‘Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԺԿ նախագահին ‘

644

Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսին: ԵԺԿ նախագահը Երևան է ժամանել կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:

Ըստ president.am-ի, հանդիպմանը զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են ընդգծել, որ թեև ՀՀԿ-ը ԵԺԿ համեմատաբար նոր անդամներից է, այդուհանդերձ, անդամակցությունից հետո անցած մեկ տարվա ընթացքում ԵԺԿ շրջանակներում ակտիվ և արդյունավետ համագործակցություն է ծավալել և այսօր արդեն ԵԺԿ Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովը հյուրընկալում է Երևանում:

Սերժ Սարգսյանը և ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսը նման հանդիպումները լավ առիթ են համարել եվրոպական ինտեգրման ուղղությամբ Հայաստանի առաջընթացը քննարկելու, միջկուսակցական կապերի ամրապնդման շուրջ մտքեր փոխանակելու համար:

Եվրոպական ժողովրդական կուսակցությանը ՀՀԿ-ի և հայաստանյան ևս երկու՝ «Օրինաց երկիր» և «Ժառանգություն» կուսակցությունների անդամակցությունից բացի, Վիլֆրիդ Մարտենսը անցած մեկ տարում տեղի ունեցած նշանակալի իրադարձություններից է համարել նաև Հայաստանում ազատ և կոռեկտ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը:

Սերժ Սարգսյանը և Վիլֆրիդ Մարտենսն անդրադարձել են նաև ՀՀ առաջիկա նախագահական ընտրություններին, Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի:

Նախորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյանի շուրջ կրքերը թեժանում են’
Հաջորդ հոդվածը‘Տաջիկստանում արգելափակել են «Ազատություն» ռադիոկայանի կայքը ‘