‘Սերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի վարչապետին’

659

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին, տեղեկացնում է President.am-ը:

Սերժ Սարգսյանն հանդիպման ընթացքում ընդգծել է, որ «հայ-վրացական հարաբերությունները գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակում, և դա հնարավորություն է տալիս հանգիստ, անկաշկանդ քննարկելու ցանկացած հարց՝ կապված ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլ նաև տարածաշրջանային խնդիրների հետ»:

Վրաստանի վարչապետն իր հերթին ասել է, որ երկկողմ հարաբերությունները ներկայումս շատ բարձր մակարդակի վրա են, և նման հանդիպումներն ավելի կսերտացնեն երկու պետությունների միջև կապերը: Վարչապետ Ղարիբաշվիլին ընդգծել է, որ մշտապես ասել է և այժմ էլ կրկնում է՝ Հայաստանը ոչ միայն Վրաստանի հարևանն է, այլև բարեկամ պետություն: Նրա համոզմամբ, այդ բարեկամական հարաբերություններով երկու երկրների բարեկեցության համար պետք է օգտակար ու բարի շատ գործեր անել:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ են նշել ս.թ. հունիսի 18-ին Սարգսյանի՝ Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունը՝ Բագրատաշեն-Սադախլու անցակետում նոր կամրջի շինարարության մասին, որը կողմերն անվանել են «Բարեկամության կամուրջ»: Երկուստեք վերահաստատվել է կամրջի շինարարությունն արագացնելու հանձնառությունը:

Նախորդ հոդվածը‘Երևանի քաղաքապետարանին պատկանող ընկերությունում հափշտակվել է 300 մլն դրամ. Փաստինֆո’
Հաջորդ հոդվածը‘Ազատամարտիկ. Մեր երկրի գերագույն-գլխավոր հրամանատարը շարունակում է մնալ Լևոն Տեր-Պետրոսյանը’