‘Սերխիո Ռամոս. «Ֆուտբոլը խաղ է, որում վաղ թե ուշ գալիս է այն պահը, երբ դու պարտվում ես ու դուրս ես մնում մրցաշարից »’

804

ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է «Ռեալի» կազմում հիանալի մրցաշրջանի, հավաքականի կազմում ձախողած Աշխարհի առաջնության, կյանքում եղած փոփոխությունների մասին: Ներկայացնում ենք հարցազրույցը թարգմանաբար;

Սերխիո՛, 2014 թվականը Ձեզ համար առանձնահատուկ էր: Կարելի՞ է այն համարել լավագույնը Ձեր կարիերայում:

-Այո՛: Կարծում եմ` այո: Տարին լիարժեք էր ինչպես պրոֆեսիոնալ տեսանկյունից, այնպես էլ անձնական կյանքի: Անհավանական տարի էր` լի դրական էներգիայով, նպատակներին հասել ենք, երազանքներն իրականցվել են: Էլ ի՞նչ կարելի է խնդրել կյանքից: Ես հայր եմ դարձել, դա ոչնչի հետ չհամեմատվող զգացողություն է: Իմ ընտանիքում և իմ տանն այժմ կայունություն է: Այս ամենին գումարած` ես տիտղոսներ եմ նվաճել, թիմի հետ հաջողությունների եմ հասել: Ինձ համար հիանալի տարի էր:

Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի 10-րդ գավաթը նվաճելը յուրահատուկ իրադարձություն էր: Հաղթանակի ճանապարհին որքա՞ն մեծ էր ճնշումը:

-«Ռեալում» անցկացրած 10 մրցաշրջանի ընթացքում ես շատ տիտղոսներ եմ նվաճել, պակասում էր միայն Չեմպիոնների լիգայի գավաթը: Դրա համար 2014-ը համարում եմ լավագույն տարին: «Ռեալում» միշտ քննարկել են Դեսիմայի թեման, մենք պարտավոր էինք դա անել: 2002 թվականից չէինք հաղթել Չեմպիոնների լիգայում և լի էինք վճռականությամբ ապացուցելու, որ արժանի ենք ակումբին վերադարձնել իր տեղը` ինչպես թիմի տեսանկյունից, այնպես էլ կազմակերպության: Բացի այդ, հաճելի է անհատական մասնակցությունը. ներդրում ունեցա կիսաեզրափակչի և եզրափակչի հաղթանակներում: Դա իմ կյանքի լավագույն պահերից մեկն էր:

 

Ձեզ չհաջողվեց զգալ հաղթանակի բերկրանքն Իսպանիայի հավաքականի հետ` չնայած տիտղոսներով լի մի քանի տարիներին

-Իհարկե, կարևոր է կարողանալ հավաքականի իրավիճակը չխառնել ակումբի հետ, սակայն հիանալի կլիներ, եթե կարողանայինք լավ հանդես գալ նաև Աշխարհի առաջնությունում: Անխոս, այս տարին շատ ինտենսիվ էր, ժամանակացույցը հագեցած էր: Հնարավոր է` մենք Բրազիլիա ժամանելիս լավագույն մարզավիճակում չէինք: Հասկանալի է, որ յոթ տարի հաջողակ ենք եղել, բայց հնարավոր չէ անընդհատ հաղթել, նվաճել տիտղոսներ: Մենք յուրօրինակ ժամանակաշրջան ենք ունեցել, հրաշալի ֆուտբոլիստների սերունդ, հաղթել ենք Աշխարհի առաջնությունում և երկու անգամ Եվրոպայի առաջնությունում: Տեսնենք` կկարողանա ինչ-որ մեկը դա կրկնել:

Ֆուտբոլը խաղ է, որում վաղ թե ուշ գալիս է այն պահը, երբ դու պարտվում ես ու դուրս ես մնում մրցաշարից: Այժմ պետք է կենտրոնանանք ապագայի վրա, որպեսզի նոր թիմ կառուցենք, նորից դառնանք մրցունակ, դառնանք թիմ, որը հավատում է հաղթանակին:

Դուրս մնալուց հետո շարունակեցի՞ք հետևել Աշխարհի առաջնությանը:

-Իհարկե, չէ՞ որ ես սիրում եմ ֆուտբոլը: Այն ինձ դուր է գալիս, դրա համար էլ նայում եմ, թե ինչպես են լավագույն ֆուտբոլիստները հանդես գալիս Աշխարհի առաջնությունում: Բնականաբար, հիասթափության որոշակի մակարդակ կա, բայց հետո դու ուրախանում ես թիմակիցներիդ համար, ովքեր շարունակում են ելույթները և պաշտպանում են իրենց հավաքականների գույները: Բայց այո՛, ինձ համար մի փոքր ցավալի էր, տխուր էի, որ տուն եմ վերադարձել և այնտեղ չեմ:

Գերմանիան արժանի՞ էր չեմպիոնության:

-Կարծում եմ` այո: Եզրափակչում կարող է ամեն ինչ տեղի ունենալ, այն կարող է ընթանալ ցանկացած սցենարով: Արգենտինան ևս ֆավորիտների ու հավակնորդների թվում էր: Գերմանիայի հավաքականը մի քանի տարի հասնում էր մինչև կիսաեզրափակիչ` ցուցադրելով յուրօրինակ խաղային փիլիսոփայություն, թիմային միասնականություն. համենայն դեպս, ինձ այդպես էր թվում: Նրանք արժանի էին տիտղոսը նվաճելուն, նրանք հրաշալի ունակություններով ֆուտբոլիստներ ունեն: Ընդ որում` ոչ միայն երբ խաղում են Բունդեսլիգայում, այլև հավաքականում:

Ոմանք ասում էին, որ Գերմանիան կարող էր և չհաղթել Աշխարհի առաջնությունում, եթե Իսպանիայի հավաքականից չվերցներ մարտավարության որոշակի գաղափարներ: Դուք համամի՞տ եք:

-Չգիտեմ: Երբ ինչ-որ հավաքական հաջողության է հասնում, մյուսները վերցնում են այն, ինչը կարող է ապագայում անհրաժեշտ լինել: Այդ տեսանկյունից, կարծում եմ` Իսպանիայի հավաքականի սերնդի շնորհիվ մենք հիմք դրեցինք ինչ-որ ժամանակաշրջանի և դրանում ներառեցինք անհատականությունը: Իսպանիան միակ հավաքականն էր, որը նման ֆուտբոլ էր ցուցադրում: Մարդիկ հաճույք էին ստանում հավաքականի բոլոր տարիքային խմբերի խաղերը դիտելիս: Գուցե որոշ թիմերի հետաքրքրել են ինչ-որ գաղափարներ, մարտավարությունը, որը նրանց ևս համապատասխանել է: Գրեթե բոլոր մրցաշարերում մենք հանդիպում ենք Գերմանիայի հավաքականի հետ, որին, այսպես ասած, մենք ամենաշատն ենք նեղացրել: Հնարավոր է` դրա համար նրանք բոլորից լավ են դասը սերտել:

Վերադառնալով անհատական ելույթներին` 2014 թվականին Ձեր գոլ խփելու ունակությունը եկավ առաջնային պլան: Դուք չե՞ք կարծում, որ դա հակասում է այն ֆուտբոլիստի էությանը, ում հիմնական առաջադրանքը պաշտպանությունն է:

-Մենք` պաշտպաններս, պետք է համակերպվենք այդ մտքի հետ: Մեր աշխատանքը մեծ գնահատականի չի արժանանում: Մարդիկ հաճախ չեն քննարկում, թե ինչ լավ են պաշտպանվել, որ գոլ չեն ընդունել: Ի վերջո, ուշադրության կենտրոնում նրանք են, ովքեր գոլեր են խփում: Դա գումար է բերում և թույլ է տալիս ֆուտբոլին զարգանալ ժամանակակից պայմաններում: Իմ բախտը բերել է, որ կարողացել եմ գոլային ներդրում ունենալ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում, եզրափակչում և Աշխարհի ակումբային առաջնությունում: Որպես պաշտպան` ես կարող եմ ասել, որ թիմը 11 հոգուց է բաղկացած, ոչ թե միայն նրանցից, ովքեր գոլ են խփում և այն տոնում են: Հարձակվողին պետք է կիսապաշտպանության և պաշտպանության օգնությունը, քանի որ սա թիմային խաղ է, ոչ թե անհատական: Որքան էլ ցանկանան, նրանք չեն կարող ամեն ինչ ինքնուրույն անել:

 

Այսպիսով, մենք սահուն մոտենում են ֆուտբոլիստի եսասիրության հարցին: Ինչպիսի՞ն է կյանքն աստղային անուններով լցված հանդերձարանում:

-Հիմքում փոխադարձ հարգանքն է: Իհարկե, հանդերձարանի մթնոլորտը կարող է շատ բարդ լինել, երբ տարբեր երկրների, տարբեր մշակույթների մարդիկ են հավաքված, ովքեր խոսում են տարբեր լեզուներով: Երբ շուրջդ ամեն ինչ խառնված է իրար, պետք է կարողանաս գլուխ հանել: Այս տեսանկյունից փորձում ենք հեշտացնել նորեկների կյանքը համբերության և հարգանքի շնորհիվ: Մենք փորձում ենք նրանց օգնել հնարավորինս շուտ հարմարվել: Այս առումով Կարլո Անչելոտին շատ կարևոր դերակատարություն ունի: Նա ֆուտբոլիստ է եղել, գիտի ամեն ինչ այն ֆուտբոլիստների մասին, ովքեր այլ ակումբ են տեղափոխվում, հասկանում է այն խնդիրները, որոնց հետ նրանք կարող են բախվել:

Ի՞նչ այլ հատկանիշներ ունի Անչելոտին:

-Նա նկատում է, թե ինչպես է ֆուտբոլիստը հարմարվում, փորձու՞մ է արդյոք հարաբերություններ հաստատել թիմակիցների հետ, թե՞ ոչ: Այս մարզիչը քեզ մի կողմ է տանում, զրուցում է հետդ, փորձում է ամեն ինչ հնարավորինս հարթել: Կարծում եմ` նա իմ կարիերայի երկու լավագույն մարզիչներից մեկն է: Բացի այդ, նա լավ մարդ է, ինչը հաճելի հավելում է, երբ խոսքը ֆուտբոլիստների հետ աշխատանքի է վերաբերում:

Անչելոտին, իսկ ո՞վ է երկրորդը:

-Օ՜, սա բարդ հարց է: Լուիս Արագոնեսը, Խոակին Կապարոսը, ով ինձ շատ էր հավատում, երբ ես ոչինչ էի: Ես ֆանտաստիկ մարզիչներ եմ ունեցել, սակայն Անչելոտին հաստատ լավագույն եռյակում է:

Նախորդ հոդվածը‘Անխել դի Մարիա. «Ես շատ լավ սկսեցի, ակնկալիքները մեծացան, բոլորը մտածեցին, որ կշարունակեմ նույն ոգով…»’
Հաջորդ հոդվածը‘Մարտինո. «Հաճելի է տեսնել, որ Մեսսին աջ եզրին մոտ է խաղում»’