‘
Մոսկվան մոտ ժամանակներս գործող պայմանագրի շրջանակներում Երեւանին զենք կմատակարարի, նոր ստորագրված՝ 100 միլիոնանոց պայմանագրի իրականացումը կսկսվի բոլոր միջկառավարական համաձայնագրերն ավարտելուց հետո, РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Լրագրողի այն հարցին, թե Եվրամիության հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության պայմանագրում, որի ստորագրումը նախատեսվում է նոյեմբերի վերջին Բրյուսելում, «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակներում, կա մի կետ, որով նախատեսվում է Մեծամորի Հայկական ատոմակայանի փակումը, արդյո՞ք դա տեղի է ունենալու ԱԷԿ-ի նորացման վերաբերյալ հայ-ռուսական պայմանագրի ժամկետն սպառվելուց հետո (2026 թ. հետո), թե՞ ավելի վաղ, Սերժ Սարգսյանը պատասխանել է.
«Այդ բանավեճերը (ատոմակայանի փակման վերաբերյալ), արհեստականորեն են հարուցվում եւ ոչ մի կապ չունեն իրականության հետ: ԵՄ-ի հետ պայմանագրի նախագծում այդ կետում թերասացություն կա՝ նկատի ունենալով Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման օբյեկտիվ ժամկետը: Հայաստանի կառավարությունը 2014 թ. մարտին որոշում է կայացրել Հայկական ԱԷԿ-ի շահագործումը երկարացնելու մասին: Ֆինանսավորումն իրականացվելու է ռուսաստանյան պետական արտահանման վարկի հաշվին, 270 միլիոն դոլար գումարով եւ 30 միլիոն դոլարի դրամաշնորհով: Ներկայումս, «Ռոսատոմ» պետական ընկերության հետ միասին, շարունակվում են աշխատանքները ԱԷԿ-ի երկրորդ բլոկի շահագործման ժամկետը երկարացնելու ծրագիրն իրականացնելու ուղղությամբ:
Կարեւոր է նշել, որ ԱԷԿ-ը գործում է ՄԱԳԱՏԷ-ի չափանիշներին լրիվ համապատասխան, եւ դա միջազգային մասնագիտացված հաստատությունների եզրակացությունն է: Միջոցառումներ են անցկացվում նախագծային եւ շահագործման անվտանգության մեծացման, ինչպես նաեւ՝ նորացման ուղղությամբ: Այնպես որ՝ Մեծամորի ԱԷԿ-ն առնվազն մինչեւ 2027 թվականը կաշխատի: Մենք կարծում ենք, որ մեր անվտանգության, առաջին հերթին՝ էներգետիկ անվտանգության համար, ատոմային էներգիան միշտ ներկա կլինի Հայաստանում»:
‘