‘Սերժ Սարգսյանն ու Պուտինը հանդիպեցին լրագրողների հետ’

816

Նախագահական նստավայրում մեկնարկել է Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումը: Կրեմլի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանը դինամիկ է գնահատել հայ ռուսական հարաբերություննեի զարգացման ընթացքը: «Մեր հանդիպումները կրում են պարբերական բնույթ: Վերջերս միմյանց հետ մասնակցում էինք ԱՊՀ, Մաքսային միության, իսկ մինչ այդանցկացրեցինք, իմ կարծիքով, արդյունավետ հանդիպում Սոչիում` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովում: Մինչ այդ էլ ես գտնվում էի Մոսկվայում և մենք Ձեզ հետ խոսեցինք մեր ընդհանուր գործերից, մեր` Մաքսային միությանն անդամակցելու ցանկության մասին: Շնորհակալ եմ Ձեզ, որ ընդունեցիք մեր առաջարկը և պետական այցը Հայաստան սկսեցիք հենց Գյումրիից: Դա մեր ամենակոլորիտային և ամենապահպանողական քաղաքն է: Եվ իհարկե, միջտարածաշրջանային ֆորումին Ձեր մասնակցությունը տվեց լրիվ այլ նշանակություն»,- նշել է Սերժ Սարգսյանը:
Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի գերագույն գլխավոր հրամանատարի այցն անպայման դրականորեն կանդրադառնա Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի մարտական պատրաստավածության վրա, որի կազմը համաձայն երկու երկրների միջև առկա պետական պայմանագրերի, հանդիսանում է Հայաստանի անվտանգության կարևորագույն բաղադրիչը:
«Վլադիմիր Վլադիմիրի, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն պայմանագրերի համար, որոնք մենք կստորագրենք, և որոնք նշանակալի դեր ունեն այս անցումային ժամանակահատվածում: Դա թույլ կտա հայկական տնտեսությանը նորմալ զարգանալ»,- ասել է հանրապետության նախագահը: Իր հերթին, ՌԴ նախագահը նշել է, որ Հայաստանին և Ռուսաստանին միավորում են հատուկ հարաբերություններ. դրանք ավելին են, քան ռազմավարական գործընկերությունը: «Ես արդեն երրորդ անգամ եմ այստեղ: Դուք քիչ առաջ հիշատակեցիք Գյումրիում մեր բազայի մասին: Մենք այսօր Գյումրիում հանդիպման ընթացքում և’ մեքենայում, և’ ինքնաթիռում այս մասին շատ ենք խոսել: Մենք շատ կցանկանայինք, որ տարածաշրջանի խնդիրները լուծեինք ոչ թե զենքի, այլ դիվանագիտության, բոլոր երկրների համար ընդունելի պայմանավորվածությունների միջոցով»,- ասել է ՌԴ նախագահը:
Պուտինն ընդգծել է, որ շատ են անցյալից մնացած խնդիրները, սակայն նաև կարծիք է հայտնել, որ դրանք պետք է կարգավորվեն սովորական մարդկանց շահերից ելնելով, ովքեր «բառիս բուն և փոխաբերական իմաստով աշխատում են այդ հողի վրա»: «Եվ եթե մենք ելնենք դրանից, ապա միշտ էլ կարելի է լուծումներ գտնել»,- շեշտել է ՌԴ նախագահը:
Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին` Պուտինն ընդգծել է, որ դրանք շատ հաջող են զարգանում, իսկ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքին միանալու Հայաստանի որոշումը հնարավորություն է տվել պատրաստել բոլոր համապատասխան փաստաթղթերը ստորագրման համար: Նրա բնորոշմամբ` ՄՄ-ին անդամակցությունից հետո Հայաստանը սեփական ուժերի վստահություն կզգա: «Անհրաժեշտ է ստեղծել «անվտանգության բարձիկ» Հայաստանի տնտեսության համար, և մեր այսօրվա պայմանավորվածությունները, հենց դրան էլ ուղղված են»,- ընդգծել է Պուտինը:

Նախորդ հոդվածը‘Ինչպես են ոստիկանները մարդկանցից «մաքրում» նախագահականին կից տարածքը. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Anonymous-ը սպառնացել է Ուկրաինական իշխանություններին’