‘Սերխիո Ռամոսն իրեն անտեղյակի տեղ է դրել’

1204

Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը չի ցանկացել մեկնաբանել «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի` իր հասցեին արված հայտարարությունը: 

«Չելսի» հարձակվող Դիեգո Կոստայի և կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի` Իսպանիայի հավաքականի հրավերը առողջական պատճառներով մերժելու և Բելառուսի, Գերմանիայի հավաքականների հետ խաղերին չմասնակցելու հետ կապված Ռամոսն ասել էր, թե կասկածում է վերոնշյալ ֆուտբոլիստների անկեղծությունը: Լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին դուր չէր եկել իր նախկին սանի հայտարարությունը, և պորտուգալացի մասնագետը պատասխան հարված էր տվել.

«Ռամոսը լավ ֆուտբոլիստ է, բայց բժիշկ չէ: Ոչ ոքի հետ չեմ պատրաստվում վիճել, սակայն չեմ կարծում, որ վերջին տարիներին Ռամոսը բժշկական գիտությունների թեկնածուի կոչում է ստացել և կարող է հստակ խոսել այս թեմայի վերաբերյալ»,-ասել էր Մոուրինյոն:

Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի` «Մալագայի» հետ խաղից հետո լրագրողները Ռամոսին խնդրել են մեկնաբանել Մոուրինյոյի հայտարարությունը, ինչին իսպանացի ֆուտբոլիստն ի պատասխան ասել է.

«Մոուրինյո՞ն… Ես «Սելտայի» նախագահի մասին ասելիք չունեմ («Սելտա»-ի նախագահի անունը Կարլոս Մոուրինյո է: Այդ թիմի հետ մադրիդյան ակումբը խաղալու է Լա Լիգայի հաջորդ տուրում)»,-իսպանական AS-ի հետ զրույցում ասել է պաշտպանը:

Նշենք, որ Մոուրինյոյի` «Ռեալ»-ը գլխավորելու ժամանակահատվածում բազմաթիվ էին վիճաբանությունները մարզչի ու թիմի ֆուտբոլիստների միջև, մթնոլորտը հանդերձարանում ծանր էր:

«Կարևոր հաղթանակի ու նվաճման հասանք: Կարելի է շնորհավորել Անչելոտիին ու ամբողջ մարզչական շտաբին: Մենք ճիշտ ուղու վրա ենք: «Ռեալ»-ի հանդերձարանում խաղաղություն է տիրում, և դա առանձնահատուկ կարևոր է թիմի համար»,- հավելել է Ռամոսը:

Նախորդ հոդվածը‘«Արսենալի» երկրպագուներ. «Շնորհակալություն հիշողությունների համար, Արսե´ն: Ժամանակն է հեռանալ»’
Հաջորդ հոդվածը‘Տեղի է ունեցել Կոնգրեսի վարչության նիստ’