‘Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելի հետ’

614

Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է, որ դարերի պատմություն ունեցող հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամությունը Հայաստանի անկախությունից ի վեր վերաճել է երկու պետությունների փոխշահավետ սերտ գործընկերության և քաղաքական ակտիվ երկխոսությամբ առանձնացող բարձր մակարդակի հարաբերությունների: Այդ հարաբերություններում, Նախագահ Սերժ Սարգսյանի և Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելի համոզմամբ, կարևոր և մեծ դերակատարություն ունեն բացառիկ ջերմ միջխորհրդարանական կապերն ու արդյունավետ համագործակցությունը: Հատկապես ընդգծվել է «Ֆրանսիա-Հայաստան» միջխորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությունը:

Զրուցակիցները երկու երկրների համագործակցության կարևոր բաղադրիչ են համարել Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված մակարդակով փոխգործակցությունն ու ուրախությամբ արձանագրել այդ ոլորտում ձեռք բերված առաջընթացը: Նրանք նշել են, որ Հայաստանի և Ֆրանսիայի 60-ից ավելի քույր քաղաքների և շրջանների միջև հաստատվել են բարեկամական կապեր, որոնց շրջանակներում ամեն տարի իրականացվում են բազմաթիվ համատեղ ծրագրեր կրթության, մշակույթի, առողջապահության, զբոսաշրջության և այլ ոլորտներում:

ՀՀ նախագահը և Ֆրանսիայի Սենատի նախագահը կարևորել են նաև միջազգային հարթակներում երկու երկրների փոխշահավետ համագործակցությունը:

Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն իր և ամբողջ հայ ժողովրդի անունից երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին և իշխանություններին, այդ թվում Սենատին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքի ընդունման համար:

Փարիզում ավարտելով պաշտոնական հանդիպումները՝ Սերժ Սարգսյանը մեկնել է Լիոն, որտեղ հանդիպում է ունեցել Լիոնի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբի հետ: Լիոնում այսօր երեկոյան նախատեսված է նաև Սարգսյանի հանդիպումը Ֆրանսիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ, այս մասին հայտնում է president.am-ը:

Նախորդ հոդվածը‘«Շախտյորի» պաշտպանի երազանքը կատարվել է’
Հաջորդ հոդվածը‘Ուիլֆրեդ Զահա. Միայն Ռոնալդուն եւ Մեսին են ինձանից լավը’