‘Սիդնեյ. Երեք զոհ, չորս վիրավոր’

739

Երեք մարդ զոհվել է, չորսը վիրավորվել են Սիդնեյի կենտրոնում՝ Lindt սրճարանում ահաբեկչության արդյունքում:

Գիշերը, տեղական ժամանակով մոտավորապես ժամը երկուսին, ավստրալական ոստիկանությունը գրոհել է սրճարանը, որտեղ մի տղամարդ ավելի քան 16 ժամ պատանդներ էր պահում սրճարանի աշխատողներին ու այցելուներին: Գրոհն սկսվելուն պես լսվել են կրակոցներ և պայթյուններ: Ոստիկանության հաղորդման համաձայն՝ զոհվել են երկու պատանդ՝ սրճարանի 34-ամյա մենեջեր Թորի Ջոնսոնը և 38-ամյա փաստաբան Կատրինա Դոսոնը, ինչպես նաև ահաբեկիչը:

Նախօրեին սրճարանից կարողացել էր փախչել վեց հոգի: Գրոհն սկսելուց անմիջապես հետո ևս առնվազն տասը հոգի դուրս են եկել այնտեղից: Մի քանի պատանդների սրճարանից դուրս են բերել պատգարակներով:

Սիդնեյում կայացած մամլո ասուլիսում ոստիկանության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ սրճարանը գրոհելու որոշում կայացվել է այն բանից հետո, երբ պարզվել է, որ պատանդների կյանքին իրական վտանգ է սպառնում:

Ավելի վաղ ոստիկանությունը պարզել էր ահաբեկչի ինքնությունը՝ դա 50-ամյա Ման Հարոն Մոնիսն էր՝ փախստական Իրանից, ով Ավստրալիայում քաղաքական ապաստան էր ստացել: Հաղորդվում է, որ ավելի վաղ նրան սեռական բռնության մեղադրանք է ներկայացված եղել, և հարձակման պահին նա ազատված է եղել գրավի դիմաց:

Ավստրալիայի մուսուլմանական կազմակերպությունները հայտարարել են, որ ցնցված են այս միջադեպից: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Գեղամյանը կեղծ Թեյլորի հետ նկարը տեղադրել է իր գրքում՝ ներկայացնելով որպես հայտնի դերասանուհի ‘
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ական պատգամավոր. Երանոսյանի արտահայտությունը «մի քիչ կոռեկտ չէր»’