‘
Իտալիայի առաջնությունում տեղի ունեցավ միջշաբաթյա խաղային տուրը, որտեղ ի հայտ եկավ նոր առաջատար: «Ռոման», հռոմեական դերբիից հետո, լավ տրամադրությամբ անցկացրեց մրցաշրջանի իր լավագույն խաղերից մեկը և 3 միավոր վաստակելով «Սամպդորիայի» հետ խաղում՝ 3 տարի ընդմիջումից հետո վերադարձավ «Սերիա Ա-ի» առաջին հորիզոնական: Հետաքրքիր է, որ 2010-ին հենց ջենովացիների դեմ խաղում պարտություն կրելով՝ «գայլերը» առաջին հորիզոնականը, իսկ հետագայում նաև «Սկուդետտոն» զիջեցին «Ինտերին»:
Նույն ժամին մրցաշրջանում առաջին անգամ չկարողացավ հաղթանակ տանել «Նապոլին»՝ «Սասուոլոյի» դեմ խաղում, որտեղ շատերը նրանցից սպասում էին անողոք ջախջախում:
Հերթական միավորները կորցրեց նաև «Միլանը», բայց «Բոլոնյայի» դեմ խաղում 1 միավորը կարող է համարվել հաղթանակ: Ալեգրիի սաները փայլուն ֆուտբոլ ցուցադրեցին հատկապես հանդիպման վերջին 15 րոպեների ընթացքում, երբ հաշիվը 3-1 էր՝ հօգուտ տանտերերի: Ռոբինյոն 89-րդ րոպեին հաշիվը դարձրեց 3-2, իսկ Աբատեն՝ 3-3: Իսկ ասում են, թե «Սերիա Ա-ում» գոլառատ և գեղեցիկ ֆուտբոլ չկա:
«Յուվենտուսն» էլ հերթական «կարգի հաշվին» հաղթանակը տարավ, չնայած ստիպված էր տառապել Բուֆֆոնի սխալից հետո:
Այսօր էլ տեղի կունենա երկու փայլուն, հզոր մասնագետների՝ Մացարիի և Մոնտելայի դիմակայությունը՝ «Ինտեր» — «Ֆիորենտինա»:
Արդյունքներ
«Ուդինեզե» — «Ջենոա» 1-0
«Բոլոնիա» — «Միլան» 3:3
«Կիևո» — «Յուվենտուս» 1:2
«Լացիո» — «Կատանիա» 3:1
«Լիվորնո» — «Կալյարի» 1:1
«Նապոլի» — «Սասսուոլո» 1:1
«Պարմա» — «Ատալանտա» 4:3
«Սամպդորիա» — «Ռոմա» 0:2
«Տորինո» — «Վերոնա» 2:2
‘