ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ պատերազմն Ուկրաինայում կարող է մի քանի տարի ձգվել, և կոչ է արել շարունակել սատարել Ռուսաստանին դիմակայող Կիևին։
«Մենք պետք է նախապատրաստվենք նրան, որ դրա վրա տարիներ կծախսվեն։ Մենք չպետք է դադարեցնենք օգնությունն Ուկրաինային,- գերմանական Bild թերթին տված հարցազրույցում ասել է Սթոլթենբերգը։- Նույնիսկ չնայած նրան, որ գինը կարող է չափազանց բարձր լինել ոչ միայն ռազմական օգնության, այլև էներգիայի և պարենի գների տեսակետից»։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը համաձայն է այն կանխատեսմանը, թե պատերազմի արագ ավարտ սպասել չարժե։ Հերթական այց կատարելուց հետո Կիևից վերադառնալով՝ Ջոնսոնը հոդված է հրապարակել Sunday Times թերթում, որտեղ հայտարարել է․ «Վախենամ՝ մենք ստիպված ենք լինելու պատրաստվել երկարատև պատերազմի։ Ամենակարևոր գործոնը ժամանակն է լինելու»։
Իսկ բրիտանական գլխավոր շտաբի՝ վերջերս նշանակված պետը երկրի զինված ուժերին առաջարկել է պատրաստ լինել նոր ցամաքային պատերազմի։
Փոխանցում է BBC-ն։