‘
Հայաստանը Թուրքիայից պահանջում է Ցեղասպանության ճանաչում, իսկ թե դրան ինչ կհետեւի, այդ ամենը բանակցությունների առարկա է, հայտարարել է Սերժ Սարգսյանը ռուսաստանցի հայտնի լրագրող Վլադիմիր Պոզների հետ հարցազույցի ժամանակ:
Պոզների հարցին՝ ինչո՞ւ Թուրքիան չի ճանաչում Ցեղասպանություն, «գուցե՝ մտավախություն ունեն, որ ճանաչումից հետո Հայաստանը նյութական փոխհատուցու՞մ կպահանջի», Սարգսյանը պատասխանեց.
«Ավելի շատ պահանջների մասին խոսում են թուրքական հասարակությունում, ոչ թե Հայաստանում: Իրականում, հնարավոր է, որ Թուրքական ղեկավարությունը նման մտավախություն ունի, բայց ես կարծում եմ, որ դա հարցի երկրորդ կողմն է: Առաջին կողմը դա ճանաչումն է: Երբ ժխտում են, դրանից ավելի շատանում են զգացմունքները, դրանից ցավն ավելի է մեծանում: Երբ գիտակցաբար են ճանաչում, այլ ոչ թե որեւէ ճնշման տակ, դա ավելի արժեքավոր է»:
Սարգսյանի խոսքով, հայ-թուրքական արձանագրությունների հետկանչը Ազգային Ժողովից քաղաքական քայլ էր, ոչ թե իրավական: «Այդ փաստաթղթերն այսօր գոյություն ունեն, եւ եթե թուրքական խորհրդարանը վավերացնի, կարծում եմ, մեր խորհրդարանն էլ դա այդ կանի, թեեւ հույս չկա, որ մոտակա ժամանակները նրանք այդ կանեն», — ասել է նա:
Ըստ Սերժ Սարգսյանի, ԱՄՆ-ն եւ Իսրայելը Ցեղասպանությունը չեն ճանաչում, որովհետեւ նրանց համար շահերն ավելի կարեւոր են, քան համամարդկային արժեքները:
‘