‘Սիգի պաշարները Սևանում նվազել են հինգ անգամ’

603

Բնապահպանության նախարարության և «Սևան» ազգային պարկի ներկայացուցիչներն ընդունում են, որ ձկնահենության նկատմամբ պատշաճ հսկողություն չի իրականացվում: Ինչպես այսօր Կովկասի ինստիտուտում կայացած դեբատների ընթացքում հայտարարել է «Սևան» ազգային պարկի փոխտնօրեն Վահե Գուլանյանը, ձկնահենության նկատմամբ լիակատար վերահսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ են համապատասխան ռեսուրսներ, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Սևանի մոտակայքում գտնվում է 43 համայնք: Բացի այդ, նա նշել է, որ լճում շուրջօրյա հսկողություն չի իրականացվում: Միաժամանակ Գուլանյանը ձկնահենությունը կապել է երկրի սոցիալական իրավիճակի հետ, հայտարարելով, որ «չի կարելի ձկան պատճառով կոտրել մարդու կյանքը», քանի որ վաղը նա կարող է դառնալ աշխատանքային միգրանտ:

Այն, որ ձկան օրինական որսի նկատմամբ հսկողությունը կաղում է, ընդունել է նաև ՀՀ բնապահպանության նախարարության բիոռեսուրսների կառավարման կենդանական ռեսուրսների գործակալության ղեկավար Սևակ Բալոյանը: Նա հիշեցրել է, որ սիգի վաճառքն արգելքի տակ է 2005 թվականից:

Վերջին 20 տարիներին սիգի պաշարները Սևանում նվազել են հինգ անգամ:  Այսպես, եթե 1988, 1989 և 1990 թվականներին լճում կար 28-30 հազ.տոննա սիգ, ապա 2012 թվականին այն արդեն 6-6.5 հազ.տոննա էր: Փորձագետները բազմաթիվ անգամ նշել են, որ ստեղծված իրավիճակի պատճառն, առաջին հերթին, սիգի չափազանց մեծ ծավալների որսն է, ինչպես նաև այն, որ սիգը հաճախ վաճառվում է նաև ձվադրման ժամանակաշրջանում: 

Նախորդ հոդվածը‘Օրվա կադրը Եվրամայդանից 2. Կլիչկոն նայում է ոստիկանի «աչքերին»’
Հաջորդ հոդվածը‘Մի «վրիպակի» պատմություն. Ինչի՞ համար է Սերժ Սարգսյանը Վիլյնուս մեկնում’