‘«Սիվիլիթասը» հերքում է. Հանթսմանների նամակը հրապարակվել է դեռ հոկտեմբերին’

710

Այսօր 1in.am-ը տեղեկատվություն էր տարածել, ըստ որի՝ ամերիկացի գործարար Ջոն Հանթսմանի գրասենյակից իրենց հայտնել են, թե նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու կապակցությամբ Հանթսմանի մեկնաբանությունը շաբաթներ առաջ փոխանցվել է «Սիվիլիթաս» հիմնադրամի գրասենյակ: Լրատվամիջոցը ենթադրում է, որ «Սիվիլիթասի»  ղեկավարությանը դուր չգալու պատճառով  այն մինչև այժմ չի հրապարակվել:

Հրապարակմանն ի պատասխան՝ «Սիվիլիթասը» քիչ առաջ տարածել է հայտարարություն, որում, միասնավորապես, ասվում է.

«Որոշ լրատվամիջոցներում լուր է տարածվել, թե «Սիվիլիթաս» հիմնադրամը կանոնադրական նպատակների իրականացման համար բարեգործ Ջոն Հանթսմանի հատկացրած գումարների վերաբերյալ Հանթսմաններից ստացած մեկնաբանությունն իբր թաքցնում է:

Հանթսմանների կողմից ստացված, նրանց ցանկությունը վերահաստատող նամակը հրապարակվել է դեռ հոկտեմբերի 1-ին, բաժանվել է Ազգային ժողովում՝ ինչպես պատգամավորներին, այնպես էլ լրատվամիջոցների ներկայացուցիչներին, տրամադրվել է գլխավոր դատախազությանն ու Ազգային անվտանգության ծառայությանը: Այդ նամակի հայերեն թարգմանությունը ներկայացնում ենք ստորև.

«Սույն նամակով Հանթսման Ինթերնեշընլ ԼԼՍ և Պոլիմեր Մաթերիալս Ինկ-ի անունից վերահաստատում ենք մեր նախորդ խնդրանքը, որ Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս ԼԼՍ-ի բաժնետոմսերի վաճառքից ստացված հասույթը (որի ընդհանուր զուտ գումարը, մենք հասկանում ենք՝ կազմել է $1,427,000) փոխանցվի «Սիվիլիթաս» հիմնադրամին նրա բարեգործական նպատակների օգտագործման համար՝ հիմնադրամի հիմնադիր և խորհրդի նախագահ պրն Վարդան Օսկանյանի միջոցով՝ նրա սեփական հայեցողությամբ, առանց վերջնաժամկետների, ով, մենք հասկանում ենք, հիմնադրամի անունից այդ միջոցները ի պահ է թողել իր մոտ և շարունակում է պահել այս միջանկյալ ժամանակաhատվածում»»:

Նամակի բնօրինակը, ինչպես նաև «Սիվիլիթասի» գործին առնչվող մյուս փաստաթղթերը կարելի է գտնել «Սիվիլիթաս» հիմնադրամի կայքում:

Նախորդ հոդվածը‘Բոննի համալսարանը պրոֆեսորի պաշտոն է առաջարկել 24-ամյա մաթեմատիկոսին ‘
Հաջորդ հոդվածը‘Ռոտերդամի թանգարանի կողոպուտը համազոր է սպանության ‘