‘Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը կաթնեղբայրներ են’

1024

Սերժ Սարգսյանը ՊՆ-ում մի քանի օր առաջ անցկացրած նիստում անարգանքի սյունին է գամել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին իր ելույթի հետեւյալ հատվածում.

«Առօրեական է դարձել պատմության բացահայտ և ցինիկ կեղծումը: Ընդամենը օրեր առաջ մեր հարևան պետության ղեկավարը Սումգայիթում ամենայն լրջությամբ հերթական անգամ կրկնում էր, որ այսօրվա Հայաստանի Հանրապետությունն առաջացել է ադրբեջանական հողերի վրա, որ Երևանը պատմական ադրբեջանական տարածք է, և իր նախնիները մեծ սխալ են գործել՝ այն «նվիրելով» հայերին»:

Վերջերս գրեթե երկու ամիս մամուլի քննարկման առարկան էին պատմության նույնքան ցինիկ կեղծարարության արգահատելի փաստեր «Հայոց պատմության» դասագրքում՝ իրականացված Երեւանի պետական համալսարանի կողմից։ Խոսքը վերաբերում էր, առաջին հերթին՝ 2008 թ. մարտիմեկյան իրադարձություններին, ինչպես նաեւ 1988-ից  առ այսօր՝ ՀՀ ողջ պատմությանն ընդհանրապես։ Այնքան անհերքելի ու ցինիկ էին պատմության կեղծարարության այդ փաստերը, որ դրանց այս կամ այն կերպ չկարողացան չանդրադառնել անգամ հստակ իշխանական ու իշխանասուն լրատվամիջոցները։ Համալսարանի ամենաբարձ պաշտոնյան՝ ԵՊՀ խորհրդի նախագահը, նույն ինքը Սերժ Սարգսյանն է։ Այսինքն՝ նա է պատմության կեղծարարության համար թիվ մեկ պատասխանատուն։ Նրանից հետո՝ դրա հաջորդ պատասխանատուներն են ԳԿ նախարար Ա. Աշոտյանը, համալսարանի ռեկտոր Ա. Սիմոնյանը, վերջինիս հայրը՝ գրքի խմբագիր Հ. Սիմոնյանը, եւ վերջապես՝ գրքի տվյալ մասի հեղինակ Է. Մինասյանը։ Ահա, կեղծարարների հանցավոր այս խումբը, Ս. Սարգսյանի գլխավորությամբ, կեղծել է մեր պատմության վերջին 25-ամյա շրջանը։ Կեղծել է ճիշտ այնպես, ինչպես կեղծում են ադրբեջանցիները՝ Իլհամ Ալիեւի գլխավորությամբ։

Շարունակենք քաղվածքը Ս. Սարգսյանի ելույթց. «Գուցե կարելի կլիներ այդ ամենին որպես զավեշտի մոտենալ, եթե չլիներ ողբերգական ասոցիացիան: Քառորդ դար է բաժանում Իլհամ Ալիևին ադրբեջանցի այն բաշիբոզուկներից, որոնք Խորհրդային Ադրբեջանի ղեկավարների ծածուկ աջակցությամբ նույնաբովանդակ ելույթներով սադրում էին գազազած ամբոխին՝ սպանել, այրել ու ոչնչացնել հայերին»:

Գուցե կարելի կլիներ նաեւ Սերժ Սարգսյանի պատվերով տպագրված «Հայոց պատմություն» կեղծիքին որպես զավեշտի մոտենալ, սակայն դա թույլ չեն տալիս ընդամենը 5 տարի առաջ կատարված արյունալի սպանդի հիշողությունները եւ 10 զոհերի հիշատակը։ Մի սպանդ, որը տեղի ունեցավ ոչ թե Հայաստանի իշխանության (այդ թվում նաեւ առաջիններից մեկի՝ Սերժ Սարգսյանի) «ծածուկ աջակցությամբ», այլ ուղղակի հրամանով։

Որտեղի՞ց է գալիս պատմության այս երկու կեղծարարների՝ Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի նմանությունը։ Գուցե Բաքվի «Անդրկովկասյան կոմերիտական դպրոցում» ստացած ուսումի՞ց, որտեղ ոչ միայն գործակալական գիտելիքներ էին տալիս, այլ նաեւ սովորեցնում էին, թե ինչպես պետք է կեղծել պատմությունը։ Համենայնդեպս՝ սրանք երկուսն էլ, դատելով իրենց գործերից, ակներեւաբար նույն «շկոլայի» ներկայացուցիչներ են, ունեն նույն հմտությունները։ Նրանք երկուսն էլ գերազանց են սովորել պատմությունը կեղծելու առարկան, հոգեւոր կաթնեղբայրներ են՝ սնված նույն աղբյուրից։

Իսկ ո՞րն է նրանց տարբերությունը։ Տարբերությունը հետեւյալն է. Իլհամ Ալիեւը հարեւանի (մեր) պատմությունը կեղծում է՝ հօգուտ իր երկրի, իր ժողովրդի, Ս. Սարգսյանը պատմությունը կեղծում է՝ հօգուտ իր անձի։ Այսինքն՝ եթե կարելի է այս արարքը դնել բարոյական հարթության վրա, ապա Ալիեւն իր հետապնդած նպատակի առումով շահեկանորեն առանձնանում է Սերժ Սարգսյանից։

Եւ ո՞րն է ավելի վտանգավոր մեզ համար։ Վտանգավորը Ս. Սարգսյանի գլխավորությամբ կամ նրա հրահանգով կատարված կեղծիքն է։ Երբ օտարն է կեղծում քո պատմությունը, դրա դեմ առաջանում է քո մասնագետներից սկսած՝ մինչեւ ողջ ժողովրդի հակազդեցությունը։ Երբեմն դա անգամ առիթ է դառնում ազգային զգացումների բորբոքման, ազգի կենսունակության խթանման եւ այլն։ Երբ պատմությունդ կեղծվում է ներսում, ժողովուրդը, հասարակությունն իր ինքնության նկատմամբ նման վտանգ չի զգում, իսկ այդ ներքին կեղծումը թունավորում, քայքայում, ոչնչացնում, այլասերում է ժողովրդի, հասարակության բարոյականությունն ու հոգեւոր կյանքը։

Այնպես որ՝ Սերժ Սարգսյանը Իլհամ Ալիեւին պատմություն կեղծելու մեջ մեղադրելու բարոյական իրավունքը չունի։ Այս գործում նրանք հոգեւոր կաթնեղբայրներ, մեղսակիցներ են։ Իսկ վերջին հաշվով՝ Ս. Սարգսյանի արածը տասնապատիկ ավելի վտանգավոր ու կործանարար է։

Գագիկ Խաչատրյան

 

Նախորդ հոդվածը‘Գերմանիայի կանցլերը փետրվարի 25-ին կայցելի Թուրքիա’
Հաջորդ հոդվածը‘Դել Պիերոն առաջին անգամ պոկերի հեղինակ դարձավ’