‘«Սթարը» սնանկ ճանաչվեց. Ընկերության պարտքը չափվում է միլիոններով ‘

1706

«Սթար Դիվայդ» ՓԲ ընկերությունը, որին պատկանում է «Սթար» խանութների ցանցը, սնանկ է ճանաչվել: Օրեր առաջ՝ հուլիսի 29-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարինե Պետրոսյանի նախագահությամբ, ավարտել է «Պեռնո Ռիկար Արմենիա» ՓԲԸ-ի հայցի քննությունը՝ «Սթար Դիվայդին» սնանկ ճանաչելու վերաբերյալ, գրում է 168.am-ը:

Պարզվել է, որ 2012 թ-ի նոյեմբեր ամսվա ընթացքում «Պեռնո Ռիկար Արմենիա» ընկերությունը «Սթար Դիվայդի» հետ 2012թ. հուլիսի 1-ին կնքված թիվ մատակարարման պայմանագրի հիման վրա մի քանի խմբաքանակով իրականացրել է ընդհանուր արժողությամբ 76 մլն 845 հազար դրամ արժողությամբ ապրանքների (ալկոհոլային խմիչքների) մատակարարում, ինչը յուրաքանչյուր անգամ ձևակերպվել է համապատասխան հաշիվ-ապրանքագրերի երկկողմանի կնքմամբ: Մատակարարման պայմանագրի շրջանակներում համաձայնություն է ձեռք բերվել «Սթարի» կողմից ապրանքների դիմաց վճարելու պարտավորության նկատմամբ կիրառել ֆակտորինգ, ինչը և իրականացվել է «Ամերիաբանկ» ընկերության հետ համաձայնագրի շրջանակներում:

Սակայն 2012թ. դեկտեմբերի 4-ին «Պեռնո Ռիկար Արմենիան» բանկից ստացել է գրություն այն մասին, որ վերջինը՝ սկսած 29.11.2012թ.-ից հրաժարվում է իրականացնել հետագա ֆինանսավորումը: Այդ ժամանակ «Սթարի» պարտքը «Պեռնո Ռիկար Արմենիային» կազմում էր 76 մլն 845 հազար դրամ, որի նկատմամբ ֆակտորինգ չիրականացվեց:

«Սթարը» հավաստիացրել է, թե պարտքը կփակի բանկային փոխանցումների միջոցով: 2013թ. հունվարի 30-ին «Սթարը» վճարել է 5 մլն դրամ՝ պարտքը հասցնելով 71 մլն 845 հազար դրամի, որից հետո վճարումներ այլևս չեն իրականացվել:

Դատարանի վճիռը ներկայացնում ենք ստորև.

««Պեռնո Ռիկար Արմենիա» ՓԲԸ-ի դիմումն ընդդեմ «Սթար Դիվայդ» ՓԲԸ-ի` պատասխանողին սնանկ ճանաչելու պահանջի մասին, բավարարել:

«Սթար Դիվայդ« ՓԲ ընկերությանը ճանաչել սնանկ:

«Սթար Դիվայդ» ՓԲ ընկերությունից հօգուտ «Պեռնո Ռիկար Արմենիա» ՓԲ ընկերության բռնագանձվելիք 500.000 դրամ պետական տուրքը, որպես դատական ծախսեր գրանցել ՙՍնանկության մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 82-րդ հոդվածի համապատասխան հերթում, որը պետք է մարվի պարտապանի միջոցներից:

Սույն վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարան օրինական ուժի մեջ մտնելուց հետո տասնհինգօրյա ժամկետում:

Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով պարտապանի հաշվին»:

Ի դեպ, «Սթար Դիվայդը» հարկ չի համարել ներկայացուցիչ նշանակել դատի ընթացքում, այլ իր դիրքորոշումը ներկայացրել է գրավոր: Սնանկության ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Արման Սարգսյանը:

«Սթար Դիվայդ» ընկերության հետ կապ հաստատել չհաջողվեց (հեռախոսազանգերին պարզապես չեն պատասխանում)՝ պարզելու համար, թե արդյոք ընկերությունը պատրաստվո՞ւմ է բողոքարկել դատարանի վճիռը:

Սնանկության ժամանակավոր կառավարիչ Արման Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ տեղյակ չէ «Սթար Դիվայդի»՝ բողոքարկելու մտադրության մասին: Նա նշեց, որ «Սնանկության մասին» օրենքի 46-րդ հոդվածի հիմքով այժմ պարտատերերը պետք է ներկայացնեն իրենց պահանջները, կկատարվի վերլուծություն և կորոշվի՝ ընկերությունը տարվելու է առողջացման, թե սնանկության գործընթացն է սկսվելու: Սա կպարզվի առաջիկա 2-3 ամսում: Ա.Սարգսյանը նաև նշեց, որ առաջիկայում դատարանը կհրապարակի «Սթար Դիվայդ» ընկերության բոլոր պարտատերերի ցուցակն ու պահանջը և պարզ կլինի, թե ընկերությունն ընդհանուր առմամբ որքան գումար է պարտք մատակարարներին:

Հավելենք, որ ներկայումս ընդդեմ «Սթար Դիվայդի» առնվազն 15 դատական հայց է քննվում դատարաններում՝ գումարի բռնագանձման կամ պայմանագրի պարտավորությունների կատարման պահանջով: Մասնավորապես, «Երևանի Գարեջուր» ՓԲ ընկերությունը «Սթար Դիվայդից» պահանջում է 60.6 մլն դրամ, «Բարսիս» ՍՊԸ-ն՝ 44.4 մլն, «Գետնատուն» ՍՊԸ-ն՝ 2.2 մլն դրամ, «Ռոսգոսստրախ-Արմենիա ապահովագրական» ՓԲԸ-ն՝ 1 մլն, «Գ.Գ.Գ. Մանուկյան» ՍՊԸ-ն՝ 4.37 մլն, «ՄԻԿԻ» ՍՊԸ-ն՝  8.4 մլն, «Արովա» ՍՊԸ-ն՝ 2մլն, «Սայմե» ՍՊԸ-ն՝ մոտ 4 մլն, «Պրոդինվեստ-ՏՊԿ» ՍՊԸ-ն՝ 1.5 մլն դրամ և այլն: 

Նշենք նաև, որ «Սթար Դիվայդ» ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել նաև Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը:   

Նախորդ հոդվածը‘Նյու Յորքի մետրոյում սատկած շնաձուկ են հայտնաբերել’
Հաջորդ հոդվածը‘Սաակաշվիլի. 2008-ին Վրաստանը պատրաստ էր բացել Աբխազական երկաթուղին Հայաստանի ուղղությամբ’