‘Սիրիայում ենթադրյալ քիմիական գրոհի հետաքննությունը կսկսվի առաջիկա օրերին’

857

ՄԱԿ-ի՝ Սիրիայում ենթադրաբար քիմիական զենք կիրառելու փաստերի ուսումնասիրությամբ զբաղվող առաքելությունն աշխատանքները կսկսի առաջիկա օրերին: Այդ մասին հայտարարել է առաքելության ղեկավարը՝ շվեդ գիտնական Օկե Սելստրեմը: «Կարծում եմ՝ մենք մի երեք-չորս օր ունենք՝ նախապատրաստվելու համար, այդքան էլ կտրամադրենք տեսչական աշխատանքին, այնուհետև՝ երկու-երեք շաբաթվա ընթացքում կզբաղվենք քիմիական տվյալների քննությամբ և զեկույցի պատրաստմամբ»,- փորձագետի խոսքերն է մեջբերում ՄԱԿ-ի ռադիոն:

ՄԱԿ-ում նշում են, որ առաջիկա առաքելության ընթացքում առաջին հերթին ուշադրություն կդարձվի Հալեպի մերձակայքում ենթադրյալ քիմիական գրոհին, որը, Դամասկոսի հայտարարությունների համաձայն՝ ձեռնարկել են ընդդիմության գրոհայինները: Ի հեճուկս մի շարք երկրների, այդ թվում՝ նաև Ռուսաստանի պնդումներին՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կարգադրել է, որպեսզի Սելստրեմի գլխավորած հանձնաժողովն ուսումնասիրի նաև Սիրիայում թունավոր նյութերի կիրառման վերաբերյալ մյուս հաղորդումները: Սա պնդել են Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկեն չորեքշաբթի հայտարարել է, որ առաքելության նպատակը քիմիական գրոհի համար «որևէ մեկի պատասխանատվությունը կամ մեղքը հաստատելը չէ»: «Սա քրեական հետաքննություն չէ: Առաքելությունը պետք է պարզի՝ արդյո՞ք կիրառվել է քիմիական զենք, այլ ոչ թե՝ ով է այն կիրառել»,-ասել է նա, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Յանուկովիչի ավագ որդին մեկ տարվա ընթացքում կրկնապատկել է ունեցվածքը’
Հաջորդ հոդվածը‘Հրեական դպրոցում սպանություններին աջակցելու մեղադրանքով ֆրանսիացի զինվորական է ձերբակալվել’