‘«Սիթի» — «Բարսելոնա»՝ 3։1, այլ արդյունքներ (տեսանյութ)’

1462

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում «Մանչեսթեր Սիթիին» հաջողվեց ռևանշի հասնել «Բարսելոնայի» նկատմամբ։ «Էտիհադում» կայացած խաղում դաշտի տերերը կամային հաղթանակ տոնեցին։

Հանդիպման մեկնարկում «Մանչեսթեր Սիթին» հաշվի մեջ առաջ անցնելու լավ հնարավորություն կարող ստանալ, սակայն գլխավոր մրցավար Վիկտոր Կոշոյին վիճելի որոշում կայացրեց՝ կատալոնական թիմի տուգանային հրապարակում չարձանագրելով կանոնների խախտում և սիմուլյացիայի համար Ռահիմ Սթերլինգին պատժելով դեղին քարտով: 

Խաղակեսի միջնամասում «Բարսելոնան» ուներ զգալի առավելություն, և 21-րդ րոպեին Լիոնել Մեսսին առաջ մղեց հյուրերին, սակայն նախքան ընդմիջման գնալը Գվարդիոլայի սաներին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը․ 39-րդ րոպեին Սերխի Ռոբերտոյի սխալի արդյունքում գոլի հեղինակ դարձավ Իլկայ Գյունդողանը։

 

Երկրորդ խաղակեսը տպավորեց առավել դիտարժան պայքարով և «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստների՝ առաջնահերթ հոգեբանական առավելությամբ։ Դաշտի տերերին հաջողվեց 2 գնդակ խփել և կամային հաղթանակի հասնել․ նախ 51-րդ րոպեին տուգանային հարվածից գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Կևին դե Բրույնեն, ապա Գյունդողանը դուբլ ձևակերպեց։

 

C խմբի մյուս խաղում Մյունխենգլադբախի «Բորուսսիան» և «Սելթիկը» հաղթողին չորոշեցին՝ խփելով մեկական գնդակ։ «Բորուսսիայի» կազմում աչքի ընկավ Լարս Շտինդլը, իսկ «Սելթիկի» պատասխան գոլը խփեց Մուսա Դեմբելեն։

 

Չնայած պարտությանը՝ «Բարսելոնան» շարունակում է 9 միավորով գլխավորել C խմբի մրցաշարային աղյուսակը, «Մանչեսթեր Սիթին» 7 միավորով երկրորդն է, «Բորուսիան» ունի 4 միավոր, իսկ «Սելթիկը»՝ 2։

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, չորրորդ տուր
C խումբ

«Մանչեսթեր Սիթի» — «Բարսելոնա»՝ 3։1
Գոլերը՝ Գյունդողան 39՛, 74՛, դե Բրույնե 51՛ — Մեսսի 21՛

 
«Բորուսիա Մյունխենգլադբախ» — «Սելթիկ»՝ 1։1
Գոլերը՝ Շտինդլ 32՛ — Դեմբելե 76՛

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ. ԱՄՆ-ում ընտրությունների ճակատագիրը կանա՞յք են որոշելու’
Հաջորդ հոդվածը‘ՖԻԴԵ-ն հրապարակել է նոր վարկանիշային աղյուսակները’