‘Սերժ Սարգսյան. Մի՞թե չենք կարողանում մի մարդ գտնել, որը կարող է առանց կմկմալու հարցեր տալ’

1576

Սերժ Սարգսյանն այսօր Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանի դահլիճում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է վերջին շրջանում իր հասցեին հնչող քննադատություններին, մասնավորապես, որ իր նախընտրական հանդիպումները անցկացնում է հիմնականում դահլիճներում եւ որոնց մասնակցում են նախապես ցուցակագրված մարդիկ: 

«Եվ մեզ մեղադրում են, որ այսպիսի հանդիպումների ժամանակ դահլիճ ենք հրավիրում մեզ համար ցանկալի մարդկանց: Մենք գիտենք, թե ում ենք հրավիրում, դրա համար մեզ մեղադրում են: Բա ի՞նչ անենք:  Երբ հանրահավաք ենք հրավիրում, մեզ մեղադրում են, ասում են` դպրոցի տնօրենները երեխաներին են բերում, ցուրտ է, անհարմար պայմաններ են: Երբ դահլիճային հանդիպումներ ենք անցկացնում, ասում են` իրենց մարդկանց են բերում, ցուցակով են ներս թողնում: Բա ի՞նչ անենք, հայտարարենք` դահլիճում հանդիպում է լինելու, հանկարծ հանդիպմանը, չգիտեմ, մեկ էլ տեսար 1500 հոգի որոշեցին գալ այս հանդիպմանը, բա ի՞նչ ենք անելու», — ասել է Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը անդրադարձել նաեւ այն մեղադրանքներին, որ սովորաբար դահլիճներում իր նախընտրական հանդիպումներին մասնակցողները նախօրոք գիտեն, թե ինչ հարցեր են ուղղելու իրեն, եւ երբեմն նախօրոք գրված հարցերը այնքան խրթին են լինում, որ շարքային քաղաքացին անգամ ի վիճակի չի լինում դրանք արտաբերել: Նկատենք, որ գրեթե բոլոր համայնքներում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում իսկապես հարց տվողների մեծ մասը դժվարանում է բացատրել, թե ինչ է ուզում ասել:

«Ասում են` կմկմալով են հարցերը տալիս: Որքանո՞վ է տրամաբանական: Եթե մենք այդպիսի գործունեությամբ ենք զբաղվում, մի ամբողջ շրջանում մի՞թե չենք կարողանում մի մարդ գտնել, որը կարող է առանց կմկմալու հարցեր տալ: Բնական է չէ՞, որ մեր հանդիպումների ժամանակ լինում են մարդիկ, ովքեր մի կողմից չունեն համապատասխան կրթություն: Հետո՞… նրանք մեր քաղաքացիները չե՞ն, թե այդ մարդիկ իրավունք չունե՞ն հարցեր տալու», — ասել է Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը անդրադարձել է նաեւ թեկնածուներից մեկի այն հայտարարությանը, որ ինքը նախընտրական հանդիպումների ժամանակ կարդում է ուրիշների կողմից գրված ճառերը: Սարգսյանը չի էլ թաքցրել՝ ասելով, որ ինքը չի գրում իր ելույթները, դրա վրա աշխատում է թիմը:

«Կարծես թե նոր Ամերիկա է հայտնագործել մարդը, եւ նա չի հասկանում, որ լսարան հարգող ցանկացած մարդկ ունի թիմ եւ այդ ելույթների վրա թիմն է աշխատում, բա ո՞վ պետք է աշխատի: Ենթադրենք, ես այսօր հինգ ելույթ ունեմ, եթե ես ինքս իմ ելույթները սկսեմ գրել, էդ երբ կհասցնե՞մ այդ ելույթները գրել, հետո այդ ելույթներով հանդես գալ», — ասել է Սարգսյանը:
Ի դեպ, Նորք-Մարաշում եւ Նոր Նորքում կազմակերպված հանդիպումներին նույնպես մասնակցում էին կրթական հաստատությունների, մասնավորապես` մանկապարտեզների աշխատակիցներ: Նրանք չեն թաքցրել, որ հանդիպման են եկել իրենց վարիչների կարգադրությամբ: Նորք-Մարաշում Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը մասնակցում էր նաեւ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը: Նա «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ երեկ է ժամանել Հայաստան, բայց այս հանդիպմանը մասնակցում է ոչ որպես դեսպան, այլ իբրեւ բնակիչ:

 

Աղբյուրը՝ «Ազատություն»ռ/կ

Նախորդ հոդվածը‘Է. Նալբանդյան. Ոչ Հայաստանը, ոչ ԼՂ-ն երբևէ չեն կապել Ստեփանակերտի օդանավակայանի բացումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ’
Հաջորդ հոդվածը‘Դատարանը «Բարսելոնայի» նախկին նախագահին պարտադրել է փոխհատուցել 23 միլիոն եվրոյի վնասը’