‘Սերժ Սարգսյան. Ռուսները մեզ չեն պարտադրում (տեսանյութ)’

3097

Հայաստանի իշխանությունները մի «գեշ խասյաթ» ունեն. եթե նրանք մի օր մի բան են հայտարարում, ապա դա դեռ երաշխիք չէ, որ մյուս օրը հակառակ բանը չեն հայտարարի: Ավելին, դա էլ դեռ երաշխիք չէ, որ չեն անի լիովին այլ բան: Քաղաքական հարցերում իշխանությունների վարքը կարելի է բնութագրել որպես կայուն-տատանվող: Մեկ՝ աջ, մեկ՝ ձախ, մեկ՝ հյուսիս, մեկ՝ հարավ, մեկ՝ արեւմուտք, մեկ՝ արեւելք: Մի խոսքով՝ քամին ինչպես փչի: Ընդ որում՝ հերիք չէ, որ իշխանություններն իրենց վարքում եւ հայտարարություններում չեն դրսևորում շարունակականություն եւ հավատարմություն որոշակի սկզբունքերի, դեռ մի բան էլ՝ մոռանում են, որ եթե իրենք իրենց նախորդ հայտարարությունները կարող են  մոռանալ, կամ՝ ձեւ անել, թե մոռանում են, հասարակությունն այդպես չի վարվի երբեք, առավելեւս՝ այսօր՝ տեխնոլոգիաների դարում:  Ի դեպ, սույն սկզբունքը իշխանությունները կիրառում են ցանկացած բնագավառում:

Բայց այս պահին մեզ հետաքրքրում է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը վերաբերող հանգամանքը: Եւ այսպես, տեսնենք, թե ինչ էին ասում ՀՀ պաշտոնյաները այդ մասին մինչեւ հիմա:

04.04. 2012

Հատված Տիգրան Սարգսյանի՝ «Կոմերսանտին» տված հարցազրույցից

«Ինտեգրման գործընթացներում մենք չենք տեսնում մեզ համար արգելքներ «ԵվրԱզԷս»-ի և ԱՊՀ երկրների տարածքում: Մենք շահագրգռված ենք, որ այդ գործընթացները խորանան ու ուժեղանան: Բայց համաշխարհային պրակտիկայում չկա այնպիսի օրինակ, որ երկիրը, չունենալով սահմաններ, դառնա Մաքսային միության անդամ: Դա անիմաստ կլիներ»:

18.03.2013

Հատված Սերժ Սարգսյանի «հայտնի» մամուլի ասուլիսից.

«Մի բան ձեզ պետք է ասեմ՝ մի հավատացեք բոլոր այն մարդկանց, հանդես գան նրանք լրատվամիջոցներում, թե հանրահավաքներում, խոհանոցներում, թե թատրոններում, միևնույն է, մի հավատացեք նրանց, ովքեր ասում են, որ ռուսները մեզ պարտադրում են դառնալ Մաքսային միության անդամ: Չկա այդպիսի բան: Որքա՞ն կարելի է կրկնել: Մենք հակառակը կարող ենք ասել՝ Մաքսային միության անդամները դեռևս ցանկություն չունեն որևէ մեկին ներգրավելու, գոնե մեր մասով ես չեմ տեսել այդպիսի ցանկություն: Ես չեմ կարող, չէ՞, հենց այնպես խոսել, որովհետև ես իմ մտածածների մասին չեմ ասում, ես ասում եմ բանակցությունների մասին, ասում եմ իրականության մասին:…

Մենք ազնիվ ենք մեր վարքում, մեր գործունեության մեջ: Մենք մեկին չենք խոստանում, որ վաղը վազելով գալու ենք, ու հետո գնում մյուսին ասում՝ ոչ, ձեզ մոտ ենք գալիս: Այդպիսի մարդիկ քաղաքականության մեջ շատ կարճ կյանք են ունեցել: Եվ այդպես էլ լինելու է: Մեր երկրի օրինակներում էլ կան այդպիսիք: Երբ պատասխանատու անձը գնում է մի տեղ և իր երկրի Նախագահի արած հայտարարությանը հակառակ հայտարարություն է անում, հետո գալիս, ասում է՝ ուրիշ բան եմ ասել: Չի լինի այդպես ո՛չ ներքին կյանքում, ո՛չ արտաքին քաղաքականության մեջ»:

01.06.2013

Հատված Տիգրան Սարգսյանի եւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպման ավարտից հետո տարածված մամլո հաղորդագրությունից.

«Ռուսաստանը կարևորում է Հայաստանի՝ Մաքսային միությանն ինտեգրվելու ձգտումը. հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: «Մեր հանդիպումը ԱՊՀ-ի ձևաչափի շրջանակներում էր, բացի այդ՝ մենք քննարկել ենք Մաքսային միությանը և ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցերՀայաստանը ցանկանում է մասնակցել այս գործընթացին, և դա մեզ համար նույնպես կարևոր է, պարզապես անհրաժեշտ է հստակեցնել այս համագործակցության ձևաչափը», — ասել է Մեդվեդևը:  Տիգրան Սարգսյանն իր հերթին հայտնել է, որ Հայաստանի դիրքորոշումը «հստակ է և կասկածից վեր: Մեր նախագահներն էլ են քննարկել այս թեման: Հիմա արդեն պետք է տեխնիկական մակարդակում որոշվի՝ ինչ տեմպերով ու ինչ քայլերով առաջ գնալ»:

03.09.2013

Հատված Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարությունից.

«Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Ա. Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության որոշման և այդ նպատակով անհրաժեշտ կատարելիք քայլերը ձեռնարկելու մասին, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու վերաբերյալ»:

Իսկ դուք ասում եք՝ չի կարող պատահել: Կարող է: Արդեն պատահել է:

Հ.Գ. Ի դեպ, Մաքսային միության վերաբերյալ մի ուրույն հայտարարություն էլ օրերս արել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ նշելով, թե Հայաստանն այդպիսով կկորցնի իր սուվերենությունը: Բայց վերջինս արդեն «ատկազ» է կանգնել սեփական խոսքերից:

Ք.Խանումյան 

Նախորդ հոդվածը‘Արամ Խաչատրյանի 110-ամյակը կնշվի համերգներով եւ միջազգային գիտաժողովով’
Հաջորդ հոդվածը‘ ՃՏՊ Հրազդան-Հանքավան ճանապարհին’