‘Սիրիայի հյուսիսում իսլամիստները դաժան հաշվեհարդար են տեսնում քուրդ գերիների հետ’

1194

Ծայարհեղական «Իսլամական պետության» գրոհայինները Սիրիայի հյուսիսում գրաված քրդական գյուղերում մահապատժի են ենթարկում գերիներին: Ինչպես կիրակի օրը հայտարարել է քրդական ինքնապաշտպանության ուժերի հրամանատար Իսմատ աշ-Շեյխը, մոջահեդները «հաշվեհարդար են տեսել տասնյակ կանաց, երեխաների և ծերերի նկատմամբ»: «Մենք չգիտենք, թե նրանց ձեռքում քանի մարդ կա: Առայժմ մենք դրա վերաբերյալ ստույգ տվյալներ չունենք»,- ասել է նա:

Արաբական լրատվամիջոցների տվյալներով՝ անհայտ կորած է համարվում առնվազն 800 մարդ: Ահաբեկիչները գերիներին օգտագործում են որպես «կենդանի վահան», ինչը դժվարացնում է նրանց դիրքերին օդային հարվածներ հասցնելը: Այնուհանդերձ, ինչպես գրում է համաարաբական «Ալ-Հայաթ» թերթը, քրդական աշխարհազորայինների կրած պարտությունները «արագացնում են իրադարձություններին ամերիկյան ավիացիայի միջամտությունը»:

 ԻՊ-ի բանդաները, որոնցում շատ վարձկաններ են ընդգրկված, սրընթաց գրոհում են Դամասկոսից 530 կմ հեռավորությամբ գտնվող կեսմիլիոնանոց Քոբանի քաղաքի վրա, որը Արևմտյան Քուրդիստանի ինքնավար շրջանի խոշոր կենտրոններից մեկն է:

Իսլամիստների կայքերի տվյալներով՝ նրանք քաղաքից հեռու են ընդամենը15 կմ: Քոբանիից հյուսիս՝ 12 կմ հեռավորությամբ՝ Թուրքիայի սահմանն է, դեպի ուր ձգվում են  փախստականների հոսքերը: Նրանց թիվը ժամ առ ժամ մեծանում է: «Քոբանիի շրջակա գյուղերը, որտեղից բնակչությունը տարհանվել է, այժմ վերածվել են ռազմի դաշտի»,- հաղորդել է դաշտային հրամանատար Օջալան Հիսսոն: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Ամբողջ աշխարն ընդվզում է ընդդեմ գլոբալ տաքացման և կլիմայի փոփոխության (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Խոդորկովսկին չի բացառել, որ կարող է պայքարի մեջ մտնել՝ ՌԴ նախագահի պաշտոնի համար ‘