Սեփականաշնորհված անկախությունը․ ՉԻ

513

Ռոբերտ Քոչարյանն ուղերձ է հղել Անկախության օրվա առթիվ, որում մասնավորապես ասված է. «Մենք այս տոնը առաջին անգամ ենք դիմավորում ծրագրված ծանր պարտությունից, տարածքային կորուստներից, մեր ինքնիշխանությունը մասնակի կորցնելուց և հազարավոր ճակատագրերի խեղվելուց հետո։

Սակայն այսօր մենք ոչ միայն դադարել ենք Արցախի անվտանգության երաշխավորը լինելուց, այլ նաև ի վիճակի չենք պաշտպանել սեփական ինքնիշխանությունը և մեր քաղաքացիներին։ Մենք կորցրեցինք այն, ինչով հպարտանում էինք վերջին երեսուն տարիներին, և ինչը երկրին ուժ և աշխարհաքաղաքական արժեք էր տալիս։

Այսօր, շնորհավորելով Անկախության Տոնը, ուզում եմ հույս և վստահություն հայտնել, որ ազգն իր մեջ ուժ կգտնի ձերբազատվելու այն իշխանությունից, որն ազգային աղետի պատճառ դարձավ»:

Քոչարյանի այս ուղերձն ընթերցելով, հիշեցինք Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքը՝ Անկախության 20-ամյակի առթիվ: Համակիրներով, այլ կուսակցությունների ներկայացուցիչներով, համեստ, ոչ այնքան մարդաշատ մի միջոցառում էր, որտեղ Առաջին Նախագահն ասաց, մեջբերում ենք.

«Դուք այն մարդիկ չեք, որոնց պետք է բացատրել անկախության կարևորությունը, արժեքը, նշանակությունը: Որովհետև դուք այս ամենը իմացել եք անկախությունից առաջ և դուք եք կերտել անկախությունը: Եթե պետք է ինչ-որ մարդկանց բացատրել այս ամենը, այդ մարդիկ այստեղ չեն, գտնվում են ուրիշ տեղ. առավոտյան գտնվում էին Կենտրոնական հրապարակում: Մարդիկ, որոնք ոչ միայն ոչ մի կապ չեն ունեցել անկախության ձեռք բերման հետ, այլև նրանից շատ-շատերը ամեն ինչով պայքարել են այդ անկախության դեմ: Եվ այսօր բեմերից, հեռուստատեսություններից այնպիսի ճառեր են ասում, կարծես իրենք են կերտել անկախությունը: Սրանով մեկ անգամ ևս նրանք պարզապես պղծում են այդ սուրբ գաղափարը»:

Այս խոսքը հիմա էլ է արդիական: Այսօր առավոտից Անկախության 30-ամյակի կապակցությամբ արդեն տասնյակ շնորհավորական ուղերձներ են եղել: Ներկա ղեկավարները, նախկին ղեկավարները: Ինչ են իրենց ուղերձներում ասել ներկա պաշտոնյաները, ճիշտն ասած, չգիտենք, անկեղծ, չենք հետևել: Ենթադրում ենք, որ ապագայից պետք է խոսեն, քանի որ ոչ անցյալ ունեն, ոչ էլ՝ ներկա: 

Ինչ վերաբերում է նախկիններին, քանի որ նրանք էլ կապ չունեն Անկախության հետ, 20 տարի մեր Անկախության և պետականության տակը փորել են, դրա համար էլ իրենց ուղերձներում այս իշխանություններին հասցեագրված մեղադրանքներ են: Որովհետև ուրիշ բան չունեն ասելու: 

Այսպես՝ նախկին ու ներկա, սեփականաշնորհել են Անկախության գաղափարը ու բառակույտերով հեղեղել հանրային դաշտը: Մոտ 25 տարի սիստեմատիկաբար պղծելով Անկախությունը, պասերով, բերել մեր պետականությունը հասցրել են կրախի առջև, ու էս օրով հարաբերություններ են պարզում, թե հատկապես ով է պղծել: 

Չորրորդ Իշխանություն

Նախորդ հոդվածըՄատաղիսից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն
Հաջորդ հոդվածըԱԱ-2023․ Կանանց Հայաստանի հավաքականը պարտվեց լեհերին