Սեւակ Արամազդ․ Փաստերի բացարձակ իրականութիւնը

5152

Հայաստանի Անկախութեան 30-ամեակի առթիւ

Անհաղորդ հայոց ողբ ու կականին, խոր հիասթափութիւններին ու յուսահատ յոխորտանքներին, ցնորական ցանկութիւններին ու հրաբորբոք բողոքներին, վրիժառու կամքի վայրկենական բռնկումներին ու յաւիտենական վախերին՝ Պատմութիւնը քմծիծաղով նայում է հայ իրականութեան այդ խառնափնթոր պատկերին ու անտարբեր շարունակում իր ընթացքը։

Թէ ի՞նչ պատճառով, ի՞նչ եղանակով եւ ինչի՞ հետեւանքով, ո՞ր կուսակցութեան առաջնորդութեամբ եւ ինչպիսի՞ գաղափարախօսութեամբ, ժողովրդավարութեա՞ն, թէ՞ բռնապետութեան գերիշխանութեամբ են կատարւում դէպքերն ու իրադարձութիւնները՝ այդ բոլորը թէեւ կարեւոր են մարդկային տեսակէտից, սակայն Պատմութեան համար ընդամենը պայմանական մանրուքներ են, գեղարուեստական մանրամասներ։

Պատմութիւնը մտածում է հսկայ կատեգորիաներով, եւ նրա օրէնքներն ու օրինաչափութիւնները գործում են միանգամայն եւ անվերադարձ՝ չհանդուրժելով ոչ մի բացառութիւն։ Նա ճանաչում է միայն բնական իրողութիւնները, որոնք որոշիչ են որեւէ ժողովրդի գոյութեան կամ չգոյութեան համար՝ պետականութիւն, յաղթանակ, պարտութին, քաղաքականութիւն, պայքար, դիւանագիտութիւն եւ այլն։

Պատմութիւնն ընդունում է միայն փաստերի բացարձակ իրականութիւնը։

Անյոյզ ու աննախապաշար հայեացքով դիտելով անկախ Հայաստանի երեսնամեայ շրջանը՝ նկատում ենք մի զարմանալի օրինաչափութիւն․ Պատմութիւնը ոչ թէ կրկնւում, այլ հետեւողականօրէն ժխտում է ինքն իրեն։ Դա ակնառու է դառնում, երբ համադրում ենք Հայաստանի անկախութեան սկզբնական վերելքը եւ ներկայ անկումային ընթացքը՝ Հայոց Համազգային Շարժման եւ ապրիլեան յեղափոխութեան ժամանակները։

Եթէ 88թ․ մեծ յեղափոխութեան թիրախը գլխաւորապէս Արցախեան խնդիրն էր ու հայ ժողովրդի արտաքին անազատութիւնը, ապա 2018թ․ ապրիլեան յեղափոխութեան թիրախը՝ միմիայն Հայաստանի ներքին անազատութիւնը։

Եթէ առաջինն իր ներսից բնականօրէն ձեւաւորեց համաժողովրդական իշխանութիւն, ապա երկրորդի ղեկավարումը դրուեց արդէն պատրաստի մի ուժի վրայ։

Եթէ առաջինը կերտեց Հայաստանի Անկախ Հանրապետութիւնը, ապա երկրորդը բացառապէս ձեռնամուխ եղաւ սեփական անձնաւորուած մենիշխանութեան հաստատմանը։

Առաջինը բնոյթով ժողովրդավար էր, երկրորդը՝ ամբոխավար։

Եթէ առաջին յեղափոխութեան առաջնորդը խորունկ գիտնական էր, շրջահայեաց ռազմավար, ներհուն դիւանագէտ, անխաբ իրատես, ոսկեկշիռ խօսքի տէր, անուղղելի ճշմարտախօս, խաղաղութեան նուիրեալ, ապա երկրորդինը՝ մի թերուս պատեհապաշտ, անսկզբունքային ճոռոմաբան, անյոյս փառամոլ, անձնապաստան խառնամիտ, մարմնացեալ կեղծիք, պատերազմի հրձիգ, քաղաքական անհող ցնորքների փրփրաբերան մարգարէ։

Եթէ Հայաստանի առաջին ղեկավարը պարտադրուած պատերազմում ապահովեց հայ ժողովրդի յաղթանակը՝ ազատագրելով Արցախը, ապա վերջինը, տարուած մեծամոլական հովերով, սադրեց պատերազմ եւ չարաչար պարտուեց՝ կորստեան մատնելով Արցախը։

Եթէ առաջինը, յաղթողի իր բարձր բարոյական սկզբունքներին հաւատարիմ, ինքնակամօրէն հեռացաւ իշխանութիւնից՝ յանուն հայոց պետականութեան, ապա վերջինը՝ պարտուածի իր խղճուկ սարսափներին գերի՝ ատամներով լեղապատառ պի՛նդ կառչեց իշխանութիւնից եւ քծնաքարշօրէն խաբելով-կաշառելով ամբոխացած ժողովրդին՝ հայոց անկախ պետականութիւնը մղեց դէպի անդունդ։  

Այս պարզ-յամառօտ համեմատութիւնից իսկ երեւում է, որ գործ ունենք ոչ թէ անձերի անհատական որակների, այլ հայ ժողովրդի պատմաքաղաքական գիտակցութեան երկու հակոտնեայ վիճակների հետ՝ քաղաքական իրատեսութեան եւ ցանկամտութեան։   

Ցանկամտութինը հայ ժողովրդին պատուհասած բոլոր աղէտների մայրն է՝ ինչպէս անցեալում, այնպէս էլ ներկայում։ 

Եւ այժմ, ինչպէս բազմիցս եղել է մեր պատմութեան մէջ, հայ ժողովուրդն այլեւս իր գլխի տէրը չէ, եւ թշնամի՛ն է գծում հայոց երկրի սահմանները։

Եւ դա, որքան էլ ցնորական հնչի, տեղի է ունենում իր իսկ՝ հայ ժողովրդի կամքով ու ցանկութեամբ, իր հազարաւոր զոհուած երեխաների դեռեւս չչորացած արեան հաշուին․․․

Վերջին ընտրութիւններով հայ ժողովուրդը վաւերացրեց այդ անպատկերացնելի մղձաւանջը՝ 80 տոկոս ձայն տալով պարտութեան հեղինակներին եւ Արցախի ազատութեան ու Հայաստանի անկախութեան գերեզմանափորներին՝ Նիկօլ Փաշինեանին եւ նրա հոգեւոր-քաղաքական հայրերին ու գաղափարական նախնիներին՝ Սերժ Սարգսեանին, Ռոբերտ Քոչարեանին ու մնացած դաշնակ-մաշնակներին, ընդ որում՝ հազուագիւտ արդարամտութեամբ ըստ արժանուոյն գնահատելով նրանցից իւրաքանչիւրի անուրանալի «վաստակը» այդ պատմական «մեծագործութեան» մէջ։ Ճակատագրի հեգնանքով, այդ հաւաքական քուէն մօտաւորապէս այնքան էր, որքան այդ նոյն ժողովուրդը հայոց անկախութեան արշալոյսին տուել էր Հայաստանի Հանրապետութեան հիմնադիր նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանին․․․

Ընտրելով այդ ուժերին՝ հայ ժողովուրդն իր անվերապահ հաւանութիւնը տուեց պատերազմին, պարտութեանը, հազարաւոր զոհերին, Արցախի կորստին եւ հայոց անկախ պետականութեան ջախջախմանը՝ այդպիսով շնորհաւորելով թշնամուն՝ տարած յաղթանակի առթիւ։

Միաժամանակ նա դաժանօրէն պատժե՛ց Առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանին եւ Հայ Ազգային Կոնգրեսին՝ անկախ Հայաստանի կերտման, պատերազմում տարած յաղթանակի, Արցախի ազատագրման եւ այն բանի համար, որ այդ ուժն ու իր առաջնորդը տասնամեակներ շարունակ ամեն ջանք գործադրեցին՝ յանուն հայանպաստ եւ արժանապատիւ խաղաղութեան՝ այդպիսով փորձելով փրկել հազարաւոր հայորդիների թանկագին կեանքեր։ Իր այդ ընտրութեամբ հայ ժողովուրդը հաւաստեց, որ այդ ամենն իր համար ունի մնացորդային չնչին արժէք․․․

Այս դաժան փաստերի արձանագրումը որեւէ առնչութիւն չունի ժողովրդին մեղադրելու ամբարտաւան մոլորութեան կամ չմեղադրելու լայնախոհ մեծահոգութեան հետ եւ դուրս է քաղաքական որեւէ շահագրգռութիւնից, քանզի ո՛չ առաջին դէպքում, ո՛չ երկրորդ դէպքում եւ, առհասարակ, որեւէ պարագայում չի կարող փոխուել նշուած փաստերի պատմական բացարձակ իմաստը եւ նուազել՝ դրանց ճանաչման անհրաժեշտութիւնը։ Փաստ ասուածը միայն սոսկական իրողութիւնը չէ, այլեւ իր անմիջական պատճառների ու հետեւանքների ամբողջութիւնը։ Պատմութիւնը լի է նման անբեկանելի փաստերով, որոնք «ենթակայ չեն մեկնաբանման»։ Նա, ինչպէս մահը, չի խնայում ոչ մէկին, ինչպէս չի խնայել ո՛չ շումերներին, ո՛չ ասորիներին, ո՛չ հռոմէացիներին, ո՛չ եգիպացիներին եւ այլոց։ Չի խնայելու նաեւ մեզ։ Այն, ինչ մեզ համար յաւիտենական ճշմարտութիւններ են, Պատմութեան համար սնամէջ ուրուապատկերներ են, մարդկային ենթակայական ինքնընկալումներ՝ ոչինչ չասող եւ ոչինչ չտուող։ Այն կեղծապատիր արդարացումը, թէ «վերջին ընտրութիւններում հայ ժողովուրդը չունէր այլընտրանք», ընդամենը յարուցում է դառը քմծիծաղ, որովհետեւ դա նոյնն է թէ՝ երեք տափակ բլուրներ խանգարէին տեսնելու Արարատը․․․ 

Մարդկային առողջ բանականութեան տեսանկիւնից անկարելի է թւում այն արտառոց իրավիճակի գոյութիւնը, որի մէջ յայտնուել է հայ ժողովուրդը։ Սակայն Պատմութեան համար չկան «արտառոց» իրավիճակներ, եթէ նոյնիսկ հայոց աշխարհում ամեն ինչ շրջուած է գլխիվայր։ Կոյր կամ կուրացած լինելը նոյնպէս բնութեամբ տրուած վիճակ է՝ ի ծնէ, թէ ձեռքբերովի, սակայն դա ակնյայտօրէն բաւարար չէ ճանապարհ անցնելու համար։ Պատմութեան մէջ, ինչպէս մարդու կեանքում, գալիս է մի պահ, երբ հիւանդութեան ախտորոշումը, եթէ անգամ արւում է միլիոներորդական ճշգրտութեամբ եւ հաստատւում միլիոներորդ անգամ, այլեւս չի կարող օգնել։ Նամանաւանդ երբ այդ հիւանդութիւնն ունի հազարամեայ արմատներ։

Այսպիսով, կարելի է արձանագրել, որ Հայաստանի անկախութեան ներկայ մթագնած պատկերը հայելային ճշգրիտ հակադարձումն է նրա լուսաւոր սկզբի։ Պատմութեան այս վերջին երեսնամեայ շրջափուլում հայ ժողովուրդը դարերի ստրկութիւնից յետոյ, ի վերջոյ, իր մէջ ուժ գտաւ եւ սեփական կամքով կերտեց անկախ պետականութիւն, անօրինակ սխրանքով յաղթեց պատերազմում, ազատագրեց իր հայրենիքից դեռեւս կենդանի մնացած վերջին խլեակը՝ Արցախը, ապա շուռ եկաւ եւ սկսեց սեփական ձեռքով ջնջել իր բոլոր նուաճումները։

Այս անլուծելի հակասութիւնը վկայում է հայ ժողովրդին համակած ախտաբանական խոր երկփեղկուածութեան մասին, որն սպառնում է վերաճել համազգային ինքնաթշնամանքի։ Դա նման է այն բանին, երբ մէկն անլուր չարչարանքով ծնում, սնում, մեծացնում է իր զաւակներին, մինչեւ մի օր էլ յանկարծ արթնանում եւ սկսում է հերթով ոչնչացնել նրանց, իսկ վերջում դիմում ինքնասպանութեան։

Թէեւ այժմ հայ ժողովուրդը մահուան օղակը գցել է իր իսկ պարանոցին, սակայն յապաղում է ձգել հանգոյցը։

Նրա աղաւաղուած գիտակցութեան խորխորատների խաւարից դեռեւս պէծին է տալիս լոյսի մի աղօտ բիծ՝ ինքնապահպանման բնազդը։

Բիծ, որը կարծես նման է սաղմնաւորուող մանկան, գուցէ նաեւ՝ ոչ։

Նախորդ հոդվածըModerna-ի ղեկավարի կանխատեսմամբ՝ Covid-19-ի համավարակը կավարտվի մեկ տարուց
Հաջորդ հոդվածըՎարանդայից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն