‘
Սիրիայի կառավարական բանակի յոթ գեներալներ այսօր անցել են Թուրքիա, հանձնել զենքերը եւ քաղաքական ապաստան են խնդրել, տեղեկացնում է Anadolu գործակալությունը:
Գեներալների հետ միասին թուրքական կողմ են անցել նաեւ անհայտ քանակության այլ զինվորականներ: Թուրքիայի իշխանությունները նրանց բոլորին գրանցել են որպես փախստականներ եւ ուղարկել են սահմանամերձ Հաթայ գավառում գտնվող «Ապայդին» ճամբար:
Սիրիական ճգնաժամի սկզբից ի վեր կառավարական զորքերը լքած գեներալների ընդհանուր թիվն այսպիսով հասավ 42-ի: Բացի դրանից, Բաշար Ասադի մի քանի գեներալներ սպանվել են ապստամբների հետ մարտերում:
Վերջին շրջանում Սիրիայի կառավարական զորքերն ավելի ու ավելի մեծ բարդություններ են ունենում երկրի հյուսիսային Հալեպ եւ Իդլիբ գավառներում, որտեղ ընդդիմությունը մի շարք կարեւոր կետեր է գրավել:
‘