Հայաստանի Հանրապետութեան ծննդեան 34-ամեակի առթիւ
Դեռեւս հազարամեակներ առաջ հնդկական հանճարը գտել եւ ձեւակերպէլ է Գոյութեան հետեւեալ համապարփակ բանաձեւը․
Առաջինը
կիսւում է Երկրորդի մէջ,
վերածնւում Երրորդում
եւ անհետանում Չորրորդի մէջ։
Որպէսզի պատկերացնենք այդ բանաձեւի ընդգրկման աներեւակայելի չափերը, նշենք, որ, օրինակ, Արեւմտեան ամբողջ քաղաքակրթութիւնը մինչեւ այժմ տարուբերւում է Երկրորդի եւ Երրորդի արանքում՝ միայն մի ծայրով, Հայզենբերգի շնորհիւ, գրեթէ հպուելով Երրորդին։
Մի հսկայ քաղաքակրթութիւն դժբախտութիւն է ունեցել չիմանալու, թէ ինչպէս է մեր աւատարը, աստծոյ որդի աստուածը, մարգարէն ու օրէնսդիրը, գեղեցիկ արուեստների հանճարը, իրական Հայաստանի տեսանելի արարիչը, Հայոց Անկախութեան անտեսանելի կերտիչը՝ նոյն ինքը՝ ինքնագոյ ու հաւերժափայլ Նիկօլ Փաշինեանը, որի – վերառելով Նարեկացուն – մեղքերի դիմաց եթէ նժարին դնենք Արարատ լեռը, ապա Երկրագնդի այդ յարաբերականօրէն ամենաբարձր գագաթն անգամ իր անչափելի զանգուածով չի կարող հակակշռել միւս նժարին դրուած նրա գործած չարիքները – ահա՛, թէ ինչպէս է այդ արարածը Երրորդից միանգամից ցատկում Չորրորդի մէջ․․․
Դէպի անգոյութիւն։
Դէպի իր կերտած, կերտուող, կերտելիք «չորրորդ Հանրապետութիւնը»։
Աւաղ, պէտք է արձանագրել, որ այդ «ուռամիջակ եւ հաստաբազուկ» մարզիկին սպասում է խոր հիասթափութիւն, որովհետեւ անհնար է «երրորդ Հանրապետութիւնից» ցատկել «չորրորդի» մէջ՝ որքան էլ նա տքնի ու ջանայ։ Մի պարզ պատճառով․ «Հայաստանի երրորդ Հանրապետութիւն» անունով երկիր գոյութիւն չունի, որին յենուելով՝ մեր մարզիկը կարողանար կատարել իր քուանտային ցատկը։
Ուստի, եթէ «երրորդը» գոյութիւն չունի, ապա ինչպէ՞ս կարող է գոյութիւն ունենալ «չորրորդը»։
Աշխարհում Հայ անունով գոյութիւն ունի միայն մէկ երկիր՝ Հայաստանի Հանրապետութիւնը, կրճատ՝ Հայաստան։ Այդպէս է գրուած այդ երկրի ծննդեան վկայականում՝ Հայաստանի Անկախութեան Հռչակագրում՝ վաւերացուած Պատմութեան անջնջելի կնիքով։
Ինչպէս ամեն մի կենդանի գոյակ կամ երեւոյթ, Հայաստան անունով այդ երկիրը ծնուել է միայն մէ՛կ անգամ (մի կողմ թողած երկծնութեան կրօնական առասպելաբանութիւնը) եւ եթէ նոյնիսկ վերանալու լինի աշխարհից, կվերանայ նոյնպէս միայն մէ՛կ անգամ՝ ոչ այլ կերպ, քան միմիայն որպէս այդպիսին՝ Հայաստանի Հանրապետութիւն։ Իսկ դա կարող է տեղի ունենալ միայն ու միայն վերոյիշեալ ինքնացատկ մարզիկի ձախաւէր ու աղէտալի ոստիւնների պատճառով։ Չէ՞ որ նրա «պզտիկ» ես-ի ինքնաբաւարարման համար Հայաստանի Հանրապետութիւնն ընդամենը ծառայում է իբրեւ ցատկահարթակ։
Նենգելով «Հայաստանի առաջին, երկրորդ, երրորդ Հանրապետութիւն» սոսկ պայմանական-նկարագրական կողմնորոշիչները՝ նա իր «չորրորդ Հանրապետութիւն» յորջորջումով նպատակ է դրել ոչնչացնելու միակ կենդանի Անկախ Հայաստանը՝ ի սպաս իր յոյժ բարեհամբոյր եւ քծնաժպիտ տէրերի, քանզի Անկախութեան «փոխարինումը» մէկ այլ «Անկախութեամբ» իրականութեան եւ տրամաբանութեան պարտադիր ուժով, պարզապէս, նշանակում է ոչ այլ ինչ, քան այդ իրական Անկախութեան ոչնչացում։
Անկախութիւնը կարող է փոխարինուել միայն իր հակոտնեայով՝ Անկախութեան չգոյութեամբ։ Ասել է թէ՝ կախեալութեամբ, ճորտութեամբ, ստրկութեամբ։
Հայաստանի Անկախ Հանրապետութիւնը ծնել է Հայ ժողովուրդն ինքը՝ երկունքի բնական ցաւերի մէջ, իր հիմնադիր որդիների հոգատար նուիրումով՝ յանձին Առաջին Նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի։ Եւ եթէ այժմ Հայաստան երկրի մի թեւը՝ Արցախը, կաթուածահար է եւ չի գործում, դա չի նշանակում, որ Հայաստանն ինքն էլ կենդանի չէ։
Չէ՞ որ մի մարդ, որը սեփական ճակատագրական սխալի պատճառով կամ հանգամանքների դժբախտ զուգադիպութեամբ զրկւում է իր ձեռքից, երբեք չի դադարում նոյն մարդը լինելուց։
Եթէ մի ծպտեալ օտարական հացկատակների իր խմբով, սազը ձեռին, քայլելով մտնում է արքունի ամրոց եւ մուղամ-բայաթի կապելով՝ շեղում պաշտպանների ուշադրութիւնը եւ չորս անգամ փորձ է անում քանդել այդ ամրոցը, մի՞թէ դա նշանակում է, որ նա քանդում է չորս ամրոց։
Խնդիրն այդ օտար աշուղի ախորժալուր եւ մեղմակարկաչ եռաձայնը կտրելն է եւ նրան դուրս վռնդելը ամրոցից։
Ահա թէ ինչու վերը բերուած Գոյութեան բանաձեւում Չորրորդը ինքնագիտակից մարդու համար նշանակում է Բացարձակ Գոյութիւն, իսկ անգիտակից մարդու համար՝ մահ, վախճան, անգոյութիւն։
Միակ երկընտրանքը, որ գոյութիւն ունի, այդ երկուսի միջեւ է։ Մարդկային երկու տեսակի։
Ինքնագիտակից եւ անգիտակից Հայի։
25․09․2025թ․
