‘
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ժնևում կայացած եռօրյա բանակցություններում ԱՄՆ-ն և Ռուսաստանը Սիրիայի քիմիական զենքի առնչությամբ համատեղ ծրագիր են մշակել:
ԱՄՆ և Ռուսաստանի արտգործնախարարների կողմից ձեռքբերված պայմանավորվածությունների համաձայն Սիրիան պետք է մեկ շաբաթվա ընթացքում տրամադրի իր քիմիական զինապահեստների ամբողջական ցուցակը, ՄԱԿ-ը պետք է իրականացնի քիմիական զենքի հաշվառման գործառույթներ, այդ զինապահեստները պետք է անցնեն միջազգային վերահսկողության տակ և արագորեն ոչնչացվեն քիմիական զենքի արգելման կոնվենցիայով նախատեսված եղանակով, Սիրիան միջազգային փորձագետներին պետք է տրամադրի բոլոր օբյեկտներ մուտք գործելու անսահմանափակ իրավունք, քիմիական զենքի արտադրման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները պետք է ոչնչացվեն, քիմիական ամբողջ զինանոցը նույնպես պետք է ոչնչացվի կամ անհրաժեշտության դեպքում՝ ոչնչացվի երկրից հանվելուց հետո:
Այս համաձայնությունը միանշանակ չի ընդունվել Սիրիայում: Կառավարությունը գոհունակություն է արտահայտել ձեռք բերված համաձայնությունների առնչությամբ, իսկ ընդդիմությունը հայտարարել է, որ չի ընդունում այդ համաձայնությունը: Սիրիայի ազգային համաձայնության հարցերով նախարար Ալի Հեյդարը հայտարարել է, որ Դամասկոսը գոհ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտգործնախարների ձեռք բերած համաձայնությունից:
«Մենք ողջունում ենք այդ համաձայնությունը: Այն կարող է օգնել սիրիացիներին դուրս գալ ճգնաժամից, ինչպես նաև կանխարգելել Սիրիայի դեմ պատերազմը»-հայտարարել է սիրիական կառավարության անդամը:
Ալի Հեյդարը այդ ռուս-ամերիկյան համաձայնության առթիվ նաև հայտարարել է. «Դա հաղթանակ է Սիրիայի համար, որը ձեռք բերվեց շնորհիվ մեր ռուս բարեկամների»-հաղորդում է РИА Новости լրատվական գործակալությունը:
Սիրիական ապստամբների խոշորագույն խմբավորումներից մեկի՝ սիրիական Ազատ բանակի հրամանար Սալիմ Իդրիսը, սակայն, հայտարարել է. «Այդ համաձայնությունը մեզ հետ որևէ առնչություն չունի»: Սալիմ Իդրիսը նաև հայտարարել է, որ ապստամբական խմբավորումները շարունակելու են ռազմական գործողությունները, իսկ ռուս-ամերիկյան համատեղ ծրագիրը որակել է որպես սիրիական վարչակազմի համար ժամանակ շահելու փորձ Ռուսաստանի կողմից:
Ինչ վերաբերում է միջազգային արձագանքներին, ապա ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ողջունել է Ժնևում ձեռք բերված համաձայնությունները՝ միևնույն ժամանակ նշելով, որ հենց ԱՄՆ-ի կողմից ուժի կիրառման իրական սպառնալիքն է հնարավոր դարձրել այդ համաձայնությունը: Օբաման նաև զգուշացրել է, որ եթե դիվանագիտական ջանքերը արդյունավետ չգտնվեն, ԱՄՆ-ն կանցնի գործի կանցնի:
Մեծ Բրիտանիայի արտգործ նախարար Ուիլյամ Հեյգն էլ հայտարարել է. «Ասադի վարչակազմը պետք է ամբողջովին կատարի իր առջև դրված պահանջները: Միջազգային հանրությունը, ներառյալ Ռուսաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի Ասադը չկարողանա խուսափել պատասխանատվությունից»
Ֆրանսիային արտգործնախարարը ևս, անդրադառնալով Ժնևյան համաձայնություններին՝ դրանք կարևոր քայլ է համարել:
‘