Սիյարտո․ Հունգարիան իր նկատառումներն է հայտնել Ղարաբաղի շուրջ ԵՄ հայտարարության կապակցությամբ

325

Հունգարիան և մի քանի ուրիշ երկրներ իրենց նկատառումներն ու դիտողություններն են ներկայացրել Ղարաբաղի վերաբերյալ ԵՄ-ի համատեղ հայտարարության կապակցությամբ, սակայն կողմերն այդ հարցում համաձայնության չեն եկել։

Այդ մասին facebook-յան իր էջում տեղեկացրել է Հունգարիայի ԱԳՆ ղեկավար Պետեր Սիյարտոն։

«Երեկ մի քանի կեղծ լուրեր են տարածվել Ղարաբաղի իրավիճակի շուրջ Եվրամիության հայտարարության վերաբերյալ։ Ճշմարտությունն այն է, որ Հունգարիան և մի քանի ուրիշ պետություններ նկատառումներ, դիտողություններ և առաջարկներ են արել հայտարարության շուրջ, սակայն համաձայնության չեն եկել, դրա համար էլ ԵՄ գերագույն ներկայացուցիչը հայտարարությունը հրապարակել է իր անունից։ Հունգարիայի դիրքորոշումն այստեղ հստակ է՝ պատերազմի փոխարեն խաղաղություն է հարկավոր։ Երկար տասնամյակներից հետո ժամանակն է վերջ դնել ղարաբաղցի ժողովրդի տառապանքներին։ Միակողմանի հայտարարություններն այստեղ չեն օգնի, սակայն ՄԱԿ-ը հրաշալի հնարավորություն է տալիս ամեն ինչ անձամբ քննարկել»,- գրել է Հունգարիայի ԱԳՆ ղեկավարը։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելն ավելի վաղ հայտարարել է, որ «Եվրամիությունը դատապարտում է Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ և ցավում է զոհերի համար», ինչպես նաև ակնկալում է ռազմական գործողությունների անհապաղ և լիակատար դադարեցում և կրակի դադարեցման ռեժիմի պահպանում։ Նա նշել է, որ Եվրամիությունը վճռականորեն կարձագանքի Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի հարկադրական տեղահանությանը։

Նախորդ հոդվածըԱՄՆ-ը Թուրքիային կոչ է արել աջակցել Ղարաբաղում մարտերը դադարեցնելուն ուղղված ջանքերին
Հաջորդ հոդվածըԲլինքեն․ Ղարաբաղում Բաքվի ուժային գործողությունները հակասում են կարգավորման ջանքերին