‘
«Ազատությունը» փոխանցում է, որ պաշտոնական տվյալներով 16 հազարից ավելի, իսկ տեղացիների պնդմամբ՝ շատ ավելի քիչ բնակչություն ունեցող Սիսիանում առաջին իսկ հարցին ի պատասխան մարդիկ ներկայացնում են իրենց դժգոհությունները՝ «աշխատանք չկա, կյանքը մեռած է, ոչ մի բան չկա…»: Սիսիանի քաղաքապետարանից «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան հիշեցրին միայն 70 աշխատատեղի մասին. չորս ամիս առաջ բացվել է կարի փոքրիկ արտադրամաս՝ 70 աշխատատեղով: Բայց դեռ հազարավոր սիսիանցիներ տարիներ շարունակ փնտրտուքի մեջ են:
Որոտան գետի երկու ափերին հիմնադրված, քաղցրահամ ջրերով հայտնի Սիսիան քաղաքը գրավիչ է նաև բանահավաքների համար․ պատմական հարուստ անցյալի ուսումնասիրության անսպառ աղբյուր հանդիսացող Սիսիանից մարդիկ հեռանում են ստիպված։
«Սաղ փախնում են, Ռուսաստան են գնում, տնից տեղից կտրվում են, թողնում-գնում են»,- ասում է մեր զրուցակից սիսիցանցի կինը։
«Եղբորս ընտանինքը՝ վեց շունչ, Մոսկվայում են, վաղն էլ երեք հոգի գնում են էս տնից։ Էս ի՞նչ վիճակ է, առաջվա Սիսիանը չկա, առաջ փողոցներում լիքը մարդ էր»,- դժգոհում է մեկ այլ կին։
Դեռևս նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնավարման ժամանակվանից մեծ աղմուկի տեղիք տված արոտավայրերը իրանական կողմին տրամադրելու ծրագիրը սիսիանցիների զրույցներում ամենահաճախակի հիշատակվող թեմաներից է. -«Դա մտահոգության տեղիք է տալիս, էն ժամանակ որ թուրքերը էստեղից գնացին, էդ նույն թուրքերը պիտի գնան ստեղ լցվեն ու նորից հայի-թուրքի կռիվ պիտի լինի»։
Սիսիանի տարածաշրջանի բնակիչները նշում են, որ անհանգստացած են հատկապես Բռնակոթի տարածքը իրանցի գառնարածներին հատկացնելու դեռևս պաշտոնապես չհերքված հեռանկարից:
‘