‘
Սիդնեյի կենտրոնում գտնվող Lindt սրճարանից, որտեղ անհայտ անձը պատանդներ է վերցրել, դուրս են եկել երկու կին՝ գոգնոցներով, ըստ երևույթին՝ սրճարանի աշխատակիցներ: Դրանից առաջ սրճարանից դուրս էին փախել երեք տղամարդ, երկուսը՝ կենտրոնական մուտքից, մեկը՝ ետնամուտքից: Առայժմ հայտնի չէ՝ պատանդներին բա՞ց են թողել, թե՞ նրանք կարողացել են փախչել:
Ոստիկանությունը ստույգ չի նշում պատանդների թիվը, սակայն պնդում է, որ դրանք մոտավորապես 30-40 հոգի են: Սրճարանի պատուհանից երևում է սև դրոշ, որի վրա արաբերեն գրված է՝ « Չկա այլ աստված՝ Ալլահից բացի, և Մուհամեդը նրա մարգարեն է»:
Իրավապահ մարմինների ներկայացուցիչները հաղորդել են, որ իրենք կապ են հաստատել պատանդառուի հետ: Առայժմ տեղեկություններ չկան, թե պատանդներից որևէ մեկը վնասվել է: Ոստիկանությունը պատրաստ է հարցը լուծել խաղաղ ճանապարհով:
Lindt ընկերությունը հայտարարել է, որ փակում է իր բոլոր սրճարաններն Ավստրալիայում:
Փոխանցում է euronews-ը:
‘