Սթոլթենբերգ․ ՌԴ-ի հաղթանակն Ուկրաինայում «վտանգավոր ուղերձ» կլինի ավտորիտար առաջնորդների համար

333

Ուկրաինայում Ռուսաստանի «հատուկ ռազմական գործողության» հաջողությունը կարող է «վտանգավոր ուղերձ» դառնալ ավտորիտար առաջնորդների համար ամբողջ աշխարհում։

Նման պնդում է արել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը երեքշաբթի, ճապոնական Ինքնապաշտպանական ուժերին Իրումի ռազմական բազա այցի ընթացքում։

«Եթե նախագահ Պուտինը հաղթի Ուկրաինայում, դա ողբերգություն կլինի ուկրաինացիների համար, միաժամանակ՝ շատ վտանգավոր ուղերձ կդառնա ավտորիտար առաջնորդների համար ամբողջ աշխարհում։ Ըստ այդ ուղերձի՝ եթե իրենք ռազմական ուժ գործադրեն, կարող են հասնել իրենց նպատակներին»,- ասել է Սթոլթենբերգը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պաշտոնական այցով Ճապոնիայում է։ Օրվա ընթացքում նա հանդիպում կունենա վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ։ Անցած հանգստյան օրերին Սթոլթենբերգն այցելել է նաև  Հարավային Կորեա, որտեղ մի քանի երկկողմ հանդիպումներ է ունեցել երկրի ղեկավարության հետ։

Վերջին ժամանակները Ճապոնիան ակտիվորեն ընդլայնում է փոխգործակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ։ Անցյալ տարի Կիսիդան դարձավ ճապոնական կառավարության առաջին ղեկավարը, որ մասնակցեց ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Դրանից հետո Ճապոնիայի ԱԳՆ-ն որոշում ընդունեց անկախ դարձնել ՆԱՏՕ-ում իր ներկայացուցչությունը՝ վերջինս անջատելով Բրյուսելում իր դեսպանությունից և այդպիսով բարձրացնելով առաքելության կարգավիճակը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՊաշտոնական․ Շոն Դայչը գլխավորեց Էվերթոնը
Հաջորդ հոդվածըՖրանսիական «Պատրիոտներ»-ի առաջնորդը երրորդ համաշխարհայինի վտանգ է տեսնում