‘Սերժ Սարգսյան. ՀՀ-ն ամեն ինչ անելու է՝ ՌԴ հետ հարաբերությունները ավելի բարձր մակարդակի հասցնելու համար’

1048

Չնայած երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը՝ Հայաստանը եւ Ռուսաստանը մտադիր են է՛լ ավելի զարգացնել հարաբերությունների մակարդակը: Ըստ Կրեմլի պաշտոնական կայքի՝ այդ մասին Սերժ Սարգսյանի հետ հանդիպման սկզբում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ես շատ ուրախ եմ, որ մեր հարաբերություններն ինտենսիվորեն զարգանում են, բոլոր ուղղություններով կապերը շատ հաճախակի են: Խորհրդարանական, միջկառավարական, գործարար ոլորտում», — ասել է Պուտինը:

Նա նշել է, որ երկու երկրների միջեւ, նախորդ տարվա համեմատ՝ ապրանքաշրջանառության աճը գերազանցում է 23 տոկոսը: «Ռուսաստանը Հայաստանի թիվ 1 առեւտրա-տնտեսական գործընկերն է: Այդ միտումները պահպանվում են», — հավելել է ՌԴ առաջնորդը:

 Իր կողմից՝ Սերժ Սարգսյանը հավելել է, որ երկու երկրների հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների դարավոր բարեկամության եւ եղբայրության վրա: «Ես համոզված եմ, որ այդ հարաբերությունները այսուհետեւ էլ զարգանալու են փոխըմբռնման հիման վրա՝ համաձայն բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին Պայմանագրի», — ասել է Սարգսյանը:

Նա ընդգծել է, որ Հայաստանի համար թանկ են այդ հարաբերությունները, եւ «մեր երկիրն ամեն ինչ անելու է, որպեսզի դրանք զարգանան»: «Դա մեզ համար առաջնահերթություն է… Միեւնույն ժամանակ, կան խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն, որպեսզի մեր հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասնեն: Եւ դրա համար էլ ես Մոսկվա եմ եկել», — ամփոփել է Սարգսյանը:

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիան և Գերմանիան հրապարակել են Սիրիայում քիմիական գրոհի վերաբերյալ հետախուզական տվյալները’
Հաջորդ հոդվածը‘Սկանդալ Իսպանիայում. ինչպես ձախողվեց Էրերայի «ՄՅՈՒ» տեղափոխությունը’