‘Սիվիլիթաս. ԱԱԾ-ին շեղել են իր բուն առաքելությունից ‘

659

«Սիվիլիթաս» հիմնադրամը հայտարարություն է տարածել հիմնադրամում ԱԱԾ-ի ստուգումների վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Արդեն շուրջ երկու շաբաթ է, ինչ Սիվիլիթաս հիմնադրամի և ՍիվիլՆեթ լրատվամիջոցի ուշադրությունն ու ջանքերը շեղվել են հիմնական առաքելությունից: Փոխանակ կենտրոնանալու քաղաքացիական հասարակությունն ուժեղացնելու և մարդկանց այլընտրանքային, օբյեկտիվ լրատվություն մատուցելու մեր գործի վրա՝ մենք պատասխանում ենք «փողերի լվացման և հարկերից խուսափելու» մասով հարուցված հիմնազուրկ քրեական գործից բխող հարցերին:

Ազգային անվտանգության ծառայությանը շեղել են ազգային իսկական անվտանգությունն ապահովելու նրա կարևոր առաքելությունից և ստիպել զբաղվել ինչ-որ փաստերի փնտրտուքով, որոնք հարկավոր են կայացրած եզրակացությունը հիմնավորելու համար: Ակնհայտ է, որ այս ամենը միտված է խոչընդոտելու Սիվիլիթասի և ՍիվիլՆեթի գործունեությունը:

Սիվիլիթասի նախաձեռնած ծրագրերը այս չորս տարիների ընթացքում իրականացվել և իրականացվում են Հիմնադրամի կանոնադրության և Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջների խստագույն կատարմամբ: Մեր ամբողջ գործունեությունը կանոնավոր աուդիտ է անցնում:

Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի որևէ անդամի և/կամ որևէ աշխատակցի քրեական հանցագործության մեջ կասկածելը ահազանգ է Հայաստանի՝ պրոֆեսիոնալ, իր գործին նվիրված նոր սերնդին, որը գիտակցում է, որ իր պատասխանատվությունն ու իրավունքն է մասնակցելու այս երկրի կառավարմանը:

Առհասարակ, անընդունելի և պարսավելի է, երբ այս ամենի մեջ շոշափվում է այնպիսի մեծ բարերարի անուն, ինչպիսին Ջոն Հանթսմանն է, մարդ, որն անկախությունից ի վեր Հայաստանում անգնահատելի բարեգործություն և ներդրումներ է արել: Մի՞թե Հայաստանի իշխանությունները պատրաստ են օտարել բոլոր այն մարդկանց և հաստատություններին, որոնք մեր երկրի ժողովրդավարացման ու զարգացման գործում այդքան մեծ ներդրում են ունեցել:

Հասարակական այն լայն աջակցությունը, որ Սիվիլիթասը ստանում է այս օրերին, ցույց է տալիս, որ Հայաստանի քաղաքացու իրավունքները պաշտպանելու մեր գործը շարունակելու ենք միասին»:

Ավելացնենք նաև, որ, ըստ Սիվիլիտասի մամլո ծառայությանը, այսօր, հոկտեմբերի 15-ին, Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի ներկա և նախկին անդամներ Վահան Խաչատրյանը, Կարինե Հարությունյանը, Տիգրան Կարապետյանը և Վահե Աղաբեկյանցը  հարցաքննության են հրավիրվել Ազգային անվտանգության ծառայություն՝ կապված մայիսի 25-ին ԱԱԾ-ի կողմից «փողերի լվացման» հատկանիշներով հարուցված քրեական գործի հետ, որն առնչվում է Սիվիլիթաս հիմնադրամին և նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին:

Նախորդ հոդվածը‘Արգենտինացիները շարունակում են իրենց վերելքը’
Հաջորդ հոդվածը‘Գոռ Մայիլյանը` աշխարհի չեմպիոն’