար չեն անցել, որ ինքը իրականում հավաքել է պաշտոնականից ավելի բարձր տոկոսներ, ուժեղացնում է իր կառույցները, մասնակցում է Երեւանի ավագանու ընտրություններին, ստանում է մեծամասնություն, դառնում է Երեւանի քաղաքապետ եւ ղեկավարում է հանրապետության մեկ երրորդը: Երրորդ ճանապարհը՝ դադարում է ընդդիմություն լինելուց՝ ներգրավվելով իշխանական կառույցների մեջ եւ պայքարում է կոռուպացիայի ու արտագաղթի դեմ, ինչպես որ խոստացել է ընտրարշավի ժամանակ: Այս երրորդ առաջարկի վերաբերյալ Րաֆֆի Հովհաննիսյանը ճշտեց՝ արդյոք խոսքը կոալիցիայի՞ մասին է: Դրան Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ բոլոր քննարկումները կլինեն Րաֆֆի Հովհաննիսյանի սկզբունքային դիրքորոշումը հայտնելոց հետո: Երկու գործիչները պայմանավորվել են՝ իրար փոխանցել գրավոր առաջարկներ:

Ըստ Սերժ Սարգսյանի, ինքը հարգել է պայմանավորվածությունը եւ ուղարկել է իր առաջարկները՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու մասին: Այդ նախագիծը, ըստ Սարգսյանի առաջարկի, պետք է պատրաստի Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած հանձնաժողովը: «Ժառանգության» առաջնորդը հետ է ուղարկել թուղթը՝ վրան խաչ քաշած: 

___

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Ներկայացնում ենք «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հարցերին Սարգսյանի պատասխանները.

«Ազատություն» ռադիոկայան. — Ըստ պաշտոնական տվյալների, ավելի քան կես միլիոն մարդ քվեարկել է Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին, եւ նրանք հիմա հավատացած են, որ իրենց թեկնածուն է հաղթել ընտրություններում եւ կանգնել են նրա մեջքին` հանրահավաքային պայքարի տեսքով: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը արդեն քանի օր է նստած է հացադուլի: Դուք պատրաստվո՞ւմ եք արդյոք այցելել նրան Ազատության հրապարակում, եւ եթե այո, ապա ինչպիսի՞ առաջարկներով:

Սերժ Սարգսյան. — Ես չեմ պատրաստվում Ազատության հրապարակ գնալ, պատճառները բազմաթիվ են եւ բազմապիսի: Նախ ուզում եմ որոշակի ճշգրտում կատարել Ձեր ասածի մեջ, բայց նախքան այդ ցանկանում եմ շնորհավորել «Ազատություն» ռադիոկայանի 60-ամյակի կապակցությամբ: Կարծում եմ, որ «Ազատություն» ռադիոկայանն էլ է տոնում ամյակները:

Նախ պետք է ասեմ, որ իմ ճշգրտումը կայանում է հետեւյալում. Դուք ասում եք, որ հինգ հարյուր հազարից ավելի մարդ կանգնած են նրա թիկունքում եւ հրապարակներում են: Ես ուրեմն տեսողության հետ կապված խնդիրներ ունեմ, եւ ոչ միայն ես, այլ երեւի մեր բնակչության մեծ մասը, որովհետեւ ես այնտեղ չեմ տեսել ոչ հինգ հարյուր հազար, ոչ հիսուն հազար մարդ: Երբ ասում են, որ ժողովուրդը հրապարակում է, ինձ համար շատ տարօրինակ է դա: Միջին հաշվով այս հանրահավաքներին, որ տեղի են ունենում Ազատության հրապարակում, մասնակցում է երեք հազար մարդ: Նախ ես վստահություն չունեմ, որ նրանք բոլորը, մինչեւ վերջին մարդը քվեարկել են Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին: Եվ երկրորդ` երեք հազար մարդը, թեեւ մեզ համար յուրաքանչյուր մարդու կարծիք շատ էական է, կազմում է մեր քաղաքացիների 0.1 տոկոսը. երեք միլիոնի մոտ ենք, երեսուն հազարը` մեկ տոկոս, երեք հազարը` 0.1 տոկոսը: Խոսել այն մասին, որ ժողովուրդը հրապարակում է, առնվազն կոռեկտ չէ: Ես այս հարցին ուշադրություն եմ դարձնում, որովհետեւ հրապարակում էլ ասում են` ժողովուրդ, հանուն ժողովրդի եւ այլն: Այս կապակցությամբ իմ հիշողության մեջ դառը պատկերներ են արթնանում, որովհետեւ աշխարհի ե՛ւ բոլոր բարեգործները, ե՛ւ բոլոր չարագործները միշտ խոսել են ժողովրդի անունից եւ իրենց գործողությունները միշտ զարդարել են խոսքերով, որ իբր նրանք դա անում են հանուն ժողովրդի:

Բոլորդ գիտեք մեր հարաբերությունների մասին ՀԱԿ-ի հետ եւ բոլորդ գիտեք մեր քաղաքական բանավեճի եւ այլնի մասին: Սա ասում եմ նրա համար, որպեսզի որեւէ մեկը սա երբեք չընկալի որպես հաճոյախոսություն: Եթե հիշում եք` 2008 թվականին մինչեւ երեսուն հազար մարդ հավաքվեց Ազատության հրապարակում` լսելու այն թեկնածուի ճառը, որ տարել էր երեք հարյուր հազար ձայն: Այսինքն գոնե այս դեպքում հավաքվեց ընտրողների տասը տոկոսը: Որտեղ տասը տոկոսը, որտեղ 0.1 տոկոսը… բայց խնդիրը դրանում չէ: Ես սա ասում եմ, որպեսզի ճշգրտումներ մտցնեմ ժողովրդի անունից եւ հանուն ժողովրդի գործելու` մարդկանց ասածների մեջ:

Իմ խորին համոզմամբ` Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ հայտարարելով գործընթացները դուրս դրեց քաղաքական պրոցեսից: Ես գնամ ի՞նչ խոսեմ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, ինքս ինձ եմ հարցնում: Գնամ ինչի՞ մասին բանակցեմ աշխարհի վրա դառնացած եւ արդեն ութ օր սոված մարդու հետ: Դե, ինչպես Դուք եք ասում` հնարավոր է, որ առողջական վիճակը շատ գերազանց չլինի, որովհետեւ բանակցություններ՝ չի նշանակում հաճոյախոսություններ փոխանակել, չէ՞. չեմ տեսնում դրա իմաստը:

Եթե ես գնալու լինեի, պիտի գնայի մի նպատակով` մեկ անգամ եւս հորդորելու, խնդրելու Րաֆֆի Հովհաննիսյանին` հացադուլ չանել, ընտրել պայքարի (եւ դիտավորյալ եմ այստեղ բաց թողնում «քաղաքական» բառը) այլ ձեւեր: Եվ ես դա հիմա եմ անում: Րաֆֆի Հովհաննիսյան, հորդորում եմ, դադարեցրեք, ես Ձեզ աղաչում եմ, խնդրում եմ…

Բայց գիտեք, մի կարեւոր շատ էական հանգամանք էլ կա. ես չգիտեմ, թե ի՞նչ պայմանով է Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ հայտարարել: Կարո՞ղ եք ասել, հուշեք ինձ, Դուք ինֆորմացիայի տիրապետող մարդ եք: Հուշեք` ի՞նչ պայման է դրել Րաֆֆի Հովհաննիսյանը, ես շատ ուշադիր ծանոթացել եմ նրա ելույթին, որ, ցավոք սրտի, ապականված էր հայհոյանքներով, անձնական վիրավորանքներով, ինչը սազական չէ Րաֆֆի Հովհաննիսյանին:

Բայց ես այնտեղ մի բան եմ տեսել. Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է` եթե Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ին, կեղծ, ընդգծում եմ` կեղծ երդում տա Ավետարանի եւ Սահմանադրության վրա, ապա, ապա, ապա… Ես երբեք, որեւէ անգամ, ի տարբերություն շատ շատերի, ո՛չ կեղծ երդում եմ տվել, ո՛չ կեղծ բարեւներ եմ շռայլել, ո՛չ կեղծ դիրքորոշումներ եմ ընդունել, ո՛չ կեղծ ժպիտ եմ հաղորդել իմ դեմքին: Ես բազմաթիվ անգամներ երդվել եմ, երդվել եմ շատ լուրջ գործերի համար: Ապրիլի 9-ի իմ երդումը լինելու է իմ սրտից բխող եւ ամբողջովին անկեղծ:

«Ազատություն». — Պարոն նախագահ, հիմա ասացիք, որ չեք գնա Ազատության հրապարակ: Դա Ձեր դիրքորոշումն է, Ձեր իրավունքն է:

Սերժ Սարգսյան. — Իսկ դու լինեիր իմ փոխարեն, կգնայի՞ր: Կամ եթե գնայիր, ինչի՞ համար կգնայիր:

«Ազատություն». — Իսկապես չգիտեմ… Ինքը այնպիսի վիճակում է, որ, կարծում եմ, կարելի էր գնալ: Որպես երկրորդ արդյունք արձանագրած նախագահի թեկնածու, կարելի էր գնալ եւ տեսնել, թե ինչպես է զգում իրեն:

Սերժ Սարգսյան. — Այդ տեսնելու հետ ես խնդիր չունեմ: Եթե ես ամեն ինչը պետք է տեսնեմ, որ դրա մասին տեղեկատվություն ունենամ, կամ կարծիք կազմեմ, ես չեմ հասցնի: Դրա համար կան հատուկ պաշտոնյաներ, ովքեր այդ խնդրով զբաղվում են: Ես ուղղակի, քանի որ այդպես պնդում եք, Ձեզ սփոփելու համար ասեմ, որ ես կապը չեմ կորցրել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ եւ նրան վերջերս արել եմ առաջարկություն` իր ասած թեմայով:

Եթե հիշում ես, ես մեր հանդիպման մասին խոսելիս ասացի, որ ես նրան առաջարկեցի իր գաղափարները դնել թղթի վրա եւ ուղարկել ինձ, ես էլ իմ գաղափարները դրեցի թղթի վրա, որ ուղարկեմ նրան: Բայց, ինչպես միշտ, ես իմ խոսքին հավատարիմ մնացի, իմ գաղափարները դրեցի թղթի վրա, ուղարկեցի նրան, իսկ նրանից դեռեւս թուղթ չեմ ստացել: Ես նրանից մենակ հոխորտանքներ եմ լսում Ազատության հրապարակում` տեղ-տեղ համեմված անպարկեշտ բառերով:

Եթե կոնկրետ առաջարկություն հնչի, ես կոնկրետ պատասխաններ կտամ: Երկխոսությունը չի կարող մարդը միայնակ անել: Չի կարելի միայնակ բանակցել… Պիտի գործընկեր ունենաս: Եթե քո առաջարկությունները չեն ընդունվում, դու պիտի առաջարկություն լսես եւ ոչ թե ասես` եթե Սերժ Սարգսյանը տղամարդ է, նա պետք է հրաժարական տա: Ես էլ կարող եմ այլ ձեւակերպումներ հնչեցնել…

«Ազատություն». — Իսկ ի՞նչ կա այդ առաջարկներում, որ ուղարկել եք, եթե գաղտնիք չէ:

Սերժ Սարգսյան. — Որեւէ գաղտնիք չկա: Ես շատ եմ մտածել` ինչ համապետական միջոցառում կարող է լինել: Դուք էլ ինձ օգնեք: Ասեք մի համապետական մեծ միջոցառում, որ կարող էր բավարարել 37 տոկոս քվե ստացած եւ երկրորդ տեղը գրաված թեկնածուին…

Ես էլ մի քիչ մտածեցի եւ գտա, որ կարող էինք մենք Րաֆֆի Հովհաննիսյանի հետ պայմանավորվել եւ ստեղծել մի սահմանադրական խորհուրդ, որը կգլխավորեր Րաֆֆի Հովհաննիսյանը, այդ խորհրդում կընդգրկեր հայ ժողովրդի լավագույն ուժերին, որպեսզի ռազմավարություն մշակի սահմանադրական փոփոխությունների, այնուհետեւ այդ ռազմավարությունը դարձնեն առաջարկություններ, տանեն համաժողովրդական քննարկման, հրավիրեն փորձագետներ: Այսինքն` լուրջ աշխատանք տանեն եւ դնեն հանրաքվեի: Եթե մեր ժողովուրդը քվեարկի, ասենք, որ մենք ընդունում ենք Սահմանադրության այս փոփոխությունները: Իսկ մինչեւ այդ աշխատանքը անելը յուրաքանչյուրի մտքով ինչ անցնում է հրապարակային դարձնելը եւ պահանջներ ներկայացնելը ես համարում եմ գոնե ոչ արդյունավետ…

Այստեղ նորից ուզում եմ այդ խնդրին անդրադառնալ` համամասնակա՞ն, թե՞ համամասնական եւ մեծամասնական, խորհրդարանակա՞ն, թե՞ նախագահական… մարզպետները ընտրելո՞ւ միջոցով, թե՞ նշանակելու եւ այլն, եւ այլն: Սրանք բոլորը թեմաներ են, որ պետք է քննարկվեն ոչ թե հուզական մակարդակով, ոչ թե կուսակցական շահից ելնելով, այլ մասնագետների մակարդակով:

«Ազատություն». — Դուք Ձեր առաջարկն ուղարկե՞լ եք:

Սերժ Սարգսյան. — Իհարկե: Ես հասկանում եմ, հաջորդ հարցն ես ուզում տալ, բայց մի քիչ անհարմար ես զգում: Թե ինչ պատասխան եմ ստացել, ասեմ, մենակ աթոռից չընկնեք. ստացել եմ պատասխան այսպիսի խաչի տեսքով:

___

«Առավոտի» դիտարկմանը, որ մարդկանց զայրացնում է խորհրդարանում հայտնված օլիգարխների կրթական մակարդակը, դաստիարակության աստիճանը, եւ ի՞նչն է խանգարում, որ ՀՀԿ-ն նման մարդկանց չբերեր խորհրդարան կամ հիմա հորդորի՝ դուրս գալ խորհրդարանից՝ տեղ ազատելով ավելի պատրաստված մարդկանց համար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանեց. «Հանրապետականի ցուցակում չկան այդպիսի մարդիկ (օլիգարխներ), եւ դա մեր դիրքորոշումն է, այսինքն՝ կուսակցության դիրքորոշումը խորհրդարանի մասով ամբողջովին արտացոլվում է իր համամասնական ցուցակում: Ես դրա մասին ասել եմ եւ արել եմ, բայց ես երբեք չեմ ասել, որ Հանրապետական ոչ մի գործարար չի գալու խորհրդարան, այսինքն, ոչ թե գործարար, այլ այդպես ընկալվող մարդիկ, թեեւ փաստաթղթերով ամեն ինչ կարգին է, նրանք գործարար չեն: Ես էդպես չեմ ասել եւ չէի էլ կարող ասել: Ինչո՞ւ չէի կարող, որովհետեւ ինձ ճանաչողները շատ լավ գիտեն, որ ես հարցերը լուծում եմ ոչ թե պարտադրանքի միջոցով, ոչ թե մահակով, եթե դրա անհրաժեշտությունը ծայրահեղ չի լինում, այլ այնպես, ինչպես հիմա ասացիք՝ խնդրանքով, հորդորով: Բայց խնդրանք-հորդորով չես կարող բոլորի առջեւ փակել խորհրդարանի դուռը:Մենք մեր ասածը արել ենք, մնացած քաղաքական ուժերն էլ թող գան հասնեն մեզ, եւ այդ պարագայում կարծում եմ, խորհրդարանը միգուցե ավելի որակյալ կլինի: Թեեւ ես չեմ համարում, որ այսօրվա մեր խորհրդարանը վատ խորհրդարան է, կամ խորհրդարանի ճնշող մեծամասնությունը գիտելիք կամ կրթություն չունի, էդպես չի, կարծում եմ՝ ճիշտ կլինի այդ մարդկանց հետ շփվեն հասուն լրագրողները, վաստակ ունեցող, իրենց գործն իմացող լրագրողները, այլ ոչ թե… չեմ ուզում ինչ-որ մի մասնավոր բուհի անուն տալ, էդ բուհն ավարտած երեք ամիս առաջ երիտասարդ աղջնակները կամ տղաները, ովքեր ուղղակի դժվար թե կարողանան իրողությունը ճիշտ ներկայացնել, դժվար թե կարողանան լուրջ խոսակցություն ծավալել էդ մարդկանց հետ»:

Նա նաեւ խոստացավ, որ ապագայում խորհդարանում չեն լինի լրագրողների, հասարակության կարծիքով օլիգարխներ, բայց դա միանգամից չի լինի.«Սա իմ գործելաոճն է: Ես կտրուկ քայլերի չեմ գնալու, ես շտապելու եմ դանդաղ»: 

___

Լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ այսօր Սերժ Սարգսյանն անդրադարձավ նաեւ երկրում առկա սոցիալական խնդիրներին. «Ես երբեք ակնկալիք չունեմ, որ Հայաստանում դժգոհ մարդկանց քանակը պակասի, ես համարում եմ, որ դեռեւս շատ շատ տեւական ժամանակահատվածում դժգոհողների թիվը գնալով ավելանալու է, պետական պաշտոնյաների աշխատանքից չբավարարվածների թիվն ավելանալու է, պրոբլեմների լուծման նկատմամբ ակնկալիքները մեծանալու են: Ես չեմ ասում, որ մի երկու հարյուր տարի է պետք, որպեսզի հասնենք ժողովրդավարությանը: Բայց մի հատ նայեք՝ Ֆրանսիայի պես երկրում Սարկոզիի պես մարդուն 27% ձայն են տվել, էդ ի՞նչ ա նշանակում, որ գոնե քվեարկողների 72%-ը դժգոհ է եղել: Այսինքն, իշխանավորը, հանրապետության նախագահը չպետք է ակնկալի, որ դժգոհների քանակը պակասելու է: Այո, իհարկե, մեր թիվ մեկ խնդիրը տնտեսության զարգացումն ու աղքատության կրճատումն է: Բայց վիճակը լավանալուն զուգահեռ՝ ավելանում է պահանջը:

Որեւէ մեկը չի լսել, որ ես քարոզարշավի ընթացքում ասեմ, որ մենք կտրուկ բարձրացնելու ենք աշխատավարձերը, թոշակները, ես դա չեմ ասել գիտակցաբար, որովհետեւ դա էլ եմ կաշառքի մի ձեւ համարում, բայց դա չի նշանակում, որ մենք այդպիսի ծրագիր չունենք. տարվա վերջում ունենալու ենք 35-40 մլրդ դրամի տնտեսում, 7% տնտեսական աճ առնվազն եւ աշխատավարձի առաջանցիկ աճ գնաճից: Ունենք ծրագրեր՝ միջին աշխատավարձի չափը բարձրացնելու: Կառավարությունում լրջությամբ քննարկում են այս տարվա հուլիսի 1-ից միջին աշխատավարձի չափը շոշափելիորեն բարձրացնելու հարցը, թոշակների բարձրացման հարցը: Եթե մարդը չի կարողանում սեփական աշխատանքով իր ընտանիքի հոգսերը հոգա, նրան շատ դժվար է մեղադրել ընտրությունների ժամանակ կաշառք վերցնելու համար, թեեւ աշխարհի ամենազզվելի բանը կաշառակեր մարդն է: Մենք կարողացել ենք ամբողջովին հաղթահարել համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքները»: 

___

Սերժ Սարգսյանը, լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ, անդրադարձավ նաեւ Ռուբեն Հախվերդյանի՝ իր հասցեին արված ակնարկներին: «Ռուբեն Հախվերդյանը, իմ կարծիքով, ես մասնագետ չեմ, տաղանդավոր երգիչ ու երգահան է: Բայց պետք է ասեմ, որ նա հավասարապես կամ հավասարաչափ տաղանդավոր չէ քաղաքականության մեջ, առավել եւս՝ մարդկային հարաբերությունների մեջ: Պիտի ավելացնեմ նաեւ, որ Ռուբեն Հախվերդյանին հաճախ է դավաճանում իր հիշողությունը, եւ ես կարող եմ բազմաթիվ փաստեր բերել, բայց կբավարարվեմ միայն մեկով. ես երբեք Բորիս Կեւորկովի օգնականը չեմ եղել: Դա փաստ է, որ գիտեն հազարավոր մարդիկ, հարյուր հազարավոր մարդիկ: Ես եղել եմ Հենրիկ Պողոսյանի օգնականը: Դրանք տարբեր մարդիկ են, գոնե անուն ազգանուններից կարելի է տարբերել: Եվ երկրորդ. նա ինձ մեղադրում է սովետական տարիներին կոմունիստ լինելու, կոմսոմոլ լինելու եւ աշխատելու մեջ: Գիտեք, չի կարելի երախտամոռ լինել եւ առաջին հերթին նախորդ սերունդների նկատմամբ: Որեւէ մեկը այսօր ճշգրտորեն չի կարող ասել, որ եթե Հայաստանը չխորհրդայնանար, ինչ կլիներ մեր ճակատագիրը, եթե որեւէ մեկը գիտի, թող ասի: Այսինքն, մենք արդյոք իրավունք ունե՞նք ելնելով այն տեսակետից, որ Խորհրդային Հայաստանում որեւէ լավ բան չի կատարվել, փնովենք խորհրդային ժամանակներում աշխատած մարդկանց աշխատանքը, մենք հավասարապես պիտի փնովենք Արամ Խաչատրյանի երաժշտությունը, պիտի փնովենք ընդհանրապես մեր ձեռքբերումները եւս, եւ թող ինձ ներեն մարդիկ՝ այդ շարքում Ռուբեն Հախվերդյանին էլ դասելու համար, մենք պիտի փնովենք նաեւ Ռուբեն Հախվերդյանին՝ նախկինում ստեղծած երգ-երաժշտության համար: Արդյոք սա մոտեցո՞ւմ է: Ես հպարտ եմ, որ այն ժամանակ էլ հնարավորություն եմ ունեցել ծառայելու իմ ժողովրդին, իսկ թե ինչպես եմ ծառայել՝ կարող են վկայել այդ «Ադրբեջանի հեռավոր գավառի» բնակիչները»: Այս մասին գրում է «Առավոտը»։

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյան. Սոված մարդու հետ ի՞նչ բանակցեմ ‘
Հաջորդ հոդվածը‘«Harlem Shake»-ը հասավ Հայաստան. «Կարգին սերիալի» մասնակիցները պահպանել են բոլոր կանոնները (տեսանյութ)’